ՀԱԿ-ում մանդա՞տ են ուզում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 5, 2012 14:19

Ինչպես հայտնի է, ՀԱԿ անդամ 4 կուսակցություններ` պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք ու Պատիվ» կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդը» եւ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած Հայ կամավորների համախմբում միավորումը, որը Կոնգրեսի քաղխորհրդում ներկայացնում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, հրաժարվել են ընդգրկվել Կոնգրեսի նախընտրական դաշինքում: Թեեւ նախնական պայմանավորվածություն է եղել, որ մինչեւ այս կուսակցությունները պաշտոնական հայտարարություն չպատրաստեն եւ տարածեն` մեկնաբանություններ չեն հնչելու, այնուհանդերձ, ուրբաթ օրն արդեն ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից «արտահոսք» է եղել: Բուն պատճառների մասին մեկնաբանություններ, այնուհանդերձ, կողմերը դեռ չեն անում: Հայ կամավորականների համախմբում նախաձեռնության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր- վաղն արդեն պատրաստ կլինի հայտարարության տեքստը, որից հետո միայն մեկնաբանություններ եւ պարզաբանումներ կտան: «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն էլ ասաց, որ մանրամասներին կանրադառնա միայն այն ժամանակ, երբ արդեն հրապարակված լինի ՀԱԿ-ի համամասնական ցուցակը: Երկուսն էլ, սակայն, նշեցին, որ Կոնգրեսի կազմից դուրս գալու որոշում չունեն:

Aravot.am-ի տեղեկություններով, նման որոշման պատճառն այն է, որ այս չորս միավորների ներկայացուցիչները եւ անդամները պնդել են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ՀԱԿ-ն օգտագործի արտահերթ նախագահական ընտրությունների հասնելու համար, համապատասխանաբար, ռազմավարական եւ մարտավարական փոփոխություններ մտցնելով գործունեության մեջ եւ անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ ի սկզբանե հայտարարի, որ ցած են դնելու մանդատները: Սակայն ՀԱԿ կենտրոնական գրասենյակի այն ներկայացուցիչները, ովքեր պետք է ընդգրկված լինեն ՀԱԿ-ի ցուցակում եւ մնացյալ կուսակցությունների ղեկավարները՝ դեմ են եղել այդ մոտեցմանը, գերադասելով մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին եւ որպես արդյունք` ձեռք բերվելիք մանդատներն օգտագործել խորհրդարանական աշխատանքում, թեւե անընդհատ պնդում են, որ մանդատի համար չէ, որ մասնակցում են ընտրություններին:

Մեր զրուցակիցներն առայժմ հրաժարվեցին մեկնաբանել այս տեղեկությունը: Կխոսեն միայն պաշտոնական հայտարարությունից հետո: ՀԱԿ-ի մամուլի համակարգող Արման Մուսինյանը նույնպես խոստացավ ավելի ուշ մեկնաբանություն անել:

Ավելի վաղ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն «Ա1+»-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ-ի համամասնական ցուցակից հրաժարվելու իրենց որոշումն ասել էր. «Մենք ստորագրել ենք Կոնգրեսի Հռչակագիրը, եւ այս ընթացքում պայքարել ենք արտահերթ նախագահի եւ խորհրդարանի ընտրությունների հասնելու համար։ Հերթական ընտրություններին գնալը հակասում է մեր սկզբունքներին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

aravot.am

Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply