Հրազդանը Մաշտոցի այգում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 6, 2012 14:47

Դեռևս ամիսներ առաջ Հրազդանում ձևավորված «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն խումբը, պայքարելով տարածաշրջանի բնապահպանական խնդիրների և մասնավորապես Հրազդանի երկաթահանքի հնարավոր շահագործման դեմ, այսօր կանգնում է բնապահպան-ակտիվիստների կողքին, ովքեր արդեն տևական ժամանակ է բնապահպանական ակցիաներ են կազմակերպում Մաշտոցի պողոտային հարող այգում:

Օրեր առաջ խումբը սոցիալական ցանցերով հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես ասվում էր. «Այսօր Հայաստանում բնապահպանական առումով խիստ մտահոգիչ գործընթացներ են ծավալվում, որոնք ոչ միայն վտանգում են ազգաբնակչության, մեր երեխաների, սերունդների առողջությունն ու ապագան, այլև դրանք իրականացնողների ամենակարող, ցավոք, խորապես ապազգային կեցվածքով աղճատում են մեզանում ազգային հոգեկերտվածքն ու ավերում տարածքը, որտեղ բնակվում ենք:

Պայքարի թեժ կենտրոնն այսօր Երևանի Մաշտոցի պողոտային հարակից այգին է և Դուք` դրա դեմ պայքարողներդ` Ձեր նվիրվածությամբ ու անմնացորդ նվիրումով: Մենք` հրազդանցիներս, ուշիուշով հետևում ենք իրադարձությունների ընթացքին, զորավիգ ենք Ձեր պայքարին և պատրաստ ամեն պահի համալրելու Ձեր շարքերը»:

Օրեր անց` մարտի 3-ին, «Ինքնորոշված քաղաքացու ծնունդը Մաշտոցի պուրակում» խորագիրը կրող բնապահպանական ֆորումին մասնակցեց նաև «Առողջ Հրազդան» բնապահպանական խումբը: Կարևորելով նման բնապահպանական շարժումները` խմբի անդամ Մովսես Մանուկյանը կարծիք հայտնեց. «Հայաստանն այնքան փոքր է, որ ցանկացած ոտնձգություն չի կարելի դիտարկել որպես տեղային: Ամեն մի ոտնձգություն անտառի, բնության հանդեպ, հանքարդյունաբերության ոլորտում, ամբողջը մի կոնտեքստի մեջ են: Եվ կարծում եմ` բնապահպանական շարժումները մեզ մոտ նոր-նոր են թափ հավաքում, մեկս մյուսի կարիքն ունենք, և չեմ կարծում, որ սա միայն երևանցիների խնդիրն է, չեմ կարծում նաև, որ Հրազդանի բնապահպանական խնդիրները միայն հրազդանցիների խնդիրն է: Այդ առումով ճիշտ է, որ բոլորս միասին կարողանանք ձայն բարձրացնել և պայքար ծավալել»:

Անահիտ Մնացականյան, Հրազդան

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply