“Մարտի 1-ը սգո օր չէ”, Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2012 21:39

“Ոչ թե լռությամբ, այլ բուռն ծափահարություններով պիտի պատվենք մարտի 1-ի հերոսներին”,- այս խոսքերով այսօր` Ազատության հրապարակում “Հայ ազգային կոնգրեսի” մարտիմեկյան հանրահավաքը սկսեց ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը` անուն առ անուն բարձրաձայնելով 2008 թվականի մարտի 1-ին զոհված ՀՀ քաղաքացիների անունները: Այնուհետև խոսք առավ զոհվածներից մեկի` Գոռ Քլոյանի հայրը, ով բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրեց գործող իշխնությունների հասցեին:

Իսկ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ  2008 թվականի իրադարձություններից հետո սա առաջին մարտի 1-ն է, որ ինքը Ազատության հրապարակում լինելու և ելույթ ունենալու հնարավորություն ունի:

“Հավատում եմ, որ չենք հավաքվել հայ ժողովդի պատմության այդ ողբերգական էջը սգալու: Մարտի մեկը սգի օր չէ: Հավատում եմ, որ եկել ենք հրապարակ` իրար շնորհավորելու սեփական ազատության և արժանապատվության համար` ընդհուպ բարիկադների վրա պայքարելու ունակ քաղաքացու ծննդյան օրվա կապակցությամբ: Մարտի 1-ը հայ ժողովրդի հազարամյա պատմության ամենալուսավոր կետերից է, որովհետև անզեն հայը նախկինում երբեք բարիկադ չի կառուցել քաղաքացիական իր իրավունքը ավտոմատավորներից պաշտպանելու համար”,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքն առաջինն էր այս տարվա մեջ, և այս հանրահավաքին մասնակցում էին մի քանի հազար մարդ (կազմակերպիչների համոզմամբ` 15 հազարից ավել, բայց մեր հաշվարկներով` 5-6 հազար): Հանրահավաքը հստակ ընդգծված նախընտրական քարոզչության բնույթ էր կրում:

Դիտվել է 1965 անգամ:
Print Friendly

Leave a Reply