Մաշտոցի այգում ընթանում է «քաղաքացիական ֆորումը». «Մենք ուզում ենք ունենալ լայնարձակ այգիներով և հանրային տարածքներով Երևան»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 3, 2012 17:02

Մաշտոցի այգում տաղավարների կառուցման դեմ բողոքող բնապահպանները կրկին հավաքվել են պուրակում: Ակցիայի շրջանակում ակտիվիստները կազմակերպեցին «քաղաքացիական ֆորում»` նման կերպ նշելով քաղաքացիական հասարակության միջազգային օրը, որը, ի դեպ, ՄԱԿ-ի կողմից սահմանված է մարտի 1-ին: Այգում հավաքված են ոչ միայն վերջին 20 օրերին այստեղ պարբերաբար այցելող ակտիվիստներ, այլ նաև ` արտասահմանցիներ:

Իրենց ելույթներում երիտասարդ ակտիվիստները նշում էին, որ Հայաստանում «վերջիվերջո կայացել է քաղաքացիական հասարակությունը և երկրի իշխանություններն այլևս չեն կարող այն անտեսել»:
Խոսելով պուրակի ապագայի մասին, ակտիվիստները նշել են, որ շարունակելու են պայքարը և պահանջելու են քաղաքապետարանից ապամոնտաժել տաղավարները:

Իր ելույթում ակտիվիստների ներկայացուցիչ Վահրամ Սողոմոնյանն ասաց, որ բնապահպանների ցույցերի և այլ միջոցառումների գլխավոր նպատակը աշխարհի լավագույն մայրաքաղաքներին արժանի քաղաք ունենալն է:

«Մենք ուզում ենք ունենալ լայնարձակ այգիներով և հանրային տարածքներով Երևան, որ վերականգնվեն մեր հանրային կանաչ տարածքները, որոնք անխնա կերպով ոչնչացվել են վերջին տարիներին: Դրանք մասնավորին հանձնելով` պետությունը փորձել է լուծել այդ կանաչ տարածքների խնդիրները: Բայց մենք ասում ենք. «Ո´չ, դա այդպես չէ»: Հանրային տարածքը պետք է լիարժեք կերպով պատկանի Երևանի հանրությանը, այն պետք է ֆինանսավորվի և պահպանվի Երևանի համայնքային բյուջեից: Կրպակները չպիտի տեղադրվեն համայնքային բյուջեի հաշվին և տրամադրվեն մասնավոր անձանց», – հայտարարեց նա:

Ըստ բնապահպանների` քաղաքացիական հասարակության ակտիվության շնորհիվ վերջին տարվա ընթացքում ի հայտ են եկել ոչ միայն նախկինում գործած որոշ չարաշահումներ, այլ կասեցվել են նաև մայրաքաղաքի որոշ ապօրինի շինարարություններ: ` Panorama.am

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply