Բրիտանիայի դեսպանատան մոտ կանցկացվի ակցիա` «Անահիտ»-ի մասունքները Հայաստան բերելու նպատակով
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 6, 2012 12:35
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան մոտ կանցկացնի Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, Մեծ Բրիտանիայի դեսպաններին կփոխանցվեն Անահիտ դիցուհու արձանի մասունքները հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստը և հիմնադրամի նախաձեռնությանը միացած երիտասարդների ստորագրությունները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փետրվարի 20-27-ը կազմակերպել էր ստորագրահավաք։ Մայրաքաղաքից և հանրապետության տասը մարզերից շուրջ 20 հազար երիտասարդներ միացել են Մեծ Բրիտանիայի դեսպաններին հղված ուղերձին, որում մասնավորապես ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդես ենք գալիս հայկական մշակութային և պատմական արժեքները հայրենիք վերադարձնելու նախաձեռնությամբ։ Աշխարհի թանգարաններում այսօր պահպանվում և ցուցադրվում են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հայկական մշակույթի նմուշներ են։ Մշակութային այդ արժեքների թվում են Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և ձեռքերը։ Մենք կոչ ենք անում Հայաստանին վերադարձնել մշակութային այդ մասունքները, քանի որ արվեստի և պատմական արժեքները պետք է պահպանվեն ու ցուցադրվեն այն երկրում, որտեղ ստեղծվել են և որի պատմության կրողներն են»։
Ուղերձի տեքստը և ստորագրությունների պատճենները կուղարկվեն նաև Բրիտանական թանգարան։
Երիտասարդական այս նախաձեռնությանը կմիանա նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։






Facebook
Tweet This
Email This Post
