Առանց Հայաստանի ձմեռային առաջնության

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 2, 2012 7:00

Ձմռանն էլ Հայաստանի աթլետները ձեռքերը ծալած չեն մնում: Այս մարզաձևը կամ, ինչպես կոչում են, սպորտի թագուհին, մեր երկրում ցրտերին էլ քնած չէ: Իսկ մերոնց վերջին շրջանի միջազգային ստուգատեսների մասնակցության գնահատականի համար դիմեցինք Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանին:

– Ուրախալի է, որ նիզականետորդ Մելիք Ջանոյանն Ադլերում կայացած միջազգային մրցաշարում ցույց տված 79 մ 71 սմ արդյունքով 21 սմ-ով գերազանցել է օլիմպիական նորմատիվը: Անկեղծ ասած,  դա ինձ համար անակնկալ էր: Բանն այն է, որ նա  նախորդ մրցաշրջանում նիզակը 72-73 մ-ից ավելի հեռու չի նետել: Մելիքը փաստորեն,  նախապատրաստական շրջանում կարողացել է այդպիսի ցուցանիշի հասնել: Կարևորն այն է, որ օլիմպիական առաջին ուղեգիրն ունենք:

Մեր մարզուհիներից որևէ մեկն առաջիկայում օլիմպիական վարկանիշ հազիվ թե լրացնի: Իսկ ահա հեռացատկորդ Վարդան Փահլևանյանը կարող է այդ անել: Նա էլ Մոսկվայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում կարող էր ուղեգրի տիրանալ, եթե ցույց տար 8 մ 10 սմ: Սակայն Վարդանը հեռացատկեց 7 մ 32 սմ: Դա անհաջող մրցելույթ էր, քանի որ նա անցյալ մրցաշրջանում երկու անգամ  վայրէջք է կատարել 8 մ-ի սահմանագծին: Հեռացատկորդը 25 տարեկան է, և չի կարելի ասել, որ նա իրեն սպառել է, արդյունքի չի հասնի: Առջևում վարկանիշային մի շարք մրցումներ են: Մարտի 9-11-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալու է աշխարհի ձմեռային առաջնությունը: Բայց այդ ստուգատեսում Փահլևանյանը հանդես չի գա: Հայաստանից  մրցավայր են գործուղվելու վազորդներ Աշոտ Հայրապետյանը (800 մ) և Ամալյա Շառոյանը (400 մ), որոնք «սպիտակ քարտով» կարող են հանդես գալ Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում: Բանն այն է, որ Հայաստանի մեկական վազորդ և վազորդուհի, անգամ վարկանիշ չլրացնելու դեպքում, այդ ստուգատեսին մասնակցելու հրավեր են ստանալու:

– Հայաստանի հավաքականը օրերս հարուստ ավարի է տիրացել Իրանի Մաշհադում կազմակերպված մրցումներում: Ի՞նչ մակարդակի ստուգատես էր դա:

– Հայաստանի կանանց հավաքականը մրցումներում, իրենից առաջ թողնելով միայն Թեհրանի ներկայացուցիչներին, թիմային հաշվարկում զբաղեցրել էր երկրորդ տեղը: Տարբեր մրցաձևերում մեր մարզուհիները տիրացել էին 9, մարզիկները` 1 մեդալի: Ընդ որում, Թեհրանն այս անգամ  ուժեղ կանանց թիմով էր ներկայացել մրցավայր: Բանն այն է, որ ռուսաստանցի երկու կին բարձրակարգ մարզիչ են հրավիրել, և նրանք են  թեհրացի մարզուհիների պարապմունքները կազմակերպում: Ընդ որում, մեր մարզուհիները միայն  երկու մեդալով զիջեցին Թեհրանի հավաքականին: Մասնակցում էին նաև Աֆղանստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Լիբանանի, Իրաքի, Հնդկաստանի և Իրանի տարբեր քաղաքների ուսանողների, պատանիների  հավաքականները: Ավանդական այդ ստուգատեսն աշխարհագրական առումով այս տարի անհամեմատ ընդգրկուն կազմ ուներ:

– Այնուամենայնիվ, Իրանում աթլետիկան այնքան էլ բարձր մակարդակ չունի: Կարելի՞ է այս հաջողությունները մեզ համար առավելագույն նվաճում համարել և դրանով էլ բավարարվել: Մի՞թե ձգտում չկա, որ մերոնք ավելի բարձրակարգ մրցումների մասնակցեն և հաջողությունների հասնեն:

– Այդ առումով ընտրության մեծ հնարավորություններ չունենք: Իրանում ավանդաբար է աթլետիկայի միջազգային մրցաշար անցկացվում, և մասնակիցներն էլ Հայաստանի ընտրանու մակարդակի հավաքականներ են: Ինչ վերաբերում է հարևան երկրին, ապա աթլետիկայի մրցաձևեր կան, որոնցում պրոֆեսիոնալ մակարդակի մարզիկներ են: Իրանում բարձրակարգ  աթլետներ են հանդես գալիս միջին և երկար տարածությունների վազքերում, գնդի հրում մրցաձևում: Ի դեպ, Իրանում  կա աթելտիկայի երկու ֆեդերացիա: Առանձին են գործում տղամարդկանց և կանանց ֆեդերացիաները: Կանանց մրցումներին արգելվում է տղամարդկանց ներկայությունը: Մարզուհիներն էլ առանց գլխաշորի են հանդես գալիս: Իսկ պարգևատրման ժամանակ մարզուհիները հանդերձանքը փոխած են ներկայանում, և տղամարդկանց ներկայությունն էլ այդ պարագայում չի արգելվում:

– Հայաստանի մարզիկներն ավանդաբար աթլետիկայի միջազգային մրցումների են մասնակցում նաև Թուրքիայում: Մե՞ծ է աթլետիկայի մակարդակի տարբերությունը սահմանակից այդ երկու երկրներում:

– Անկասկած: Թուրքիայի հավաքականի մարզիկների մակարդակն անհամեմատ բարձր է: Ի դեպ, հունիսի սկզբին Հայաստանի ներկայացուցիչները Թուրքիայում մասնակցելու են պատանեկան ավանդական միջազգային մրցաշարի: Ինչ վերաբերում է մեր երկրի հավաքականի մյուս ծրագրերին, ապա  Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ցանկությունն է, որ  մեր հավաքականը համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնի Ֆրանսիայի ընտրանու հետ: Այդպիսի միջոցառում նախատեսվում է հունիս-հուլիս ամիսներին` օլիմպիական խաղերից առաջ:

– Հայաստանի հավաքականը մասնակցելո՞ւ Եվրոպայի թիմային առաջնությանը:

– Ինչպես հայտնի է, մեր ընտրանին ընդգրկված է երրորդ խմբում, սակայն այս տարի այդ ստուգատեսը հանված է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի օրացուցային պլանից: Դժվարանում եմ ասել, թե ինչու, բայց 2012-ին այդ միջոցառումը չի կազմակերպվելու: Ցավալի է, որովհետև դա տարվա ընթացքում  միակ  միջազգային ստուգատեսն է, որին Հայաստանը մրցասպարեզ է հանում երկու տասնյակից ավելի աթլետներ, և նրանք ուժեղագույնների հետ պայքարում իրենց կարողությունները դրսևորելու հնարավորություն են ստանում: Ի դեպ, Իրանում էլ մրցումների ենք մասնակացում, որովհետև կարողանում ենք դարձյալ մեծ թվով մարզիկների միջազգային մրցասպարեզ դուրս բերել: Օրինակ` Մաշհադում Հայաստանի 17 աթլետ  էր մեկնարկի դուրս եկել: Այդպիսի մրցումների մասնակցելը համեմատաբար ծախսատար չէ: Այլ վայրում կազմակերպվող մրցումների այդպիսի շատ մարզիկներ ուղարկելու հնարավորություն չունենք: Իսկ մասնակցելը շատ օգտակար է: Օրինակ` Սաթենիկ Հովհաննիսյանը, որը Իրանում 5 մ  82 սմ արդյունքով  զբաղեցրել Է  5-րդ տեղը, հետո Մոսկվայում կայացած հայ  արագավազորդ Էդվարդ Գրիգորյանի աթլետիկայի երիտասարդական միջազգային հուշամրցաշարում, հեռացատկելով 6 մ 13 սմ, առաջին տեղը գրավեց:

– Իսկ ինչպե՞ս է լրացվելու Եվրոպայի թիմային առաջնությանը չմասնակցելու բացը:

– Տարին օլիմպիական է, և մեր նպատակն է այնպես անել, որ մեր առաջատար 3-5 աթլետները մարզվեն, միջազգային մեկնարկների մասնակցեն, հնարավորության դեպքում օլիմպիական խաղերի վարկանիշ լրացնեն և նախապատրաստվեն այդ ստուգատեսին:

– Ինչո՞ւ աթլետիկայի Հայաստանի ձմեռային առաջնություն չի անցկացվում, մինչդեռ դա արվում է տարբեր երկրներում, կազմակերպվում են նաև Եվրոպայի և աշխարհի ձմեռային առաջնություններ:

– Ճիշտ է, թեև Հայաստանի ձմեռային առաջնություն չի կազմակերպվել, սակայն անցկացվել են Երևանի աթլետիկայի թիվ 1 և թիվ 2 մարզադպրոցների բաց ատաջնություններ, որոնց մասնակցել են նաև Հայաստանի տարբեր մարզերի ներկայացուցիչները: Այսպես թե այնպես, ձմռանը Երևանում  3-4 մրցում  կազմակերպվում է, տարիքային սահմանափակումներ  գրեթե չեն կիրառվում, և Հայաստանի առաջնության պակասն ինչ-որ չափով լրացվում է: Իսկ ցավոտ խնդիրը մնում է  ոչ թե գերժամանակակից, այլ պարզապես բավարար պայմանների բացակայությունը: Օրինակ` եթե 400 մ վազքի համար Հայաստանում վազքուղի չունենք, դա արդեն վկայում է, թե աթլետիկան ինչ ցավալի վիճակում է: Չկա  ձմեռային մարզաբազա: Այդ է պատճառը, որ երբ դրսում մերոնք մարզվելու, մրցումների մասնակցելու հնարավորություն են ստանում, դա վերածվում է տոնի:

– Այդ դեպքում աթլետիկայի մարզօջախներ հաճախող պատանի մարզիկները ձնեռային շրջանում որտե՞ղ են պարապում:

– «Հայաստան» մարզական միության մայաքաղաքի մարզասրահում, որը փոքր չափերի է: Վանաձորի մարզասրահը համեմատաբար ավելի հարմար է, բայց իմ ունեցած տվյալներով` ձմռանն այն չի ջեռուցվում:

 

Դիտվել է 1484 անգամ:
Print Friendly

Leave a Reply