Հանցավոր է ճանաչվել` ավազակություն կատարելու եւ ապօրինի կերպով զենք պահելու համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 5, 2012 14:08

Դատարանն ապացուցված է համարել ավազակություն կատարելու եւ ապօրինի կերպով զենք պահելու համար Ն. Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:
Դատարանում հիմնավորված ապացույցների համաձայն` Հրազդան քաղաքի բնակիչ Ն. Կիրակոսյանը 2008թ. հունիս ամսին նախնական համաձայնության է եկել իր ծանոթներ Վ. Հովհաննիսյանի, Ա. Հեպոյանի, Կ. Թոռչյանի եւ Հ. Թորոսյանի հետ` ոսկյա իրերի առեւտրով զբաղվող Է. Գրիգորյանից ավազակային հարձակման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու շուրջ:
Ավազակային հարձակման եղանակով հափշտակությունը կատարելու համար ձեռք են բերել դիմակներ, ինքնաձիգ եւ մուրճ: Մշակված ծրագրի համաձայն` առավոտյան 08:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 106-րդ եւ 107-րդ շենքերի մոտ դարանակալել են եւ սպասել Է. Գրիգորյանին: Տեսնելով Է. Գրիգորյանի ավտոմեքենան` անմիջապես փակել են մեքենայի ընթացքի ճանապարհը եւ ինքնաձիգի գործադրմամբ ավազակային հարձակում գործել Է. Գրիգորյանի եւ նրա որդի Կ. Գրիգորյանի նկատմամբ: Բացելով մեքենայի դռները` մեքենայի հետեւի նստատեղի վրայից վերցրել են կոշիկի տուփերում առկա առանձնապես խոշոր չափերի` 33 555 000 դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերն ու հեռացել:
Ն. Կիրակոսյանը, Ա. Հեպոյանը եւ Կ. Թոռչյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, սակայն վերջիններիս մեղադրանք չի առաջադրվել` նրանց գտնվելու վայրը պարզ չլինելու պատճառաբանությամբ: Հանցագործությունը կատարելուց հետո հիշյալ անձինք թաքնվել են, իսկ Թոռչյանը մեկնել է Հանրապետությունից: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հետագայում պարզվել է, որ ՌԴ-ում գտնվող Կ. Թոռչյանը մահացել է:
2009թ. հունիսի 17-ին քրեական գործից Վ. Հովհաննիսյանի եւ Հ. Թորոսյանի վերաբերյալ մասը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ եւ կայացվել է դատավճիռ:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Ն. Կիրակոսյանը ապօրինի կերպով ձեռք է բերել Բրոունինգ տեսակի ատրճանակ: Նշված հրազենն ու ռազմամթերքը 2011թ. մարտի 14-ին հայտնաբերվել է Ն. Կրակոսյանի ձռքի պայուսակում` նրա անձնական խուզարկության ժամանակ:
Կատարած հանցանքերի համար Ն. Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, լրացվել եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Կոտայքի մարզի ընդհաուր իրավասության դատարանի` 2012թ. փետրվարի 22-ի դատավճռով Ն. Կիրակոսյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման` 11 տարի ժամկետով:

Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply