«Նոյան տապան»-ի գաղափարն ընդունվել է, կառուցման վայրը՝ ոչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 1, 2012 16:32

Վերջերս որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել այն մասին, թե Հանրային խորհրդում «Նոյան Տապան» գիտակրթական-պատմամշակութային համալիրի կառուցման վերաբերյալ դրական որոշում է կայացվել:

Հանրային խորհրդի լրատվական ծառայությունից հերքում են այդ լուրը՝ տեղեկացնելով, որ փետրվարի 22-ին ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նիստում քննարկվել է «Նոյան Տապան» գիտակրթական պատմամշակութային համալիրի կառուցման հարցը: Արդյունքում, հանձնաժողովը որոշել է հավանություն տալ նախագծի գաղափարախոսական մասին, սակայն Երևանի համար խիստ կարևոր նշանակություն ունեցող «Հաղթանակ» զբոսայգին համալիրի կառուցման համար համարել ոչ նպատակահարմար:

Նիստին ներկա են եղել հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը, ենթահանձնաժողովի անդամներ, «Նոյան Տապան» գիտակրթական պատմամշակութային համալիրի կառուցման նախաձեռնող խմբի անդամներ Թորոս Ումրիկյանը, Սոս Սարգսյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Կարեն Աղամյանը և Լևոն Թոքմաջյանը: Հրավիրված են եղել նաև Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և մի շարք հեղինակավոր ճարտարապետներ՝ Ալբերտ Զուրաբյանը, Ռուբեն Հասրաթյանը և ուրիշներ:

Նախաձեռնող խմբի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանը ներկայացրել է «Նոյան Տապան»-ի կառուցման գաղափարն ու նպատակները: Նախաձեռնության հեղինակների խոսքով, չորսհարկանի համալիրը կառուցվելու է աստվածաշնչյան Նոյան Տապանի իրական չափերով (երկարությունը՝ 130 մ, լայնությունը՝ 22 մ, բարձրությունը՝ 13 մ), որտեղ տեղադրվելու են տապանի կենդանական և մարդկային բնօրինակների մոմե տարբերակները, իսկ տապանը դիտակետ է հանդիսանալու Արարատի համար: Բացի թանգարանային և գիտակրթական հատվածներից, համալիրում լինելու են նաև ժամանցի գոտիներ և հյուրանոց:

Նախաձեռնողները համոզված են, որ այդ յուրօրինակ համալիրը բազմաթիվ զբոսաշրջիկներ կհավաքի իր շուրջ աշխարհի տարբեր վայրերից: Նախաձեռնողները համալիրի կառուցման վայրը նախատեսում են «Հաղթանակ» զբոսայգու տարածքում:

ՀԽ անդամ Սոս Սարգսյանը ողջունել է գիտակրթական-պատմամշակութային համալիրի կառուցման գաղափարը ե՛ւ տուրիզմի, ե՛ւ հոգեւոր մշակույթի զարգացման տեսանկյունից: Կարեն Աղամյանի կարծիք է հայտնել, որ համալիրը կդառնա կրոնների համերաշխության կենտրոն, որովհետև այն խորհրդանշում է ողջ մարդկության վերածնունդը: Թորոս Ումրիկյանը (զբոսայգու տնօրեն) անդրադարձել է զբոսայգու ներկայիս անխնամ վիճակին, տարածքների զավթումին՝ նշելով, որ ծրագրի իրագործումը կնպաստի այգու բարեկարգմանն ու նպատակային շահագործմանը:

Ճարտարապետները ևս ողջունել են գաղափարը, սակայն մի շարք հարցեր բարձրացրել՝ մասնավորապես կառուցման վայրի քաղաքաշինական առանձնահատկությունների վերաբերյալ: Ճարտարապետ Լևոն Վարդանյանի կարծիքով, տուրիստական այդ կենտրոնը կարելի է կառուցել մեկ այլ վայրում, օրինակ՝ Արարատի մարզում: Ճարտարապետ Հրաչ Պողոսյանն էլ նշել է, որ «Նոյան Տապան»-ի հսկայական ֆոնի վրա Մատենադարանը կնմանվի խրճիթի: Ռուբեն Հասրաթյանն էլ ավելացրել, որ «Հաղթանակ» զբոսայգում այդպիսի ծավալատարածքային կառույց ունենալը թե՛ չափերի և թե՛ ֆունկցիոնալ իմաստով սխալ է, որովհետև, ըստ նրա, անհրաժեշտ են լինելու նաև այդ կառույցը սպասարկող լրացուցիչ օբյեկտներ՝ ավտոկայանատեղի, ասֆալտապատ ավտոճանապարհներ և այլն:

Քննարկման արդյունքում ճարտարապետները եկել են այն եզրակացության, որ տապանի տեղադրման քաղաքաշինական առաջարկությունն անընդունելի է, քանի որ.

1.ծրագրի իրագործումը բուն տապանի ծավալից բացի պահանջելու է սպասարկման տարբեր կարգի ու բնույթի ենթակառուցվածքներ, որոնց ապահովման համար այգին չունի բավարար տարածքներ,

2.տապանի բնական չափերի ապահովման դեպքում հետին պլան կմղվի Հաղթանակի հուշահամալիրը, որը ոչ միայն պատմականորեն զբոսայգու այցեքարտն է, այլև հանրապետական նշանակության պատմաճարտարապետական հուշարձան, որի պահպանման գոտին ընդգրկում է այգու ներկայիս ողջ հարավային լանջը,

3.բուն տապանի ծավալը ճնշող ազդեցություն կունենա նաև հարակից պատմաճարտարապետական հուշարձանների, այդ թվում՝ Մատենադարանի վրա:

Դիտվել է 2524 անգամ:
Print Friendly

Leave a Reply