«Էշ մի սատկի, գարուն կգա…»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 2, 2012 14:00

Հայաստանի հանրային կյանքում այսօր արհմիությունների ներկայությունը չի զգացվում, չնայած դրանք հասարակության ճգնաժամից ելքի և կայուն, ներդաշնակ զարգացման, հակակշիռների ապահովման, պետական կառավարման ու հասարակական ինքնակառավարման արդյունավետության, պետության դիրիժորական դերի ամրապնդման գրավականներից են: Նշենք թեկուզ այն հանգամանքը, որ «Արհեստակցական կազմակերպությունների մասին»  օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` արհեստակցական միությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց  զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, գործադուլներ, զանգվածային այլ միջոցառումներ, դրանց հետ կապված բանակցություններ վարել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, այլ կազմակերպությունների, նրանց պաշտոնատար անձանց հետ:

1992 թ. Արհմիությունների 18-րդ համագումարում արհմիությունների ճյուղային հանրապետական միությունները ստորագրեցին hռչակագիր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա (ՀԱՄԿ) ստեղծելու մասին: 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կազմում միավորված են 24 ճյուղային հանրապետական միություններ, 725 արհեստակցական կազմակերպություններ` 241330 անդամներով:

«Արհմիությունները հիմա և ընդհանրապես զբաղվում են աշխատողների իրավունքների պաշտպանությամբ, նրանց աշխատանքային, սոցիալական հարցերի կարգավորմամբ, աշխատանքի անվտանգության, աշխատատեղերի արդյունավետության հարցերով: Եվ քանի որ հիմա եվրոպական արհմիությունների հետ սերտ համագործակցություն կա, աշխատանքներ են տարվում թրաֆիքինգի, միգրացիոն տեղաշարժերի կարգավորման  ուղղությամբ»,- ներկայացրեց ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:

Մարդիկ այսօր կարծես չեն հավատում, որ արհմիությունն ի վիճակի է զբաղվելու իրենց հարցերով: ՀԱՄԿ-ի նախագահն էլ է փաստում նույնը և նշում, որ արհմիությունների զարգացումը խոչընդոտող լուրջ հանգամանքներ կան: Որպես այդպիսիք` նա նշում է ներքին անհամաձայնությունը և ֆինանսական կարգավիճակը:

Բայց պետք է ասել, որ արհմիություններն էլ նախաձեռնողականություն չեն ցուցաբերում: Կարելի է հիշել իրենց կարգավիճակից բողոքող տաքսիստներին և երթուղային տրանսպորտի վարորդներին, որոնց իրավունքները արհմիությունը չպաշտպանեց: «Իսկ ո՞վ պետք է պաշտպանի նրանց իրավունքները: Նրանք արհմիության անդամ չեն, արհմիություն չունեն: Մենք մարդ ուղարկեցինք և խնդրեցինք արհմիություն ստեղծել, որպեսզի մենք էլ գնայինք ու նրանց թիկունքին կանգնեինք: Օրինակ` մենք ունենք տրանսպորտի և հաղորդակցության ճյուղային միություն. դրա կազմի մեջ նախկին ավտոբուսի պարկն է մտնում, մետրոն, շատ կառույցներ կան: Բայց տաքսու վարորդները ստեղծեցին իրենց ասոցիացիան, նրանք արհմիություն չստեղծեցին և չմտան կոնֆեդերացիայի կազմի մեջ: Երթուղայինների վարորդներն էլ հավաքվել, խմբեր են ստեղծել, բողոքում են, բայց արհմիություն չունեն: Իսկ այդպիսի դեպքերում մենք չենք կարող նրանց շահերն ու իրավունքները պաշտպանել»,- ասաց ՀԱՄԿ նախագահը:

Փաստորեն, եթե մարդիկ նախաձեռնություն ցուցաբերեն, ՀԱՄԿ-ի ներկայացուցիչները կգնան, կօգնեն, որպեսզի ժողով կամ համագումար կազմակերպվի, կազմակերպությունը գրանցվի որպես արհմիություն, հաշիվ բացի ու դառնա ՀԱՄԿ լիիրավ անդամ: Էդուարդ Թումասյանի կարծիքով` իրազեկելու կարիք էլ չկա, քանի որ մարդիկ լավ գիտեն, որ կա մարդկանց պաշտպանող այսպիսի կառույց:

«Արհմիություններն այսօր շատ թույլ են: Փաստորեն աշխատանքային կոլեկտիվն ինքը պետք է ստեղծի արհմիություն: Տրանսպորտի ոլորտում գծի տերն ամբողջ երթուղին 4-5 տարով տենդերով շահում է, վարորդին էլ ընտրում, ու այդ դեպքում վարորդները` 30 հոգի չվերթում, պետք է հավաքվեն ստեղծեն արհմիություն: Այդ ո՞ր մի գծի տերը, որ թիկնապահներին դնում է երթուղու սկզբնակետում ու վերջնակետում` գծի փող հավաքելով, պլան դնելով վարորդի ուսերին, թույլ կտա, որ 30 հոգի միավորվեն ու իրենց շահերը պաշտպանեն: Ենթադրենք`ինչ-որ ԱՁ կա, ու այդտեղի վարորդների իրավունքները պետք է պաշտպանել: Երբ դիմում ենք արհմիությունների կոնֆեդերացիային և ասում` եկե՛ք այս մարդկանց իրավունքները պաշտպանեք, նրանք ասում են` ո՛չ, թող ԱՁ-ն մարդ ընդունի աշխատանքի` վարորդների շահերի ներկայացուցիչ, մենք նրան պաշտպանենք:

Իսկ լավ արհմիություն ունենալու պարագայում նույն տրանսպորտի ոլորտում ցանկացած վեճ գծատիրոջ հետ ավելի ճիշտ, արդար, հեշտ ու արագ կլուծվի: Պատճառն օրենքն է, կարծում եմ: Արհմիությունների մասին օրենքն այնքան թերի է, որ արհմիությունների կոնֆեդերացիան, հղում անելով օրենքին, ասում է որ տվյալ աշխատավայրում աշխատանքային կոլեկտիվը պետք է արհմիություն ստեղծի: Այդ գերի, ստրուկ կարգավիճակում գտնվող վարորդը համարձակություն չի ունենա իր շուրջը մարդկանց համախմբելու, արհմիություն ստեղծելու և իր շահերը պաշտպանելու: Պետք է կոնֆեդերացիան գնա ու ասի` եկեք ես ձեզ պաշտանեմ»,- նշեց «Անհատ վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Հանրային խորհրդի տրանսպորտի ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Արհեստակցական միությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա  հիմնադիրների (առնվազն երեք աշխատողի) նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ: Ու այս պայմաններում, եթե արհմիությունները համապատասխան քարոզչական և տեղեկատվական միջոցառումներ չձեռնարկեն, պարզ չէ, թե քաղաքացիները երբ կհանգեն սեփական ուժերով արհմիություն ստեղծելու գաղափարին: Առավել ևս, երբ նրանց վրա ճնշում կա ձեռնարկատերերի կողմից:

Սակայն նոր սերնդի գործարարները կարևորում են արհմիությունների դերը:

«Մենք կուզեինք, որ մեր արհմիությունները լինեին ավելի մարտունակ, ավելի հզոր, որովհետև մեր գործատուներն էլ, հատկապես նոր սերնդի, արդեն աստիճանաբար հասկանում են, որ եթե կազմակերպությունն ունի արհմիութենական կառույց, ավելի հեշտ է առաջացած կամ առաջացող հարցերը լուծել կազմակերպության, կառույցի հետ, քան անհատների` ամբոխային խոսակցությունների միջոցով»,- հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:

Այս հարցը դեռևս մնում է չլուծված, ու մարդիկ էլ շարունակում են չհավատալ, որ Հայաստանում արհմիություններն ի վիճակի են պաշտպանելու իրեց իրավունքները:

Դիտվել է 1351 անգամ:
Print Friendly

Leave a Reply