ՄԱԿ-ի գրասենյակում բաց է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 5, 2012 15:11

Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց գենդերային հավասարության խթանմանն ու Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես-վաճառք:

Հայտնի հայ  նկարիչ Մարտիրոս Բադալյանի արվեստի գործերը գրավել են տարբեր նախասիրությունների տեր մարդկանց  ուշադրությունը: Մարտիրոս Բադալյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է, նրա նկարները ցուցադրվել են Բաքվում, Թբիլիսիում, Մինսկում, Մոսկվայում, Պիտսբուրգում և Ռիգայում:

Կանանց միջազգային օրը հիշատակվում է աշխարհի տարբեր երկրներում: 1975թ. Կանանց միջազգային տարվա շրջանակներում ՄԱԿ-ը սկսեց հիշատակել Կանանց միջազգային օրը մարտի 8-ին` ճանաչելով կանանց ձեռքբերումները:

1977թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մի բանաձև, որն առաջարկում էր անդամ պետություններին ՄԱԿ-ի կանանց իրավունքների և միջազգային խաղաղության օրը հիշատակել իրենց պատմական և ազգային սովորույթներին համապատասխան ցանկացած օր: Ընդունելով այս բանաձևը` ՄԱԿ-ի անդամ պետությունները ճանաչեցին կանանց դերը խաղաղությանն ուղղված ջանքերի և զարգացման գործում, և խրախուսեցին խտրականությանը վերջ դնելն ու կանանց լիակատար ու հավասար մասնակցության խթանումը: Հայաստանում այն նշվում է մարտի 8-ին:

Մարիա Դոցենկոն` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն ասաց. «Մենք ողջունում ենք պետության ջանքերը և փորձում բարձրացնել հանրային իրազեկվածությունը գենդերային հավասարության ու կանանց հզորացման մասին ընդհանրապես և Հայաստանում, մասնավորապես: Միավորված ազգերի կազմակերպության համաշխարհային առաքելության առանցքային սկզբունքը բոլորի համար հավասար իրավունքների և արժանապատվության ձեռքբերումն է»:

Նկարիչ Մարտիրոս Բադալյանը հավելեց. «Ես գնահատում եմ հանրության հետ իմ աշխատանքները կիսելու և մեր հասարակության զարգացման գործում հայ կանանց կարևոր դերը ընդգծելու այս հնարավորությունը: Սա մի առիթ է, երբ կարող ենք բացահայտել կանանց ապագա սերունդների չբացահայտված ներուժն ու հնարավորությունները»:

Ցուցահանդես-վաճառքը բաց կլինի հանրության համար  մինչև 2012թ. մարտի 28–ը, երկուշաբթիից ուրբաթ 15:00 -17:00:

 

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply