Դաշնակցության գործը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 3, 2012 14:19

 «Դաշնակցության գործի» դատավարությունն սկսվեց 1912 թ. հունվարի 17-ին, Պետերբուրգի Սենատի դատական ատյանում և տևեց ավելի քան երկու երկար ու ձիգ ամիս:

«Դաշնակցության գործով» դատավարության մեջ ընդհանուր առմամբ կային 159 մեղադրյալներ, որոնցից ինը հոգին բացակայում էին, իսկ երկուսը մահացել էին բանտում` մինչ դատավարության սկսվելը: Մեղադրյալների մեջ կային անվանի գործիչներ` Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Ներսես վարդապետ Մելիք-Թանգյան (ապագայում արքեպիսկոպոս), մեծահարուստ Ա. Մելիք-Ազարյան, գրող, հասարակական գործիչ Ավետիս Ահարոնյան, Հովհաննես Քաջազնունի, Դրաստամատ Կանայան, Սիմոն Վրացյան, Համո Օհանջանյան և այլք: Դատապարտվածների մեջ մեծ էր նաև հայ հոգևորականության թիվը, այն անձանց, որոնք այս կամ այն կերպ աչքի էին ընկել 1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ:

Հայ բանտարկյալների մեծ մասը կալանված էր Շլիսելբուրգի ամրոցում: 1912 թ. մարտի 19-ին հրապարակված դատավճռով մեղադրյալներից անմեղ ճանաչվեց 94 հոգի, 4 հոգի դատապարտվեց տաժանակիր աշխատանքի` 4-6 տարի ժամկետով, մյուսները դատապարտվեցին ավելի փոքր ժամկետներով: Այս կապակցությամբ պետք է նշել, հայերի վարձած փաստաբաններ Կարաբչևսկու և Զարուդնու արդյունավետ աշխատանքը, որոնք կարողացան ապացուցել, որ Դաշնակցության գործունեության մեջ որևէ հակապետական գործոն չկա:

Իսկ գործի էությունը հայ քաղաքական միտքը գլխատելն էր, որն իրեն փայլուն դրսևորեց 1905 թ. կառավարության կողմից հրահրված հայ-թաթարական ընդհարումների ժամանակ: 1905 թ. երկրում սկիզբ առած հեղափոխական շարժումները ճնշելու համար Ռուսաստանի կայսերական կառավարությունը որոշեց միջոցներ ձեռք առնել բնակչության ուշադրությունը հեղափոխական շարժումներից շեղելու համար: Կայսրության ամենաանհանգիստ տեղամասը Կովկասն էր, և Պետերբուրգի կառավարությունն այստեղ հայերի և թաթարների միջև ազգամիջյան բախումներ հրահրեց: Հայերը հզոր հակահարված հասցրին թաթարներին և անգամ ահաբեկեցին ընդհարումների պատասխանատուներին:

Ռուսաստանի վարչապետ Պ.Ստոլիպինը դիվային ծրագիր հղացավ, այն է` կարգ ու կանոն հաստատելու համար մեկուսացնել Անդրկովկասի քաղաքական ուժերին ու աչքի ընկնող անհատներին: Բնականաբար, առաջին հարվածը պիտի հասցվեր Հայ Յեղափոխական դաշնակցությանը, քանզի ՀՅԴ-ն իրավամբ ամենակազմակերպված և ռեալ ուժն էր, և ոչ միայն Անդրկովկասում: Ռուսական կաբինետը ծրագրերն իրականացնելու համար սոսկ առիթ էր որոնում, և այն երկար չսպասեցրեց: Շուտով դաշնակցության շարքերում լուրջ պառակտում եղավ: Գաղափարական անհամաձայնության պատճառով Գաբրիել Քեշիշյանին (խմբապետ Միհրան) ՀՅԴ բյուրոն վտարեց կուսակցության շարքերից, քանզի նա ՀՅԴ բյուրոյին շարունակ քննադատում էր վարած քաղաքականության համար:

Վտարվելով կուսակցության շարքերից` Գաբրիել Քեշիշյանը փորձեց Ժամանակավոր զինվորական խորհուրդ ստեղծել, որը պետք է զբաղվեր միայն Արևմտյան Հայաստանի ազատագրության խնդիրներով: Դրությունը կուսակցության ներսում ծայրաստիճան սրվեց. մի քանի սպանություններ եղան: ՀՅԴ Բյուրոն որոշելով, որ Միհրանն իր գործունեությամբ պառակտում է ազատագրական պայքարը և ստվեր նետում կուսակցության վրա, որոշեց ահաբեկել նրան: Սակայն Միհրանը չսպանվեց, այլ ծանր վիրավորվեց: Դրանից հետո նա ոստիկանությանը մատնեց իրեն հայտնի որոշ գաղտնիքներ Դաշնակցության գործունեությունից: Ստեղծված առիթից օգտվելով` կառավարությունը բացեց «Դաշնակցության գործը»:

Այն, որ «Դաշնակցության գործը» սարքած էր և ռուսական պետական մեքենայի հորինվածքը, ապացուցում է Կովկասի փոխարքա կոմս Ի.Վորոնցով-Դաշկովի նամակը` ուղղած Նիկոլայ Բ կայսրին: Նամակը թվագրված է 1913 թ. հուլիսի 11-ով: Նրանում Կովկասի փոխարքան կրկին հավաստում է իր հավատամքը հայերի հավատարմության նկատմամբ: Նա մասնավորապես նշում է, որ Կովկասի հայերը ոչ միայն անջատողական ձգտումներ չունեն, այլև նրանց ջանքերի ու աշխատանքի շնորհիվ է Թուրքիայի հայությունը ցանկանում միանալ Ռուսաստանին: Նամակում կոմսը նաև արտահայտում է իր տեսակետը, որ Կովկասում հայերի ըմբոստությունը հենց իշխանություններն են ստեղծել նրանց կրոնական և ազգային զգացմունքների նկատմամբ ոչ զգուշավոր մոտեցումներով: Մի խոսքով, անվանի գործիչը «Դաշնակցության գործը» հերյուրանք է համարում, սուտ ու հորինված կայսերական որոշ իշխանավորների կողմից:

Պետք է նշել, որ «Դաշնակցության գործի» նման ելքի համար քիչ ջանքեր չգործադրեց նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ն, որ 1912 թ. իր ընտրությունից անմիջապես հետո բազմիցս նամակներով համառորեն դիմում էր Կովկասի փոխարքային, անձամբ Նիկոլայ Բ կայսրին` խնդրելով բարեհաճ լինել հայերի հանդեպ և դադարեցնել կեղծ մեղադրանքների հիման վրա սկսված դատավարությունը: Նա անգամ Պետերբուրգ մեկնեց` ներկայանալով կայսրին և համապատասխան պաշտոնյաներին:

Իր հերթին իր ազդեցությամբ քիչ ջանք չներդրեց Պետական դումայի հայազգի անդամ Միքայել Պապաջանյանը, որ նույնպես բազում դիմումներով հեղեղում էր պետական և դատական ատյանները ամբաստանյալներին ազատ արձակելու խնդրանքով:

Դատավարության ողջ ընթացքում Ռուսաստանի ազատական մամուլը, մտավորականները, քաղաքական գործիչներն իրենց հրապարակումներում դատապարտում էին կառավարության կեցվածքն ու իրենց աջակցությունն արտահայտում մեղադրյալներին:

Քիչ չէին նաև քաղաքական դրդապատճառները: Բոլորին պարզ էր, որ հասունանում է Առաջին համաշխարհային պատերազմը և ռուսական կառավարությանը օդի ու ջրի պես անհրաժեշտ էր լինելու հայ ժողովրդի աջակցությունը թուրքական ճակատում: Ռուսական կաբինետը հասկանում էր, որ եթե գլխատի հայությանը, որ, ըստ էության, կլիներ դատավարության մեղադրող կողին հագուրդ տալու դեպքում, կզրկվի հայ ժողովրդի աջակցությունից: Հայ Յեղափոխական դաշնակցությունն իրավամբ հայության առաջամարտիկն էր ազատագրական պայքարի բովում, և նրա տեղը ոչ մի կուսակցություն և քաղաքական ուժ չէր կարող լրացնել: Բացի այդ, առաջիկա պատերազմում ունենալ հայ ժողովրդի ատելությունն ու թշնամանքը, նշանակում էր իսկական ռումբ ունենալ թիկունքում` սեփական տանը:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 2692 անգամ:
Print Friendly

Leave a Reply