Ինչու են դուրս եկել Կոնգրեսից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 6, 2012 17:39

Հայ կամավորների համախմբում ազգային քաղաքական նախաձեռնությունն օրերս դադարեցրել է անդամակցությունը Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդին: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց նախաձեռնության անդամ Սամվել Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀԱԿ-ին անդամակցող 18 ուժերից 4-ը հրաժարվում են ընդգրկվել ՀԱԿ համամասնական ցուցակում: Այդ ուժերն են Հայ կամավորների համախմբում ազգային քաղաքական նախաձեռնությունը, Ազգային վերածնունդ, Հայրենիք ու պատիվ և Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցությունները:

Այսօր Սամվել Հարությունյանն ասաց, որ մյուս գործընկերների փոխարեն չի կարող խոսել և ներկայացրեց իրենց դժգոհությունները:

«Կոնկրետ մենք, և ինձ հայտնի է նաև, որ մյուսները, հրաժարվել են ընդգրկվել ընտրական դաշինքում գլխավորապես կոնգրեսի ռազմավարության և մարտավարության հետ կապված լուրջ տարաձայնությունների պատճառով, ինչպես նաև կոնգրեսի համամասնական ցուցակի կազմման սկզբունքի հետ կապված տարաձայնությունների պատճառով»,- ասաց նա:

Ըստ բանախոսի` 3.5 տարիների ընթացքում իրենք կոնգրեսի քաղխորհրդի նիստերում բազմաթիվ նախագծեր են ներկայացրել, սակայն դրանցից քչերն են ուշադրության արժանացել:

«2008 թվականի օգոստոսի 1-ին ընդունված ՀԱԿ հռչակագիրը հնարավոր կլիներ իրականացնել, եթե կոնգրեսը կտրուկ արմատական ու վճռական դիրքերից հանդես գար: Կոնգրեսի գերխնդիրը նոր ձևաչափ տալն էր համաժողովրդական պայքարին»,- ընդգծեց նա:

Սամվել Հարությունյանը հիշեցրեց ՀԱԿ հռչակագրով ամրագրված գլխավոր պահանջները` քաղբանտարկյաների ազատ արձակում, միջազգային փորձագետների մասնակցությամբ Մարտի 1-ի ոճրագործության բացահայտում, հավաքների ազատ անցկացման ապահովում ու արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում: Այս կետերից, ըստ նրա, միայն մեկն է կատարվել` քաղբանտարկյալները ազատ են արձակվել: Կիսով չափ կատարվել է նաև հավանքների ազատ անցկացման պահանջը: Սակայն կոնգրեսի գերխնդիրը, բանախոսի խոսքով, չի կատարվել:

Սամվել Հարությունյանն ընթերցեց իր կոչը, որն այսպես է վերնագրել` «Բռունցքվելն է փրկությունը Հայաստանի»: Նա նշեց, որ այն ՀԱԿ-ին անդամակցող ուժերի մեծամասնության կողմից քաղխորհդրի նիստում հաստատվել էր, սակայն մի քանի ուժեր և նաև կոնգրեսի առաջնորդը դեմ են եղել փաստաթղթին և թույլ չեն տվել, որպեսզի այն ընթերցվի մարտի 1-ին հանրահավաքում: Իսկ այդ փաստաթղթով Սամվել Հարությունյանը անակնկալ էր պատրաստել հավաքված բազմության համար` կոչ անելով մարտի 9-ին` ժամը 16:00-ից «Ազատության հրապարակը նորից դարձնենք բարոյական օազիս և ոգեղեն խոյանքի էպիկենտրոն, հանդուգն վճռականությամբ կոփենք բաղձալի հաղթանակ և օր առաջ հասնենք մարտի 1-ի արյունով արբեցած Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը, Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության կազմավորմանը, արտահերթ նախագահական և ԱԺ օրինակելի ընտրությունների անցկացմանը»:

Սամվել Հարությունյանը վիրավորված է նաև համամասնական ցուցակի կազմման սկզբունքից: «Այդ սկզբունքը պետք է ընդուներ քաղխորհուրդը, ոչ թե ղեկավար մարմինը: Հիմա որն է լավ` կոլեգիալ ուժերով ընդունել, թե մի անձի արտոնել, պատվիրակել, որքան էլ նա հարգանքի արժանի է: Երբ որ ինձ դեմ տվեցին, որպեսզի ստորագրեմ, թե մենք` կոնգրեսին անդամակցող քաղաքական ուժերս, պատվիրակում ենք Լևոն Տեր-Պետրոսյանին` կազմելու կոնգրեսի համամասնական ցուցակը, ես անձամբ վիրավորված ինձ զգացի: Մենք միասին պիտի որոշենք, այնպես ինչպես 3.5 տարի համատեղ ենք կարողացել որոշումներ ընդունել: Որոշումների մի մասը մեր սրտով չեն եղել, բայց մենք կոնգրեսի պահպանման անհրաժետությունցի ելնելով` երբեմն գնացել ենք նաև զիջումների»,- ընդգծեց նա:

Բանախոսը նշց, որ իմ խորին համոզմամբ առաջիկա օրերին պետք է կտրուկ քայլերի դիմել, որպեսզի մայիսի 6-ին գնանք ոչ թե հերթական, այլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

lragir.am

Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply