Մահացել է սպանված Իրինա Զիրոյանի վիրավոր թիկնապահը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 2, 2012 13:16Մարտի 1-ի երեկոյան հիվանդանոցում մահացել է գործարար Իրինա Զիրոյանի թիկնապահը. Իրինա Զիրոյանին կրակել էին ցերեկը`Մոսկվայում, Վարշավյան մայրուղու վրա:
Բժիշկները հայտնել են, որ վնասվածքները, որոնք ստացել է տղամարդը, կյանքի համար վտանգավոր են եղել, հաղորդում է ՆՏՎ-ն:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, գործարար հայուհի Իրինա Զիրոյանը սպանվել էր մարտի 1-ի ցերեկը` «Տանուկի» ռեստորանից դուրս գալիս, որտեղ նա ճաշում էր թիկնապահի հետ: Զիրոյանն ստացված վնասվածքներից մահացել է տեղում: 43-ամյա Ֆիլատովը կրծքի եւ որովայնի վնասվածքներով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք:
Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ այդ հանցագործությունը պատվիրված բնույթի էր. մարդասպանները նոջ գլխին ստուգողական կրակոց են արձակել:
52-ամյա Իրինա Զիրոյանը խոշոր ընկերության գլխավոր տնօրենն էր: Վարշավյան մայրուղու շենքը եւս, որտեղ գտնվում է Մոսկվայում հայտնի ճապոնական խոհանոցի ցանցի ռեստորաններից մեկը` «Տանուկին», պատկանում էր Զիրոյանին: Այդ նույն շենքում է գտնվում այն գեղեցկության սրահը, որի տնօրենն էլ էր Զիրոյանը:
Ավելի ուշ բացահայտվել է, որ սպանվածն այսպես կոչված «օրեխովսկի» հանցախմբի առաջնորդներից մեկի` Գեւորգ Զիրոյանի այրին է, որն սպանվել էր 2003 թվականին: Ամուսնուց նրան բավականին հարուստ ժառանգություն էր մնացել, այդ թվում նաեւ տարբեր կազմակերպություններում իր մասնաբաժինները: Զիրոյանի նախկին համախոհները դա համարել էին խմբավորման սեփականությունը եւ Իրինայից փող էին կորզում: Անցյալ տարի նրա խանութներից մեկի վրա հարձակում էր իրականացվել, որի ընթացքում հանցագործներն սպանել էին Զիրոյանի որդուն: Նախորդ տարվա սեպտեմբերին Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում այրել էին Իրինայի երկու մեքենաները, որոնցից մեկն էլիտար «Պորշե Կայեն» է եղել: Հրդեհվել էր նաեւ նրա տունը, որը գտնվում է շենքի երրորդ հարկում: Այդ ժամանակից ի վեր Իրինան ստիպված էր եղել իր համար բնակարան վարձել, մինչ իր տանը վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: