Թուրքական լիրայի տարբերանշան. թուրքերի բողոքը, հեղինակի պատասխանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2012 13:31

Նախօրեին Թուրքիայում ներկայացված երկրի ազգային արժույթի` լիրայի նոր տարբերանշանը, որը հայտարարված մրցույթի արդյունքում լավագույնն էր ճանաչվել բոլոր 8.362 տարբերակների միջից, ըստ թուրքական լրատվամիջոցների, բնակչության մի զգալի մասի մոտ  դժգոհություն  է առաջացրել:

Ըստ աղբյուրի, թուրքերի մի մասը դժգոհում է, որ լիրայի խորհրդանիշը նման է հայկական դրամի տարբերանշանին` ուղղակի գլխիվայր շրջված: Մյուս մասը համարում է, որ լիրայի տարբերանշանը եվրոյի տարբերանշանի աղավաղված տարբերակն է, իսկ երրորդներն էլ նմանություն են նկատել քրիստոնեական խաչի սիմվոլի հետ: Ոմանք նույնիսկ լիրայի նոր տարբերանշանի մեջ նկատել են տալիս RTE տառերը, որպես` Ռեջեփ Թայիփ Էրդողան:

Թուրքական «Zaman» առցանց օրաթերթի տեղեկացմամբ` լիրայի նոր տարբերանշանի հեղինակ Թուլայ Լալենը, ով իբրև պարգևավճար ստացել է 25.000 լիրա, արձագանքել է իր հայրենակիցների դժգոհությանը: Նա մասնավորապես ասել է, որ տարբերանշանի երկու հորիզոնական գծերը խորհրդանշում են Արևելքի և Արևմուտքի միջև եղած կամուրջը:

«Տարբերանշանը ստեղծելիս մենք առաջնորդվել ենք հետևյալ տրամաբանությամբ: Մեր ազգային արժույթը պետք է մրցակցի եվրոյի և դոլարի հետ: Բոլորն ասում են, թե հենց նայում են լիրայի այս նոր տարբերանշանին, իսկույն մտաբերում են եվրոն: Իսկ ես էլ ասում եմ` հենց նայում եմ եվրոյին ու դոլարին, բոլորի մտքին թուրքական լիրան է գալիս»:

Նշենք, որ Թուրքիայի դրամական միավորը` լիրան, ներմուծվել է սուլթան Աբդուլ Մեջիդի իրականացրած բարեփոխումների ժամանակ 1844 թվականին: «Լիրա» բառը ծագում է լատիներեն «libra» բառից, որը նշանակել է կշռի միավոր և օգտագործվել արծաթ կշռելու համար: Այժմ 1 դոլարը համարժեք է 1.75 թուրքական լիրայի:

Panorama.am

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply