Հայաստանը` սփյուռքահայ ներդրողների ունեցվածքի որսատեղի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 5, 2012 15:00

Հայաստանը սփյուռքահայ ներդրողների ունեցվածքի յուրօրինակ «որսատեղիի» է վերածվել, ինչը բացասական դրսևորումներ ու հետևանքներ է ունենում Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններում:

Հայաստանից վերջերս վիրավորված հեռացավ  Վալերի-Աշխեն Գործունյանը, սեփականության իրավունքից զրկեցին մեկ այլ սփյուռքահայի` Օշին Փիրումյանին, Էդմոն Խուդյանին զրկել են իր ունեցվածքից,  հետապնդումներ են սկսվել  նաև միլիոնավոր դոլարների բարեգործություն իրականացրած, Նոր Շահումյանի շրջանում  Քնարավան գյուղը, իսկ Երևանում և Շուշիում «Նարեկացի» արվեստի միությունը հիմնադրած և մշակութային ծրագրեր իրականացնող Հարթունյան ընտանիքի դեմ, մասնավորապես` Նարեկ  Հարթունյանի  նկատմամբ, որին վերջերս  միանգամայն անհիմն  բերման էին ենթարկել ՊԵԿ և կալանավորել հենց նրա  հոր` Գարաբեդ Հարությունյանի մահվան խորհրդանշական 40-րդ oրը:

Անշուշտ, հայաստանյան առողջ ուժերը, ինչպես նաև սփյուռքահայերը, Նարեկին ճանաչող  օտարերկրացիները անտարբեր չգտնվեցին: Այն պահին, երբ հայտնի դարձավ, որ Նարեկին ձերբակալել են, սոցիալական կայքերում ձևավորվեցին խմբեր, որոնք պահանջում էին ազատ արձակել նրան, իսկ  տարբեր արվեստագետներ ու պարզապես քաղաքացիներ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ակցիաների ու նախաձեռնությունների միջոցով ճնշում գործադրելով` պահանջել ազատ արձակել Նարեկին: Բազմաթիվ սփյուռքահայեր տարբեր լրատվամիջոցներով  վրդովմունք են հայտնում կատարվող իրադարձությունների կապակցությամբ և  զորակցություն հայտնում Նարեկին ու նրա ընտանիքին:

Հարթունյաններին թալանելու ծրագիրը

2004 թ.  Հարթունյանների ընտանիքն իրենց հայաստանյան գործերի կառավարումը վստահում է Սևակ Արզարունուն (Արծրունի): Նույն թվականից սկսած` Արզարունին Հարթունյանների  անունից  ձեռք է բերել հողամասեր, բնակելի տարածքներ, նաև Երևանի ժամացույցի գործարանի բաժնետոմսերի 34%-ը:  2008 թ. մինչև 2010 թ. սեպտեմբերի 11-ը Ս. Արզարունին նաև ղեկավարել է Գարաբեդ Հարությունյանին պատկանող «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ն  և երկու այլ ընկերություն: Այս ամենը նա անհատույց չի արել, այսինքն` ստացել է աշխատավարձ:

Իսկ 2009 թ. հուլիսին Սևակը Գարաբեդ Հարությունյանին,  նրա որդիներ Սարո և Նարեկ Հարթունյաններին ստորագրել է տալիս  պարտավորագրեր, համաձայն որոնց` Հարթունյանները պարտավորվում են ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեության մաքուր շահույթի 25%-ը հատկացնել Սևակ Արծրունուն:

Շահույթ առ այսօր չկա, մինչդեռ Սևակն իր  25%-ի անվան տակ Հարթունյանների ունեցվածքի թալան է իրականացրել:

2010 թ. սեպտեմբերի 23-ին Սևակ Արզարունին գրավոր հրաժարական է ներկայացրել, որում, բացի հրաժարականի պատճառաբանությունից, ասվում է, որ փոխվել է  իր նկատմամբ վերաբերմունքը,  նաև գրել է. «Ձեր հիմնարկների արձանագրած մաքուր շահույթի 25%-ը հատկացնելու եք ինձ` որպես շահաբաժին իմ կատարած աշխատանքի»:

Հրաժարականից հետո Սևակ Արծրունին հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Գարաբեդ Հարությունյանից, Նարեկ և Սարո Հարթունյաններից բռնագանձել նրանց կողմից ՀՀ-ում իրականացված ձեռնարկատիրական գործունեության մաքուր շահույթի 25%-ը: Պարտավորագրում կա նաև մի հետաքրքրական կետ.  25%-ից  9%-ը պետք է տրվի ՀՀ քաղաքացի Արմեն Ազիզյանին:

Թե ինչու պետք է Սևակ Արզարունին կամ Հարթունյանները Արմեն Ազիզյանին վճարեին 25% շահույթի 9%-ը, անհայտ է, քանի որ այդ մասին անպայման պետք է նշվեր պարտավորագրում, սակայն ոչ մի տեղ նման նշում չկա:

Սևակ Արզարունին Հարթունյանների ընտանիքի հայաստանյան աղբյուրներից, որպես  «շահաբաժնի կանխավճար», հենց միայն Արմեն Ազիզյանին վճարել է 143 հազար 721 դոլար և մի քանի միլիոն ՀՀ դրամ: Իսկ թե որքան է յուրացրել ինքը` Արզարունին, թերևս կարող ենք ենթադրել:

Սակայն, հանդիսանալով ընկերության գլխավոր տնօրեն, Սևակը Հարթունյաններին մշտապես հավաստիացրել է, թե ընկերությունը վնասով է աշխատում, և անհրաժեշտ են նոր ներդրումներ, որից հետո օգուտներ կստանան: Գարաբեդ Հարությունյանն ու Սարո Հարթունյանը պարբերաբար հավելյալ գումարներ են տրամադրել ընկերությանը:

Հարթունյաններին պատկանող  փաստաթղթերի մի մասը, որոնք գտնվում էին ընկերությունում,  Արզարունին տարել է իր հետ: Այժմ նաև  դրանց բացակայությունն է, որ հնարավորություն չի տալիս Հարթունյաններին լիարժեք պարզել իրականությունը և կազմակերպել իրենց պաշտպանությունը:

Արզարունու  հրաժարականը, ըստ էության, պահանջագիր էր: Նա պահանջում էր Հայաստանում Հարթունյանների հիմնարկների ունեցած մաքուր շահույթի 25%-ը` որպես շահաբաժին, իրեն հատկացնել` մոռանալով, որ ինքն էլ յուրացրել է Հարթունյանների ունեցվածքի մի զգալի մասը:

Մինչդեռ նրա աշխատավարձը միայն մեկ ընկերությունից կազմել է 1.5 մլն դրամ, մյուսից` 600 հազար դրամ: Այսինքն` Սևակը Հարթունյաններից ամսական ստացել է 2 մլն դրամ աշխատավարձ, ի լրումն` պահանջել է նրանց շահույթի 25%-ը:

Դատական պատմություն. ինչպե՞ս սկսվեց  

2010 թ. դեկտեմբերին «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ի անունից ընկերության փաստաթղթերի մի մասը ընկերությանը վերադարձնելու, ինչպես նաև 120.000.000 ՀՀ դրամ վնասի հատուցման պահանջներով հայց է ներկայացվել մինչ 2010 թ. սեպտեմբերն ընկերության փաստացի ղեկավար Սևակ Արզարունու և նրա ենթակա, ընկերության տնօրեն Ա. Մարտիրոսյանի դեմ: Հարթունյանները   Սևակ Արզարունուց պահանջում են պատասխան տալ ընկերության կրած վնասների ու Հարթունյաններից յուրացրած գումարի համար:

Այս հայցից անմիջապես հետո սկսվում է Հարթունյանների ընտանիքի անձնական ունեցվածքի և հատկապես բիզնեսի որսը:

Բացահայտված լինելու և Հարթունյանների լիազորագրերը դադարեցված լինելու պայմաններում Սևակ Արզարունին այլևս չէր կարող Հարթունյանների մնացած ունեցվածքին նախկին մեթոդներով  տիրանալ, հետևաբար հարկ էր ավելի արմատական մեթոդների դիմել: Առջևում էր նաև Ժամացույցի գործարանի 34%-ի յուրացման գործընթացը: Սևակի հովանավորները հանձն առան ազատել  Սևակին պատասխանատվությունից ու  ավարտին հասցնել Ժամացույցի գործարանի 34%-ի զավթումը:

Եվ հենց այս ժամանակ է, որ Հարթունյաններին ահաբեկելու համար գործի դրվեցին իշխանական օղակները: Դա իրականացվեց  դատական  իշխանության և քննչական մարմինների միջոցով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի 24.12.2010 թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Սևակ Արայի Արզարունու հայցադիմումն ընդդեմ պատասխանողներ Նարեկ Կարապետի Հարթունյանի, Գարապեդ  Հարությունյանի, Սարո Կարապետի Հարթունյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:

Դատական թնջուկ

Ավելի քան մեկ տարի է, ինչ Կենտրոնի դատարանում, դատավոր Էդ. Ավետիսյանի նախագահությամբ, դատավարությունն ընթանում է Արզարունու հայցադիմումին կից ներկայացված «Հրաժարականի»  տառին ու ոգուն համապատասխան: «Սա նշանակում է, որ հայցադիմումը վարույթ ընդունելուց մոտ 1 տարի անց դեռևս բռնագանձման ենթակա գումարի չափը, այսինքն` շահույթի չափն ու դրա 25%-ը, այն է` հայցագինը, Սևակ Արզարունու կողմից դատարան չի ներկայացվել: Այսինքն` ո՛չ դատարանին, ո՛չ էլ Հարթունյաններին հայտնի չէ, թե այդ հայցադիմումով Սևակ Արզարունին ինչքա՞ն գումար է հավակնում բռնագանձել Հարթունյաններից: Քաղաքացիական դատավարության նորմերի համաձայն` գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումում պարտադիր պետք է նշվի հայցագինը»,- ասում է փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Հայցագնով է որոշվում դատարան դիմելու համար վճարվելիք պետական տուրքի գումարի չափը: Սևակ Արզարունու կողմից հայցադիմումի հետ ներկայացվել է նաև պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդություն, և դատարանի 24.12.2010 թ. որոշմամբ այդ միջնորդությունը բավարարվել է: Իսկ թե ինչքան է հայցագինը, և ինչքան է դրա 2%-ը կազմող պետական տուրքի գումարը, դատավորին  բնավ չի հետաքրքրում:

Փաստաբանի խոսքերով, եթե հայցագնի հաշվարկի համար հիմք ընդունենք դատարանի 24.12.2010 թ. մյուս որոշումը, որով «հայցագնի չափով» արգելանք է կիրառվել Հարթունյանների ողջ ունեցվածքի և նրանց պատկանող գործող-չգործող ընկերությունների վրա, ապա հայցագինը Հարթունյանների ամբողջ ունեցվածքի արժեքն է, իսկ պետական տուրքի գումարը` դրա արժեքի 2%-ը:

Դատարանի կիրառած հայցի ապահովման որոշումից էլ կարելի է որոշել հայցագինը, որից  պարզ է դառնում, որ հայցվորը հավակնում է Հարթունյանների ամբողջ ունեցվածքին:

Անհիմն հայցով դատարան դիմելը բացառապես մեկ նպատակ է հետապնդում` դատավոր Էդ.Ավետիսյանին տրված դատական իշխանության օժանդակությամբ Հարթունյանների ունեցվածքի և դրամական միջոցների վրա ապօրինի արգելանք կիրառել: Նախատեսվում է, որ  նախ` Հարթունյանները հոգեբանական ճնշման տակ հրաժարվեն Արզարունու դեմ ներկայացված հայցից, ապա նաև` Ժամացույցի գործարանի բաժնետոմսերի պարտադրված գործարքի թելադրած պայմաններին համաձայնեն, այսինքն` ստրկացնող ու ստորացնող  գործարքն իրականացվի:

Իսկ 2011 թ. նոյեմբերի 21-ի իր որոշմամբ դատավոր Ավետիսյանը, անտեսելով հայցի առարկան (պահանջը), Հարթունյանների փաստաբանի դիրքորոշումն ու փաստարկները, բավարարելով Սևակ Արզարունու փաստաբան Նիկոլայ Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը, հայցի առարկայի շրջանակներից դուրս փորձաքննություն իրականացնելու որոշում է կայացրել և գործի վարույթը կասեցրել, ինչը կարող է մեկնաբանվել որպես Հարթունյանների ունեցվածքի գույքագրում ու գնահատում, ինչպես նաև այդ ունեցվածքի և դրամական միջոցների տնօրինման անորոշ ժամկետով արգելում:

Անտեսելով արդար դատաքննության սկզբունքը` դատավոր Ավետիսյանը  կանխակալ կերպով Հարթունյաններին կանխամտածված սնանկության տանելու վարույթին միտված նախապատրաստական աշխատանքներ է տանում կամ էլ արհեստական միջավայր ստեղծում, որ կիրառված արգելանքների հետևանքով Հարթունյանները հնարավորություն չունենան հարկայինի կողմից քրեական գործով իրականացված վերստուգման արդյունքում անհիմն արձանագրված 111.000.000 ՀՀ դրամը վճարել և հարկադրված գնան Ժամացույցի գործարանի բաժնետոմսերի գործարքին, որից էլ հաշվանցվեն հարկային պարտավորության գումարները:

Քրեական գործով «նախաքննություն»

Մյուս կողմից` Սևակի  հովանավորողների կողմից իջեցված պատվերով քննիչ ՌաՖայել Մկրտչյանը Սևակի, նրա աներորդի Գարիկ Բաբայանի և ընկերության տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի սուտ մատնությունների հիման վրա  Սևակի կողմից ղեկավարված  ընկերությունում տեղ գտած չարաշահումների պատասխանատվությունը փոխանցել է այդ ոլորտում անփորձ Նարեկին, ավելին, նաև փողերի լվացման անհեթեթ մեղադրանք է առաջադրվել նրան:

Սևակ Արզարունին և Արմեն Ազիզյանը միասին կանխավճարի տեսքով միլիոնավոր դոլարներ են վերցրել Հարթունյաններից և Գարաբեդ Հարությունյանին պատկանած «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ից:  Առկա են ստացականներ ավելի քան 350.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ և համաձայնագիր, որ վերցրել է Արմեն Ազիզյանը: Այս ամենից անմասն չի մնացել նաև ընկերության տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը:

Գարաբեդ Հարությունյանին պատկանած և Սևակ Արզարունու  ղեկավարած «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ն  մինչև հիմա վարկերի և Սարո Հարթունյանի հաշվին է գործում:

Արզարունու  մտերիմների կողմից գրված դիմումների ու ցուցմունքների  հիման վրա «հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու փաստով» հարուցված քրեական գործով նշանակված վերստուգման արդյունքում շուրջ 111.000.000 ՀՀ դրամի պարտավորություն է առաջադրվել նույն ընկերությանը:

Ավելի ուշ ՊԵԿ-ի քննիչ Ռաֆայել Մկրտչյանը, հակառակ Սևակ Արզարունու և նրա փաստաբանի գրավոր բացատրություններին, ըստ որոնց` որոշակի գումարներ իսկապես վերցվել են (“ Դրանք դուրս են գրվել Սևակի կարգադրությամբ և տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի կատարմամբ` համապատասխան անդորրագրերով և ընկերության հիմնադրի գիտությամբ…», 08.12.2011թ.), Արտյոմ Մարտիրոսյանից և Սևակ Արզարունուց բացահայտ սուտ    ցուցմունք է վերցնում,  ըստ որի`  մինչ 2010 թ. սեպտեմբերը Նարեկն է ղեկավարել ընկերությունը, և հարկերից չարամտորեն խուսափելու, ինչպես նաև փողերի լվացման հիմքով մեղադրանք է առաջադրում Նարեկին ու կալանավորում նրան: Չորս օր անց Նարեկին ազատում են:

Հիմա արդեն կասկածից վեր է, որ քննիչ Ռաֆայել Մկրտչյանը, Սևակ Արզարունին և Արտյոմ Մարտիրոսյանը դիմել են ակնհայտ կեղծիքի ու ստի, ինչի  հետևանքով լրջորեն  խախտվել են  Նարեկի և ընկերության մյուս ներկայացուցիչների  իրավունքները:

 

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

 

Դիտվել է 1654 անգամ:
Print Friendly

Leave a Reply