«Հայաստան» հիմնադրամը 20 տարեկան է. Արցախի նախագահը շնորհավորել է Հայաստանի նախագահին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | March 3, 2012 11:40Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի nախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած ուղերձում ասվում է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ:
Սա համահայկական այն եզակի կառույցներից է, որի ավանդը հայկական երկու անկախ պետությունների կայացման ու զարգացման գործում իրոք անգնահատելի է: Համախմբելով աշխարհասփյուռ հայությանը համազգային գաղափարների շուրջ` նա մեծապես նպաստում է մեր ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների իրականացմանը, Հայաստանի ու Արցախի զորացմանն ու բարգավաճմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը:
Իր գործունեության 20 տարիների ընթացքում հիմնադրամը Արցախում կյանքի է կոչել մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր ճանապարհաշինության, ջրամատակարարման, կրթական, մշակութային ու առողջապահական օբյեկտների կառուցման եւ այլ ոլորտներում:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին, մեր բարերարներին ու նվիրատուներին պանծալի հոբելյանի առթիվ եւ մաղթում ամենայն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ` այս հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»: