ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդի 19-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 2, 2012 15:17

            Փետրվարի 28-ից մարտի 1-ը աշխատանքային այցով Ժնևում է գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Փետրվարի 29-ին Աշոտ Հովակիմյանը ելույթով հանդես եկավ Մարդու իրավունքների խորհրդի 19-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Ելույթում մասնավորապես նշվում էին ՀՀ կողմից մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման ոլորտում վերջին զարգացումները` Հայաստանի կողմից միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման ազգային զեկույցների ներկայացման ընթացքը, ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ տարբեր կառույցների, այդ թվում պայմանագրային մարմինների, Ընդհանուր պարբերական դիտարկման և հատուկ ընթացակարգերի կողմից ներկայացված առաջարկությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, մարդու իրավունքների պաշտպանության ազգային պլանի մշակման ընթացքը:

Աշոտ Հովակիմյանը հատուկ անդրադարձ կատարեց ցեղասպանության կանխարգելման խնդրին, որը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի հիմնական առաջնահերթություններից մեկն է, հատկապես կարևորվեց կրթության դերը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում նաև ցեղասպանությունների կանխարգելման գործում և դրանք դատապարտելու անհրաժեշտությունը` անկախ նրանից, ում կողմից, երբ և որտեղ են դրանք իրականացվել:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը իր ելույթում անդրադարձավ նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքին` շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը և միացել է միջազգային իրավունքի հիմնարար գործիքներին` կիրառելով դրանք ամենօրյա կյանքում: Այս կապակցությամբ Աշոտ Հովակիմյանը համոզմունք հայտնեց, որ համապատասխան ՄԱԿ մարմիններն իրենց հերթին, ելնելով մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրությունից` պետք է հանդես գան ամենուր և առանց որևէ սահմանափակման մարդու իրավունքները պաշտպանելու և խրախուսելու դիրքերից:

Ժնև այցելության շրջանակներում Աշոտ Հովակիմյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Վիետնամի և Լիտվայի փոխարտգործնախարարների հետ` վերջիններիս խնդրանքով: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

Այցի շրջանակներում Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ նաև Եվրոպական Տնտեսական հանձնաժողովի Գործադիր քարտուղարի պաշտոնակատար Անդրեյ Վասիլյևի և Շրջակա միջավայրի գնահատման Էսպո կոնվենցիայի քարտուղար Նիկ Բոնվուազինի հետ: Հանդիպման ընթացքում նշվեց հանձնաժողովի հետ ՀՀ համագործակցության կարևորությունը, քննարկվեցին կազմակերպության շրջանակներում ՀՀ միջազգային պայմանագրերի կատարմանն առնչվող հարցեր:

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply