Աֆղանցի մահապարտը պայթեցրել է ԱՄՆ ՌՕՈՒ-ի հենակայանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2012 8:51

Աֆղանստանում գտնվող ԱՄՆ ՌՕՈՒ-ի հենակայանում մահապարտն ինքնապայթեցում է իրականացրել: Այս հենակայանում էր, որ անցած ամիս  զինծառայողները Ղուրանի 4 օրինակ այրեցին:

Մահապարտը պլանավորել էր պայթեցնել կոալիցիոն ուժերին պատկանող ավտոմեքենան: Սակայն  ահաբեկչության հետևանքով  զոհվել են երկու պատահական անցորդներ, ևս 4 տեղաբնակներ տարբեր վնասվածքներով հայտնվել են հիվանդանոցում: Ընդ որում, ահաբեկչական «Թալիբան»  խմբավորման վարկածն էականորեն տարբերվում է իշխանությունների վարկածից:   Զիբուլլա Մուջահեդն ասում է, որ պայթյունը Ղուրանի համար վրեժ էր: Նա հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել են ամերիկացի զինծառայողներ ու վնասվել է նաև տեխնիկան:

Փետրվարի 20-ին ամերիկյան զինծառայողները ձերբակալել էին մի քանի մարդու` ահաբեկչության կասկածանքով: Նրանց մոտ հայտնաբերել էին  արաբերենով մի քանի գիրք, որոնք զինվորները ծայրահեղական էին համարել  ու այրել:  Մոխրացած գրքերն աղբն էին նետվել, որտեղ էլ դրանք գտել էին տեղաբնակները: Այդ ժամանակ պարզվեց, որ զինվորները ղուրանն են այրել:

Նախագահ Օբաման ներողություն խնդրեց կատարվածի համար ու կոչ արեց Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային հանգստություն պահպանել: Այդուհանդերձ, մի շարք քաղաքներում անկարգություններ սկսվեցին, որոնք մինչ օրս շարունակվում են: Դրանց պատճառով զոհերի թիվն արդեն 35 է: Մի քանի երկրներ Աֆղանստանից հետ կանչեցին իրենց քաղաքացիական  մասնագետներին:

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply