Ադրբեջանի բոլոր շրջաններում հեղափոխական տրամադրություններ են տիրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2012 17:18

Ադրբեջանի` Դաղստանի հետ սահմանակից Գուբայի շրջանում և շրջկենտրոնում մարտի 1-ին տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ակցիայի կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևի մոտ ուժային կառույցների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն: Կշտամբանքներ են հնչել Ադրբեջանի ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարների հասցեին: Այս մասին հայտնում է tia.az կայքը:

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարներին նախատել է` Գուբայում տեղի ունեցած իրադարձությունները կանխել չկարողանալու համար: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են հետագա նմանատիպ գործողությունները կանխելու վերաբերյալ հարցեր: Ալիևը ուժային կառույցներին հրահանգել է պատրաստ լինել ամեն հնարավոր ակցիայի և միջոցներ ձեռնարկել ռիսկային շրջաններում նման իրադարձությունները նախապես կանխելու համար:

Կայքը նշում է, որ չնայած այդ զգուշավորությանը` Գուբայում իրավիճակը կրկին սկսվել է լարվել: Արդեն լուրեր են շրջանառվում Սալյանում, Զաքաթալայում, Շամխորում հեղափոխական գործընթացներ սկսվելու մասին:

Նշվում է, որ Ադրբեջանի ներքին զորքերը շրջապատման տակ են վերցրել Գուբա քաղաքն ու ամբողջ շրջանը: Չնայած իշխանությունն առաջին օրերին փոխհամաձայնության է գնացել բնակչության հետ, սակայն հետո գործի է դրել թաքուն կերպով ակտիվիստներին ձերբակալելու իր ավանդական մարտավարությունը: Գուբայում արդեն 16 ակտիվիստ կա ձերբակալված: Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածները Գուբայում չեն:

Ձերբակալվածների հարազատները հայտարարել են, որ նրանց ազատ չարձակելու դեպքում կրկին բողոքի մեծ ակցիաներ կանցկացնեն: Նշվում է, որ իշխանությունը 1000-ից ավելի հատուկ ջոկատայիններ է տեղակայել Գուբայի կենտրոնում: Ներքին գործերի զրահապատ մեքենաները հսկողության տակ են առել քաղաքի բոլոր փողոցները: Բաքվի և Խաչմազի բնակիչները համերաշխություն են հայտնել գուբացիներին և հայտարարել, որ իրենք նույնպես կմիանան նրանց նոր ակցիային:

Կայքը հայտնում է, որ Զաքաթալայում մի խումբ մարդիկ պահանջել են իշխանության տեղական մարմինների հրաժարականը և փողոց դուրս գալու կոչեր հնչեցրել: Նրանք նշել են, որ շրջանում սոցիալ-տնտեսական իրավիճակը աղետալի չափերի է հասել, զզվել են նաև իշխանությունների անսահման կամայականություններից:

Մարտի 10-ին բողոքի զանգվածային ցույցի դուրս գալու մասին հայտարարել է Սալյանի բնակչությունը: Անցյալ տարի Քուռ գետի հեղեղումներից տուժած բնակչությունը մինչ այժմ չի ստացել իշխանության խոստացած փոխհատուցումները: Իրավապահ մարմինները ակցիային խանգարելու համար զանգվածային ձերբակալություններ են սկսել Սալյանի շրջանում:

Կայքը նշում է, որ շաբաթվա սկզբին բողոքի ակցիաների են պատրաստվում նաև Շամխորում: Տեղի ոստիկանությունը երեկվանից ուժեղացված ռեժիմի է անցել: Այդտեղ լրացուցիչ ուժեր են բերվել նունիսկ Բաքվից: Այստեղ ևս ձերբակալություններ են ընթանում: Բնակչությունն այստեղ ևս դժգոհում իր ծանր սոցիալական վիճակից: Աշխատատեղեր չլինելու պատճառով աշխատունակ բնակչության մեծամասնությունը արտագաղթում է: Այստեղ ևս պահանջում են տեղական իշխանավորների հրաժարականը:

Նշենք, որ մարտի 1-ին Գուբայի շրջանում ժողովրդական ապստամբությունն ավարտվել է գործադիր ղեկավար Ռաուֆ Հաբիբովի հրաժարականով: Ապստամբության համար որպես պատճառ նշվել է այն հանգամանքը, թե բնակչությունը բողոքի է դուրս եկել Հաբիբովի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքների համար: Սակայն բողոքի ալիքի իրական պատճառը իշխանության անկարողությունն ու ռեպրեսիվ քաղաքականությունն է:

Panorama.am

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply