Գայ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 6, 2012 7:16

Հայ ռազմարվեստի պատմության ականավոր գործիչներից է Հայկ Դմիտրիի Բժշկյանը: Նա ծնվել է 1887 թ. փետրվարի 7-ին Պարսկաստանի Թավրիզ հայաշատ քաղաքում, ուսուցչի ընտանիքում: Իր նախնական կրթությունն ստացել է Թավրիզի Բերդի թաղի Արամյան ծխական դպրոցում: 1901 թ. շնորհաշատ երիտասարդն ընտանիքով տեղափոխվում է Կովկաս, հաստատվում Թիֆլիսում և ուսման անցնում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

Պատանեկան տարիներից Հայկ Բժշկյանցը հրապուրվում է հեղափոխական գործունեությամբ և անցնում է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության շարքերը: Ներսիսյան դպրոցում ուսանելու տարիներին էլ ընդհատակյա հեղափոխական գործունեություն է ծավալում, ինչի պատճառով հեռացվում է դպրոցից:

Դպրոցից հեռացվելուց հետո հնչակյանների առաջադրանքով Բժշկյանցը հայտնվում է Բաքվում: Այստեղ նա շարունակում է հեղափոխական գործունեությունը, աշխատում նավթահանքերում: Մասնակցում է բանվորական գործադուլներին և կալանվում ցարական իշխանությունների կողմից:

Բժշկյանցը նաև հրապարակախոս էր. իր հրապարակախոսական աշխատությունները տպագրում էր «Բանվոր», «Բանվորի ձայն»,«Ձայն», «Գաղափար» և այլ թերթերում, «Բանվոր Հայկ» ստորագրությամբ: Նրա ակտիվությունն աննկատ չի մնում, և 1911 թ. դարձյալ բանտարկվում է, այս անգամ` Թիֆլիսում` Մետեխի բանտում, որտեղից էլ աքսորվում է Աստրախան:

Առաջին աշխարհամարտի սկզբին Հայկ Բժշկյանցը կրկին Կովկասում էր և ակտիվորեն ներգրավված էր հայ կամավորական շարժման մեջ: Նա նախ ուսման է անցնում Թիֆլիսի սպայական դպրոցում, ապա նոր կազմավորված հայկական կամավորական զորաջոկատների կազմում մեկնում է Երկիր` պայքարելու թուրքերի դեմ: Գայն ի սկզբանե 6-րդ կամավորական զորաբանակում հեծյալ վաշտի հրամանատարն էր` ռուսական բանակի ենթասպայի կոչումով: Հետագայում` զորաջոկատի հրամանատարի մահից հետո, գլխավորեց այն: Նրա զորաբանակը աչքի ընկավ բազում մարտերով: Ցարական կառավարությունը Բժշկյանցին անձնական արիության համար պարգևատրեց Գեորգիևյան խաչով ու Սբ Աննայի չորրորդ աստիճանի շքանշանով: Հետագայում նա դարձավ թիկունքում գործող հայկական պահեստային աշխարհազորային զորաջոկատների հրամանատար:

1917 թ. Հայկ Բժշկյանցը հեռացավ Հնչակյան կուսակցությունից, մեկնեց Ռուսաստան, ընդունվեց ՌՍԴ(բ)Կ շարքերը:

Ռուսաստանում նոր հորիզոններ բացվեցին Գայի առջև. նա անմիջապես ներգրևավվեց ռուսական հեղափոխության հորձանուտն ու մասնակցեց  Հոկտեմբերյան հեղափոխությանը, ապա քաղաքացիական պատերազմին: Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի Կազան-Սիմբիրսկ-Սամարա ճակատը ամենալարվածն էր, և Գայը աչքի ընկավ հենց այդ շրջանում: Բոլշևիկյան կուսակցության հանձնարարությամբ ձեռնամուխ եղավ զինված ջոկատների կազմավորմանը: Փաստորեն, Գայը ձևավորեց Կարմիր բանկի առաջին հեծյալ զինաջոկատները:

Նրա մարտական առաջին մկրտությունը ռուսական ճակատում սպիտակ չեխերի և  սպիտակ գվարդիական գեներալ Դուտովի գլխավորած Օրենբուրգյան կազակների  դեմ ձեռնարկած հաջող արշավանքն էր, որն անմիջապես մեծ փառք բերեց նրան:

Գայն արագ կարերիա ապահովեց Կարմիր բանակում: Նրա ստանձնած հրամանատարական պաշտոններն էին դիվիզիայի հրամանատար, ռազմաճակատի հրամանատարի տեղակալ: 1918 թ. նրա կյանքում եղավ առաջին ձախողումը. Գայը չկարողացավ պաշտպանել Սիմբիրսկն ու տեղի տվեց գեներալ Կապելի գերազանց ուժերին:

Նրան փառք բերեց հատկապես 24-րդ դիվիզիայի հրամանատարի պաշտոնը: Դիվիզիան անցած դժվարին ուղիով վաստակեց «Երկաթե դիվիզիա» անվանումը: Այս դիվիզիայով էլ նա սպիտակներից  հետ գրավեց Սիմբիրսկն ու գրեց իր հայտնի նամակը Լենինին:

Գայի հրամանատարությամբ  Երկաթե դիվիզիայում էր ծառայում նաև ապագա ԽՍՀՄ մարշալ, Հայրենական մեծ պատերազմի հերոս Գեորգի Կոստանտինովիչ Ժուկովը, որին, փաստորեն, հենց Գայն ուղարկեց հեծելազորային բարձրագույն դպրոց` սկիզբ դնելով նրա զինվորական կարերիային: Հետագայում իր հուշերում մարշալ Ժուկովը միշտ գովեստով ու հիացմունքով է արտահայտվել Բժշկյանցի մասին:

1918 թ. դեկտեմբերին Գայը նշանակվեց Արևելյան ռազմաճակատի առաջին բանակի հրամանատարի տեղակալ և պայքարի մեջ մտավ Կոլչակի բանակի դեմ: Կոլչակի ջախջախումից հետո բոլշևիկյան կուսակցությունը Գային նետեց Կովկասյան ճակատ, ուր նա` որպես Երկրորդ կովկասյան հեծյալ կորպուսի հրամանատար, իր դիվիզիայով պայքարի մեջ մտավ Դենիկինի դեմ:

Կովկասից հետո Բժշկյանցն անցավ արևմտյան ռազմաճակատ, պատերազմեց Լիտվայում, Բելառուսում, Արևելյան Պրուսիայում:

1922 թ. հոկտեմբերից Ալեքսանդր Մյասնիկյանի ջանքերով Հայկ Բժշկյանցը վերադարձավ Հայաստան և զբաղեցրեց ՀԽՍՀ ռազմական գործերի ժողկոմի, ապա` հանրապետության ռազմական կոմիսարի պաշտոնը: Հայաստանում Գայը մեծ աշխատանք ծավալեց Խորհրդային Հայաստանի ռազմական ուժերի ձևավորման գործում:

1924 թ. Գայը կրկին Ռուսաստանում էր, նա նշանակում է ստանում Կարմիր բանակում` միաժամանակ ուսումը շարունակելով ԲԳԿԲ ռազմական գերագույն ակադեմիայում: 1924-1925 թվականներին նա Մինսկի զինվորական շրջանի հրամանատարն էր: 1927 թ.Գայն ավարտում է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, անցնում դասախոսական աշխատանքների Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայում:

Առհասարակ, Գայը ժամանակի լավագույն ռազմական տեսաբաններից էր: Նա բազում աշխատությունների հեղինակ է, որոնք վերաբերում են ռազմարվեստի պատմությանը և տեսությանը: Գայը նաև գրքերի հեղինակ էր. նրա գործերից առավել հայտնի են «Դեպի Վարշավա», «Առաջին հարվածը Կոլչակին», «Պայքար չեխոսլովակների դեմ Միջին Վոլգայում», «Գերմանական ճամբարում», «Ռուս-ճապոնական պատերազմը», «Գերմանական գերության մեջ», «Կարմիր բանակի մասին», «Գետանց», «12 տարի առաջ», «Մացակ բիձան» գրքերը, որոնք թարգմանվել են աշխարհի բազում լեզուներով:

Նա նաև  ընտրվել է Հայաստանի, Անդրֆեդերացիայի, Բելառուսի կենտգործկոմների անդամ: Պարգևատրվել է Կարմիր դրոշի երկու շքանշաններով:

Սակայն Գայի վաստակը խորհրդային զինված ուժերի կայացման, առհասարակ խորհրդային իշխանության հաստատման գործում չփրկեց ստալինյան յաթաղանից: 1935 թ. հունիսի 3-ին Հայկ Բժշկյանցը ձերբակալվեց: Պաշտոնական մեղադրանքը «Հակասովետական ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելն» էր: Կտտանքներն ու դատավարությունը երկու տարի տևեցին: ՆԳԺԿ աշխատակիցները կարողացան Գայից կտտանքների արդյունքում  ստորագրություն «պոկել» նամակի տակ` ուղղված Գ. Յագոդային, որում Գայը իբր խոստովանում է, որ հարբած ժամանակ մի անկուսակցականի ասել է, թե հարկավոր է վերացնել Ստալինին, միևնույն է, նրան վաղ թե ուշ կվերացնեն:

1937 թ. դեկտեմբերի 11-ին  ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական տրիբունալը Գային մեղավոր ճանաչեց և դատապարտեց գնդակահարության: Դատավճիռն անմիջապես` նույն օրն ի կատար ածվեց:

1956 թ. հունվարի 21-ին Հայկ Բժշկյանցը հետմահու արդարացվեց:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 2247 անգամ:
Print Friendly

Leave a Reply