Բակո Սահակյանը համանախագահներին. Խոսք անգամ չի կարող լինել Արցախի անկախության եւ անվտանգության թուլացման մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | March 3, 2012 21:39

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ եւ Ժակ Ֆորին /Ֆրանսիա/:
Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը շնորհավորել է Ժակ Ֆորին` համանախագահ նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Այնուհետեւ կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին` Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Առանց բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ բանակցային գործընթացի բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման: Միաժամանակ Նախագահը հատուկ նշել է, որ խոսք անգամ չի կարող լինել Արցախի անկախության եւ անվտանգության չնչին իսկ թուլացման մասին:
Կողմերը անդրադարձել են նաեւ շփման գծում տիրող իրավիճակին:
Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply