Փակ շուկայի տանիքը քանդո՞ւմ են (լրացված),ֆոտոշարք

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 2, 2012 14:47

Այսօր սոցիալական ցանցերում տարածվեցին լուսանկարներ, որտեղ հստակ երևում է Փակ շուկայի տանիքում իրականացվող ակտիվ շինարարությունը: Շրջանառվող լուրերի համաձայն, Փակ շուկայի տանիքը` կամարներով հանդերձ, քանդում են:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, ով Փակ շուկայի պահպանման ակտիվիստներից է, մեզ հետ զրույցում նշեց, որ քիչ առաջ եղել է շուկայի մոտ և տեսել, թե ինչպես են բանվորները տանիքի թիթեղները քանդում: Մինչ այդ արդեն ճարտարապետն ահազանգել էր Մշակույթի նախարարության պատմության և հուշարձանների պահպանության գործակալությանը, որտեղից նրան պատասխանել էին, թե տեղյակ են ընթացող շինարարության մասին և դրա օրինականության կամ անօրինականության հարցով զբաղվում են: «Ես 2 ժամ առաջ եմ իրենց զանգել, բայց երբ քիչ առաջ Փակ շուկայի մոտ էի, քանդման աշխատանքները շարունակվում էին»,-ասաց նա:

Սարհատ Պետրոսյանը Փակ շուկայի նկատմամբ իրականացվող գործողություններում մեղադրում է նախ և առաջ Մշակույթի նախարարությանը` հիշեցնելով, որ կառույցը հանրապետական նշանակություն ունեցող մշակութային հուշարձան է: «Հենց հիմա իմ ձեռքի տակ է մշակույթի փոխնախարարի ստորագրությամբ մի փաստաթուղութ, որով շուկայի հիմքում շինարարություն իրականացնելու թույլտվություն է տրվում, մինչև նախագծի պատրաստ լինելը»,-ասաց ճարտարապետը:

Նշենք, որ շուկայի քանդման լուրերի վերաբերյալ լրատվամիջոցներից մեկին քաղաքապետարանից  հայտնել են, որ կատարվում են տանիքի վերանորոգման, այլ ոչ թե քանդման աշխատանքներ: «Շենքը քանդելու թույլտվություն ոչ ոք չի տվել, նրանք նման իրավունք չունեն»,-հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Ինչպես հայտնի էՓակ շուկայի շենքը պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին, և դեռևս հստակ պարզ չէ, թե նա այդ տարածքն ինչ նպատակով է շահագործելու:

Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և հասարակական կարգի պահպանման վարչության պետերն անձամբ են այցելել նշված վայր, ծանոթացել իրավիճակին և ձեռնարկել համապատասխան քայլեր: Տեղում պարզվել է, որ կառույցի սեփականատեր “Թիվ 1 շուկա” ՍՊԸ-ն  տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում, առանց համապատասխան թույլտվության առկայության, նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ: “Վարչական իրավախախտումների վերաբերյալ”ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով կազմվել է արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար: Աշխատանքները դադարեցված են և տարածքը   վերցված է խիստ հսկողության տակ:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply