Եթե զենքը գտնվել է Արշավիր Կարապետյանին պատկանող տարածքում, դա դեռ չի նշանակում, որ այն իրենն է. Վահան Հովհաննիսյան
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 2, 2012 23:02
Եթե զենք-զինամթերքը գտնվել է դաշնակցական Արշավիր Կարապետյանին պատկանող տարածքում, դա դեռ չի նշանակում, որ այն պատկանում է իրեն: Այս մասին այսօր` մարտի 2-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, հավելելով. «Որեւէ ձեւով Արշավիր Կարապետյանի եւ այդ զենքի հետ կապը ես այս պահին չեմ տեսնում, որովհետեւ դրա ոչ մի ապացույց գոյություն չունի։ Այսինքն՝ զենքի հետ իր կապը ես այս պահին ձեզ բացատրել չեմ կարող, որովհետեւ չգիտեմ՝ կա՞ այդ կապը, թե՞ ոչ»:
«Արշավիր Կարապետյանին ես գիտեմ, նա պատերազմի վետերան է եւ հարգված մարդ: Սկզբում քննությունը պետք է պարզի, թե ում է պատկանում զենքը: Դրանից հետո միայն կարելի է խոսել, թե ով է դրան ձեռք տվել եւ ինչու»,-ասաց Հովհաննիսյանը, հավելելով, որ Արշավիր Կարապետյանն ունի բազմաթիվ շքանշաններ եւ նորմալ քաղաքացի է:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին, Հայաստանի ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ ծառայողները Երեւանում մեծ քանակությամբ բազմատեսակ զենք ու զինամթերք են հայտնաբերել։ Խուզարկություն է կատարվել Արշավիր Կարապետյանին պատկանող Մոլդովական 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում, որտեղ հայտնաբերվել են 12 АК տեսակի առանց պահունակի ինքնաձիգ, 1 СВД տեսակի հրացան, 6 ձեռքի գնդացիր, 4 հատ հաստոցային գնդացիր, 5 նռնականետ, 3 հատ հակատանկային նռնականետի հրթիռ, գնդացիրների տարր, 11 հատ հակատանկային ական, մետաղյա տուփ, որի մեջ տեղադրված է եղել 73 կապսուլ-կետոնատոր, 7 հատ պայթուցիկ, հակատանկային նռնակ, 50 հատ S1 տեսակի նռնակ առանց պայթուցիչի, 62 հատ տրոտիլային զանգված, 19 փամփուշտների շղթա, 2 կիսաբաց մետաղյա տուփ, որոնցից մեկում եղել է 20, մյուսում` 28 տուփ 5.45 տրամաչափի փամփուշտ, պայթուցիչներ, դատարկ փամփուշտատուփեր եւ այլ տեսակի զենք ու զինամթերք։
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
