«Մայրիկն » այն դեղահաբն է, որով բժշկվում է յուրաքանչյուր հայ. Անրի Վերնոյի գլուխգործոցը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 7, 2012 11:40

Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) «Մայրիկ» ֆիլմը յուրաքանչյուր շարքային հայի պարծանքն է: Այն կենսագրական ֆիլմ է ցեղասպանությունից մազապուրծ մի հայ ընտանիքի մասին: Բայց քչերին է հայտնի, որ Վերնոյը «Մայրիկը» նկարահանել է հայազգի գրող Անրի Թրուայայի առաջարկով:

«Չէի սպասում, որ «Մայրիկն» այսքան հաջողություն կունենա»

 «Նախ` սցենարն ինձ ոգևորեց: Հետո անչափ ներշնչանք ապրեցի, ասես մեկն ինձ ասում էր` ֆիլմը մեծ հաջողություն է ունենալու: Փորձեցի դերընտրություն անել, արդյունքում նկարահանվեցին լավագույնները: Իհարկե, շատ դերասաններ ու ստեղծագործական մասի աշխատողներ ինձնից նեղացան, որովհետև եթե ինչ-որ բան ինձ դուր չէր գալիս, միանգամից շտկում էի»,- 1996-ին ֆրանսիական մամուլին տված մի հարցազրույցի ժամանակ ասել է Անրի Վերնոյը:

Ֆիլմի սցենարը գրվել է ավելի քան 40 տարբերակով, բայց միայն մեկը` լավագույնն է 1985-ին հրապարակվել և թարգմանվել տասը լեզվով, տպագրվել ընդհանուր 200 հազար օրինակով: Իսկ գրքի հայերեն տարբերակը հրատարակվեց 1988 թ.:

Լրագրողների այն հարցին, թե ֆիլմը նոր-նոր է բարձրացել էկրաններին, բայց արդեն մրցանակներ է ստանում, ռեժիսորը կես կատակ, կես լուրջ պատասխանել է` նախանձո՞ւմ եք: Եվ հետո շարունակել. «1991-ին ֆիլմը, այո, արժանացավ Ֆրանսիական ազգային կինոակադեմիայի մրցանակին, բայց ինձ համար ամենակարևոր մրցանակը հանդիսատեսի գնահատականն է»:

«Եվրոպական կինոյի ամենաթանկ կտորը»

«Վերնոյին, անշուշտ, հաջողվում է այնքան ցայտուն ու ճշգրիտ ներկայացնել կյանքը, որ հանդիսատեսի աչքերից ուղղակի արցունքներ են գլորվում»,-1994-ին գրում էր «Լը Մոն դը Պաղին»:

1991-ին Վերնոյը դերընտրության է հրավիրում Ֆրանսիայի լավագույն դերասաններին: Մոր դերի համար ընտրվում է անզուգական Կլաուդիա Կարդինալեն (ֆիլմում` Արաքսի), հոր դերը վստահվում է տաղանդավոր Օմար Շարիֆին (ֆիլմում` Հակոբ), այս շարքում են նաև Իզաբել Սադոյանը (Աննա` Ազատի մորաքույրը) և Նատալի Ռասելը (Գայանե` Ազատի մյուս մորաքույրը): Իսկ ահա Ազատի դերի համար պայքարում է ավելի քան 600 երեխա: Վերջապես Վերնոյը որոշում է 7-ամյա փոքրիկ Ազատի դերը վստահել Կեդրիկ Դուկետին, 12-ամյա Ազատը Թոմ Պոնսին է, 20-ամյան` Ստեֆան Սերվայսը: Իսկ Ազատի հիմնական կերպարը Վերնոյը վստահում է  Ռիչարդ Բերիին:

Վերնոյը մեծ տեղ է տվել «Մայրիկի» երաժշտական ձևավորմանը և երկար փնտրտուքներից հետո վերջապես գտել իր ուզածը: Ֆիլմի երաժշտական մասը գերազանց է կատարել Ժան Կլոդ Պատին:

Ֆրանսիական «Փարիզյան խայծ» ամսագիրն արձանագրել էր, որ Վերնոյի ֆիլմը եվրոպական կինոյի ամենաթանկ կտորն է…

«Մայրիկն » ու «Պարադի փողոց 588»-ը

Վերնոյին շատ են հարցրել, թե ինչու է ֆիլմի անունը «Մայրիկ»: Նա բոլորին էլ հային հատուկ բացատրություն է տվել. «Որովհետև մայրն է ընտանիքի կապող օղակը»: Հետաքրքրական է նաև ֆիլմի երկրորդ մասի ենթավերնագիրը` «Պարադի փողոց 588»: Քչերը գիտեն, որ սա Մալաքյանների տան հասցեն էր Մարսել քաղաքում:

Պատմակենսագրական այս ֆիլմերում Վերնոյն իր ընտանիքի օրինակով է պատմում հայոց ցեղասպանության և հետևանքների մասին: Ցեղասպանությունից մազապուրծ այս ընտանիքի պատմությունը կարող է շատ մոտ լինել այդ ժամանակահատվածում ապրած շատ ընտանիքների պատմություններին: Ընտանիքը ապաստանում է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Գործողությունները ծավալվում են 1921-ից սկսած, երբ ընտանիքին միավորում, ուժ ու կորով է հաղորդում ամուր սերն ու ջերմությունը:

Ընտանիքը բազում դժվարություններ է հաղթահարում, բայց մնում է ամուր ու միասնական: Չափահաս Ազատի համար ընտանիքն իրեն շատ բաներից է զրկում: Ազատը սովորում է Մարսելի լավագույն դպրոցում, իսկ դպրոցի ուսման վարձը վաստակում են շապկագործ դարձած մայրն ու մորաքույրները և գործարանում գիշերն աշխատող հայրը: Գլխավոր նպատակը Ազատին լավ կրթություն տալն էր:

Հետաքրքրական է, օրինակ, մի դրվագ, որ զուգորդվում է նաև Վերնոյի կյանքի հետ: Ազատը մի օր մտնում է տուն և ուրախ-ուրախ ծնողներին հայտնում, որ ցանկանում է ռեժիսոր դառնալ: Ընտանիքի անդամները խորը հիասթափություն են ապրում,  և նա ասում է, թե ընդամենը կատակ է անում, ցանկանում է ինժեներ դառնալ: Ինժեների բարձրագույն կրթությունը, սակայն, Ազատին ոչինչ չի տալիս. նա դառնում է ռեժիսոր …

Հոր երազանքը

Անցած տարի «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Հայաստան էին ժամանել Վերնոյի ընտանիքի բոլոր անդամները` որդու Պատրիկ Մալաքյանի գլխավորությամբ: Ատոմ Էգոյանից  ստանալով կինոփառատոնի գլխավոր մրցանակը` Պատրիկ Մալաքյանը  փաստեց, որ սա կլիներ ռեժիսորի կյանքի ամենաերջանիկ օրը, քանի որ կատարվել է նրա տարիների երազանքը` «Մայրիկ» ֆիլմը հանձնել հայաստանյան հանդիսատեսի դատին: Օրը Մալաքյանների ընտանիքի համար հիշարժան էր: Պատրիկը հիշում է Վերնոյի մշտական պահանջը: «Կարծես այս արտահայտությունը միշտ իմ ականջներում է: Հայրս ասում էր` տղաս, երբեք չմոռանաս անցյալի ողբերգությունը»,- նշում է Պատրիկը:

 Հայ մայրիկը` Կլաուդիա Կարդինալեն

Բոլոր դերակատարներն էլ ֆիլմից ունեն անմոռաց հիշողություններ, այդ թվում է նաև ֆրանիսացի (ծնունդով իտալուհի է, բայց իրեն համարում է ֆրանսուհի,-հեղ.) մեգաաստղ Կլաուդիա Կարդինալեն: Անդրադառնալով «Մայրիկ» ֆիլմի նկարահանման հրապարակից պահպանված հիշողություններին` Կարդինալեն ընդգծում է. «Մայրիկը» Անրի Վերնոյի համար չափազանց կարևոր ֆիլմ էր»:

Վերնոյը մեծ դերասանուհուն իր ֆիլմում նկարահանվելու է հրավիրել նրա աստղային ճանապարհի սկզբին` դեռ 1959-ին: Բայց Վերնոյի ու Կարդինալեի հանդիպումը կինոհրապարակում տեղի ունեցավ 1990-ին, երբ ռեժիսորը «Մայրիկի» գլխավոր հերոսուհու դերակատարի տենդագին որոնումների մեջ էր: Թե ինչպես եվրոպական կինոյի հրաշագեղ գեղեցկուհու կերպարում Վերնոյը գտավ իր երազած արտիստուհուն, որը բացարձակ ճշգրտությամբ ու նվիրումով խաղաց քնքուշ ու անձնուրաց հայուհուն, դժվար է ենթադրել:

Տասնամյակներ անց դերասանուհին պատմում է, որ այդ շրջանում ռեժիսորը ոգևորված էր ու ասում էր, որ էկրան է բարձրացնելու իր ու իր ընտանիքի պատմությունը: «Անրին ուզում էր, որ ես իր պատմությունը կերտեմ էկրանին: Դա շատ դժվար էր. եթե հիշում եք, ֆիլմի առաջին մասում իմ հերոսուհին դեռ երիտասարդ` 35 տարեկան կին է, իսկ արդեն երկրորդ մասում նա հատել է 80-ի սահմանագիծը: Անրին ապրում էր այդ ֆիլմով և կարծում եմ, որ «Մայրիկը» հայոց պատմության համար կարևոր ֆիլմ դարձավ: Գիտեք, մայրս իմ բոլոր դերերից ավելի սիրում է այս ֆիլմում ստեղծած կերպարս»,-խոստովանում է դերասանուհին:

Ֆիլմի Աբգարը` Ժաքե Ներսիսյան

-Անրի Վերնոյն ինձ ասաց, որ իրականում Աբգար անունով մի տղա է եղել, որն այդ բոլոր դժբախտությունների միջով անցել է: Աբգարի մասին ես սկսեցի շատ հետաքրքրվել, ինձ հետաքրքիր էր, թե ինչպիսի՞ն է իրականում եղել այդ մարդը: Իմացա ամենակարևորը` նա սակավախոս էր,- ասում է Ժաքե Ներսիսյանը:

Կես կատակ, կես լուրջ խոստովանում է, որ ոչ թե Վերնոյն է իրեն ընտրել դերի համար, այլ ինքն է ընտրել նրան:

«Սկզբնական շրջանում ծրագրված էր, որ ես մեկ օրվա դեր եմ խաղալու, մի փոքրիկ էպիզոդիկ դեր: Անչափ վիրավորված էի: Ամեն գնով իմացա Անրի Վերնոյի հեռախոսահամարը: Շատ դժվարությամբ ինձ հաջողվեց կապվել նրա հետ, ասացի` դուք իմ հանդեպ սխալ եք վարվել, մի կարգին դերընտրություն չարեցիք: Այդ պահին չմտածեցի, թե  փաստորեն ինչ հայտնի մարդու հետ եմ խոսում: Վերնոյն ասաց. «Տղա՛, ի՞նչ ես ուզում ինձնից, հեռու մնա»: Բայց ես խնդրեցի, որ ընդամենը 5 րոպե ինձ տրամադրի, ընդամենը 5 րոպե, ասաց, որ ժամանակ չունի»,- հիշում է Ներսիսյանը:

Այնուամենայնիվ որոշ ժամանակ անց Ժաքեին հաջողվում է զրուցել Վերնոյի հետ: Հիշում է, որ ռեժիսորին խոստացած 5 րոպեն դառնում է մեկուկես ժամ:

«15 օր հետո պարոն Վերնոյը զանգեց ու ասաց, որ բավական լուրջ դեր է ինձ վստահում: Եվ երբ ամեն ինչ փայլուն անցավ, պրեմիերան ուղղակի ֆանտաստիկ էր, Վերնոյը, աչքերն արցունքոտված, ասաց. «Տեսնո՞ւմ ես, իսկ ես Աբգարի դերն ուզում էի վստահել Շառլ Ազնավուրին»,- ժպիտով հիշում է դերասանը:

Ֆիլմի հոր անկեղծությունը

«Մայրիկ» ֆիլմում հոր դերը Վերնոյը վստահեց Օմար Շարիֆին: Նա էլ լրատվամիջոցների հետ պարբերական զրույցների ժամանակ նշում է, որ իր համար մեծ հպարտություն էր աշխատել մեծանուն ռեժիսորի հետ:

Լիբիացի գաղթական հոր զավակը, ստանալով ճշգրիտ` մաթեմատիկոս-ֆիզիկոսի որակավորում (Կահիրեի համալսարան), կարծես մաթեմատիկական ճշգրտությամբ է մարմնավորում հայ մարդու կերպարը: «Հիշում եմ, որ Վերնոյն ինձ հաճախ էր ուղղում: Ցանկանում էր, որ ամեն ինչ գերազանց լինի: Մեզ նույնիսկ ծավալուն գրքեր էր հանձնարարում կարդալ, որ կերպարը հասկանալի լիներ»,- ասում է Շարիֆը:

Ի դեպ, այս ֆիլմում նկարահանվելու պատճառով Շարիֆին մինչ օրս

արգելված է մուտք գործել Թուրքիա: Բայց երեք «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի արժանացած դերասանը չի ափսոսում, որ նկարահանվել է «Մայրիկ» ֆիլմում:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է 3839 անգամ:
Print Friendly

Leave a Reply