Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են նաև Ջավախքի հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 11, 2009 14:10

111Բավական լուրջ քայլեր են ձեռնարկվում Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք մանրամասն քննարկման առարկա են դարձել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` հունիսի 8-ին Վրաստան կատարած այցի և այդ երկրի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպման ընթացքում:

Նալբանդյանը երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշել է, որ մոտ 102 մլն դոլար կտրամադրվի ճանապարհների կառուցմանը: Երկու տարվա ընթացքում ծրագրվում է վերանորոգել Ջավախքի բոլոր դպրոցները: Կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Նախարարները քննարկել են Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների կարգավիճակին առնչվող հարցեր: Կարգավիճակի հստակեցման նախագիծը ներկայացված է Վրաստանի խորհրդարանին: Արծարծվել է նաև Վերին Լարսի անցակետի բացման հարցը. վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել բանակցել ռուսական կողմի հետ` այն շուտափույթ գործարկելու համար: Քննարկվել է Վրաստանի նախագահի` Հայաստան հունիսի վերջին ծրագրված այցի նախապատրաստման ընթացքը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունների օրակարգում չկա որևէ հարց, որը հնարավոր չլինի լուծել բանակցությունների միջոցով: Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային նշանակության բազմաթիվ հարցեր:
Նալբանդյանը նշեց, որ իր այցելությունն աշխատանքային էր. նա ներկա է գտնվել Թբիլիսիի կենտրոնական հրապարակում Սայաթ-Նովայի հուշակոթողի բացմանը:

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply