Ըստ Գորդոնի` արձանագրության միջնորդ երկրից բացի կարևոր է նաև ԱՄՆ-ի դերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 30, 2009 18:40

eur_asstsec_gordon_140_1ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը` ամփոփելով ՄԱԿի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ ունեցած հանդիպումները, ասել է, որ ԱՄՆն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խնդրին:

«Միացյալ Նահանգների համար դա մի գործընթաց է, որը պետք է առաջ շարժվի առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում»,- ասել է նա:

Նա հրաժարվել է խոսել արձանագրությունների ստորագրման որևէ ժամկետի մասին` նշելով, որ դրա վերաբերյալ հայտարարություն ԱՄՆը չպետք է անի:

«Իսկ ասելով առանց նախապայմանների` մենք ի նկատի ունենք առանց նախապայմանների ցանկացած կողմի համար: Այս գործընթացի հետ կապելու շատ հարցեր կան, սակայն, մեր կարծիքով, հայթուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, ըստ էության, շատ արժեքավոր է, և այն չպետք է հետաձգվի կամ կապվի այլ հարցերի հետ: Այդ գործընթացը պետք է առաջ շարժվի»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:

Նա նկատել է, որ երկու երկրներում էլ քաղաքական ընդդիմություն է առաջացրել` դժվարություններ ստեղծելով երկու կառավարությունների համար էլ: Եթե դժվար չլիներ, նրանք հարաբերությունները շատ վաղուց կկարգավորեին:

Գորդոնի խոսքերով` Հայաստանն առանց սահմանի բացման մեկուսացված է: Նախորդ տարվա հարավօսական պատերազմից հետո առավել տեսանելի դարձավ, թե որքան կարող է խորանալ այդ մեկուսացումը, եթե տարածաշրջանում բացասական իրադարձություններ լինեն: Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունները պատմական զարգացումներ կարձանագրեն և կլինեն ի շահ երկու ժողովուրդների:

Դա կնպաստի երկկողմ առևտրի ծավալմանը: «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պատմական հնարավորություն է ստեղծվում»,-ասել է նա:

Ըստ Գորդոնի` միջնորդությունն իրականացնում է Շվեյցարիան, սակայն ԱՄՆը ևս «կարևոր խաղացող է» ու կարող է ազդեցություն ունենալ:

Անդրադառնալով ԼՂՀ հարցի կարգավորման խնդրին` նա ասել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը: «Եթե հաջողություն արձանագրվի բոլոր հարթությունների վրա, մենք իրականում կարող ենք մի մեծ քայլ կատարել դեպի Կովկասում խաղաղություն և կայունություն, տարածաշրջանի բարգավաճում ու Կովկասում էներգետիկ միջանցքների ստեղծում»,- ասել է նա:

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply