Մայրաքաղաքի կանաչապատման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 2, 2012 16:41

Մարտի 1-ից սահմանված ժամանակացույցով և ագրոպահանջներին համապատասխան մայրաքաղաքում ընթանում են կանաչապատման նախապատրաստական աշխատանքներ:

Զբոսայգիների, պուրակների և կանաչապատ մյուս տարածքների սիզամարգերի վերականգնման և ծաղկապատման նպատակով հեռացվում են չորացած ճյուղերն ու տերևները: Սիզամարգերի թարմացման, նորերի ստեղծման և ընդհանուր կանաչապատման աշխատանքների համար կներկրվի 5500 կգ խոտի սերմ:

Մասնագետների կողմից իրականացվում է նաև ծառերի սանիտարական էտում: Չորացած և կենսական նշանակությունը կորցրած ճյուղերը տեղափոխվում են հատուկ մշակման:

Զուգահեռաբար շարունակվում է մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման գործընթացը: Առաջնահերթ համարկալվում են զբոսայգիների, պուրակների և գլխավոր փողոցների ծառերը, որից հետո աշխատանքները կշարունակվեն երկրորդական փողոցներում և բակային տարածքներում: Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը նշել է, որ արդեն գույքագրվել և համարակալվել է ավելի քան 3000 ծառ:

<<Նախորդ տարիների համեմատ այս տարի նախատեսել ենք 2-ից 3 անգամ ավելացնել կանաչապատման աշխատանքների ծավալները ինչպես քանակական, այնպես էլ որակական և տեսականու առումով: >>,-նշել է բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:

Կանաչապատման նախանշված աշխատանքներն իրականացնելու նպատակով ներկրվել են 150 հազար ծաղկասածիլներ, ևս 600 հազարը աճեցվում է վարչական շրջանների ուժերով: Ավելի քան 120 հազար հատով կավելանա մայրաքաղաքի մշտադալարների թիվը, տարատեսակ ևս 5 հազար ծաղկող թփերով էլ կիրականացվեն ծաղկային ձևավորումներ: Կանաչ տարածքների խնամքի ապահովման նպատակով իրականացվում է նաև ոռոգման ցանցերի վերանորոգման և անցկացման աշխատանքներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1407 անգամ:
Print Friendly

Leave a Reply