Հայ թագավորները` օլիմպիական խաղերի հերոսներ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 4, 2012 7:00

Այս տարվա ամռանը կայանալու են ամառային օլիմպիական 30-րդ խաղերը: Դա առիթ է տալիս հետադարձ հայացք գցելու անցյալին, վերհիշելու դարերի խորքը տանող այս ստուգատեսի պատմությունը, մեր մարզիկների հաջողությունները:

Ժամանակներն անցել են, շատ բան փոխվել է, սակայն մի բան նույնն է մնացել: Սպորտում միայն մեկ` օլիմպիական խաղերի հաղթողի կոչումն է ցմահ մնում, այսինքն` մարզիկը հավերժական փառքի է արժանանում: Եվ չորս տարին մեկ, երբ հին ավանդույթով օլիմպիական խաղեր են անցկացվում, հերոսների անուններն ավելանում են:

Իսկ օլիմպիական խաղերի մասին առաջին վկայությունները տանում են մ. թ. ա. 776 թվականը, երբ սկսել են գրանցել հաղթողների անունները: Դրանք կայացել են Հունաստանում: Այսպիսով, այդ երկիրը սպորտին տվել է գլխավորը` օլիմպիական խաղերը: Իսկ դրանք այդպես են կոչվել, քանի որ անցկացվել են Օլիմպոս փոքրիկ քաղաքում, Զևսին նվիրված տոնախմբության ժամանակ: Սովորություն է եղել հաղթողների անունները փորագրել Ալֆեյ գետի երկայնքով տեղադրված մարմարե սյուների վրա, որպեսզի բոլոր անցնողները տեսնեն: Եվ դրա շնորհիվ է, որ բացահայտվել է առաջին չեմպիոնի` Էլիդ քաղաքի խոհարար Կորեբի անունը: Նա է բոլոր ժամանակների և ժողովուրդների առաջին չեմպիոնը:

Օլիմպիական առաջին խաղերի մասնակիցները մրցել են միայն 192,27 մ վազքատարածությունում (ստադիոդրում): Հետագայում արդեն խաղերի ծրագրում ընդգրկվել են ձիակառքերով մրցումները,  բռնցքամարտը, հնգամարտը, որը ներառել է վազքը, սկավառակի  և նիզակի նետումը, հեռացատկը, ըմբշամարտը,  և այլն: Հաղթողներին մեծարել են, նրանց գլխին ձիթենու ճյուղերից պատրաստված պսակներ  են դրել, երբեմն էլ աստվածացրել են:  Նրանց նաև մի շարք արտոնություններ են տվել: Կանանց մասնակցությունը կամ մուտքն օլիմպիական խաղերին արգելվել է: Ուշագրավն այն է, որ կարգազանցներին  մապատիժ է սպառնացել:

Օլիմպիական խաղերի մեծ ժողովրդականություն վայելելը դժվար չէ բացատրել: Հնում պատերազմներն անդադար էին, և ուժեղ, կամային հատկանիշներով օժտված, հայրենանվեր մարտիկների կարիք կար: Իսկ դրա համար անհրաժեշտ էր կանոնավոր մարզվել, դիմացկուն և ամեն տեսակի փորձությունների պատրաստ լինել: Ի դեպ,  օլիմպիական խաղերի օրերին պատերազմները դադարեցվում էին:

Բայց պատմությանը մի քանի խախտում է հայտնի: Մ. թ. ա. 420 թ. Սպարտայի արքան զինված ջոկատին հրահանգ է տվել մտնել Հունաստանի քաղաքներից մեկը: Հետևանքն այն էր, որ սպարտացիներին արգելել էին մասնակցել հերթական օլիմպիական խաղերին: Մի անգամ էլ նույն պատճառով սպարտացիներին ոչ միայն զրկել էին օլիմպիական խաղերին մասնակցելուց, այլև  ստիպել էին խոշոր տուգանք վճարել:

Ընդ որում, սկզբում խաղերին մասնակցել են միայն ազատածին հույները, հետագայում այդ իրավունքը տրվել է նաև հռոմեացիներին, ապա` այլազգիներին:

Հայերը ևս մասնակցել են օլիմպիական խաղերին, և նրացից երկուսը դարձել են չեմպիոն:

281 թ. կայացած 256-րդ օլիմպիական խաղերում ըմբշամարտի մրցաշարում չեմպիոն է դարձել Տրդատ Երրորդ Արշակունին: Այդ մասին մեր պատմիչներից վկայություններ ունեն Մովսես Խորենացին, Ագաթանգեղոսը, Ղազար Փարպեցին, Փավստոս Բուզանդը, Եղիշեն: Հայաստանի թագավոր Խոսրովի որդին` Տրդատը, ճակատագրի բերումով վաղ հասակում տեղափոխվել է Հռոմի կայսրություն և այնտեղ ստացել իր կրթությունն ու ֆիզիկական դաստիարակությունը: Ընդ որում, կրկեսներում գազանների հետ գոտեմարտերի մասնակցող հայ դյուցազնը չեմպիոն դառնալիս 22-23 տարեկան է եղել: Վերջինիս նվաճումից 104 տարի անց` 385-ին կայացած 291-րդ օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում հաղթել է Արշակունիների տոհմի մեկ այլ ներկայացուցիչ` Վարազդատ Արշակունին: Նա  Խորենացու, Բուզանդի վկայությամբ, Պարսկաստանում պատանդ չմնալու համար փախել է Հռոմ և, կրկեսում առյուծների հետ գազանամարտերի մասնակցել, հետո էլ, Հունաստանի Էլիս նահանգի Պիսա քաղաքում հաղթելով բռնցքամարտիկների մրցումներում, իրավունք է ստացել հանդես գալու օլիմպիական խաղերում: Վարազդատը չեմպիոն է դարձել Հայոց թագը թողնելուց  7 տարի անց: Հետաքրքիրն այն է, որ  Վարազդատը վերջին օտարազգի օլիմպիականն է, որին հաջողվել է հաղթել այդ ստուգատեսում:

Սակայն օլիմպիական խաղերի  ոչ բոլոր հաղթողների անուններն են մեզ հասել:

Ինչևէ, օլիմպիական խաղերը մինչև մ. թ. 394 թ. անցկացվել են առանց ընդմիջման` չորս տարին մեկ: Սակայն եղել են նաև խանգարիչ հանգամանքներ: Մասնավորապես, հենց այդ թվականին Հռոմի  Թեոդոս1-ին կայսեր հրովարտակով խաղերն արգելվել են: Դա արվել էր դավանանքի նկատառումով, աղանդների տարածումը կանխելու համար: Մինչև այդ երբեք խաղերը չեն արգելվել կամ հետաձգվել: Հետագայում տևական ժամանակ դրանք մոռացության մատնվեցին, մինչև որ ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ 1896-ին Աթենքում կազմակերպվեցին ժամանակակից օլիմպիական առաջին խաղերը:

 

 

 

Դիտվել է 8894 անգամ:
Print Friendly

Leave a Reply