Նո՞ր են փոխակերպվել

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 2, 2012 22:24

Երեկվա հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ամենահետաքրքիր մասը, իմ կարծիքով, նվիրված էր Երկրապահ կամավորականների միությանը: Արձանագրելով, որ փետրվարի 18-ին ԵԿՄ-ն որոշել է անվերապահորեն լծվել «Սերժ Սարգսյանի ճռռացող սայլին», ՀԱԿ առաջնորդը դա անվանեց «անվայել փոխակերպում», «Վազգեն Սարգսյանի ժառանգության պղծում», «կազմակերպության վախճան» եւ «պատեհապաշտ նոմենկլատուրային վերնախավի դիրքորոշում»: Դրանից կարելի է ենթադրել, որ մինչեւ այս տարվա փետրվարի 18-ը այդ կազմակերպությունն ուներ այլ դիրքորոշում՝ ազատամիտ, արդարամիտ եւ իշխանության կամքից անկախ: Հավանաբար, հենց այդպիսի որակներ էին դրսեւորել երկրապահները, երբ 95 թվականին ծեծում էին քրիշնայականներին եւ այլ՝ իրենց կարծիքով, «աղանդավորների», կամ՝ երբ հունիսի 4-ի ԱԺ ընտրությունների երեկոյան Ազատության հրապարակում հարձակվել էին ընտրություններից դժգոհ քաղաքացիների վրա: ԵԿՄ-ն, հավանաբար, պատեհապաշտ չէր, երբ 1996 թվականին հայտարարեց, որ նախագահական ընտրություններում պաշտպանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Հետաքրքիր է՝ ո՞ւմ ճռռացող սայլին էին նրանք այն ժամանակ լծվել:

Եվ հետո, 98 թվականին երկրապահներն, իհարկե, մեծ սկզբունքայնություն դրսեւորեցին՝ միանալով նախագահ Տեր-Պետրոսյանի դեմ դավադրությանը եւ ԱԺ-ում կազմակերպելով «առնետավազքը»՝ ստիպելով սուպերպատեհապաշտ պատգամավորներին դուրս գալ խորտակվող «Հանրապետություն» խմբակցությունից եւ անդամագրվել «Երկրապահ» խմբին: Ի դեպ, ո՞ւր էին այդ ժամանակահատվածում ներկայիս ՀԱԿ-ականներ Մուշեղ Սաղաթելյանն ու Սասուն Միքայելյանը: Գուցե նրանք ասում էին, որ պալատական հեղաշրջումը վա՞տ բան է: Եվ, հիշեցրեք խնդրեմ, ո՞ւմ էին այս եւ մնացած երկրապահները պաշտպանում 98 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: «Պաշտպանել» ասելով, նկատի ունեմ այն, ինչն այսօր արդարացիորեն քննադատում է ընդդիմությունը:

99-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, երբ սպանվեց նաեւ ԵԿՄ նախագահը, երկրապահները պարբերաբար հավաքվում էին, փրփրում էին, հայհոյում, բայց այդպես էլ չհամարձակվեցին հանդես գալ որեւէ հոդաբաշխ հայտարարությամբ: Իսկ ոճրագործությունից մի քանի ամիս անց Ռոբերտ Քոչարյանը գայթակղեց նրանց ղեկավար Մանվել Գրիգորյանին պաշտպանության փոխնախարարի պաշտոնով: Մի խոսքով՝ ԵԿՄ-ն երբեք հեղինակավոր կառույց չէր, որ հիմա փոխակերպվի: Իհարկե, այդ կազմակերպության մեջ ընդգրկված են հերոսներ, որոնք պատերազմի ժամանակ Հայրենիքի առաջ իրենց մատուցած ծառայությունների համար հարգանքի են արժանի, բայց 94-ի հրադադարից հետո երկրապահների վերնախավը դարձավ ժողովրդի կեղեքիչ:

Առաջին նախագահն, իհարկե, ճիշտ է, երբ ասում է, որ պատեհապաշտ են ոչ թե շարքային երկրապահները, ազատամարտիկները, այլ «նոմենկլատուրացված վերնախավը»: Բայց նրանց միջեւ կապը ոչ թե այսօր խզվեց՝ այն երբեք գոյություն չէր ունեցել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

aravot.am

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply