Անակնկալ Սյունյաց աշխարհից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 5, 2012 7:11

Պարզվում է, որ Սյունիքի մարզը ԼՂՀ-ի հետ սահման չունի, իսկ մարզի արևելյան սահմանակից հարևանը Ադրբեջանի Հանրապետությունն է:

Համենայն դեպս, այդպիսի տվյալներ են հրապարակված 2004 թ. տպագրված «Սյունիքի մարզի դեղին էջեր» գործարար տեղեկագրքում, որում մի ուշագրավ «նորություն» կա: Երրորդ էջին պատկերված է Սյունիքի մարզի քարտեզը, որի կողքին տեղադրված են Սյունիքի մարզի վերաբերյալ համառոտ տեղեկություններ: Ըստ այդ տեղեկությունների` մարզի սահմանների ընդհանուր երկարությունը 472 կիլոմետր է, որից Իրանի Իսլամական Հանրապետության հետ` 42 կիլոմետր և Ադրբեջանի Հանրապետության հետ` 382 կիլոմետր: Ադրբեջանի հետ սահմանի երկարության 382 կիլոմետր սահմանագծից, ըստ տեղեկագրի, 110 կիլոմետրն է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Այսինքն` մնացած 282 կիլոմետրը, որն իրականում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանն է, նույնպես վերագրվում է Ադրբեջանի Հանրապետությանը: Ու հենց այս «համառոտ տվյալից» էլ ստացվում է, որ Սյունիքի մարզը ԼՂՀ-ի հետ սահման չունի, իսկ ազատագրված տարածքները ադրբեջանական են:

Սույն տեղեկագրի հրատարակիչը եղել է «Կապանի բիզնեսի օժանդակման կենտրոն» ՀԿ-ն: Փորձեցինք պարզել, թե ինչու են նման տվյալներ հրապարակվել: Կազմակերպության փնտրտուքը հասցրեց Սյունիքի մարզպետարան, որտեղից տեղեկացանք, որ այս հասարակական կազմակերպությունն այլևս չի գործում:

Թվում է, թե 8 տարվա վաղեմություն ունեցող տեղեկատուին ուշադրություն դարձնելը անմտություն է, բայց  2004 թ. տպագրած «Սյունիքի մարզի դեղին էջեր» տեղեկատուն միակն է իր տեսակի մեջ, 2004-ից հետո այլևս նման ձեռնարկ չի տպագրվել: Այսինքն` այստեղ տեղ գտած «թերությունները» հետագայում չեն շտկվել: Ի դեպ, մարզպետարանի գործավարուհին, որ փորձում էր ինչ-որ կերպ օգնել մեզ` գտնելու հիշյալ հասարակական կազմակերպությունը, բոլոր տվյալները փնտրում էր հենց նույն` 2004 թ. տպագրված տեղեկատուից: Այն մինչ օրս գործածության մեջ է:

Արժե ուրեմն նշել  այս գործարար տեղեկատուի հրատարակման նպատակն ու նշանակությունը, որը նույն հրատարակության մեջ բերվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի` ընթերցողներին ուղղված խոսքում. «Կարծում եմ` ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի օժանդակությամբ տպագրված այս տեղեկագիրքը հնարավորություն կընձեռի հայրենական և արտասահմանյան գործարարներին առավել արդյունավետ օգտագործելու մարզում առկա մարդկային և բնահումքային ռեսուրսներն ու արտադրատեխնիկական պոտենցիալը»:

Ստացվում է, որ արտասահմանյան պոտենցիալ ներդրող գործարարները կիմանան, որ Սյունիքի մարզը երկու կողմից աքցանված է Ադրբեջանի Հանրապետության սահմաններով:

Տեղեկագրի հրատարակիչ «Կապանի բիզնեսի օժանդակման կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ և տվյալ ծրագրի ղեկավար Գարի Սերգեյանի  հետ կապի տվյալները նույնպես  չհաջողվեց գտնել ո՛չ մարզպետարանից, ո՛չ այդ նույն ծրագրի այլ ղեկավարներից (ծրագրի ղեկավարներից է եղել նաև Սյունիքի մարզի 1998-2000 թթ. մարզպետ Ռոմա Նավասարդյանը, որը, սակայն, նշեց, որ ինքն այս տեղեկատուի հրատարակման ժամանակ արդեն կապ չի ունեցել ծրագրի հետ) և ո՛չ էլ մեկ այլ վայրից:

Ստացվում է, որ բիզնեսն, իրոք, սահման, պետություն, ազգություն և այլ նման բաներ չի ճանաչում, միայն շահ ու շահույթ է հետապնդում: Իսկ թե այդ շահ ու շահույթ հետապնդելու ճանապարհին ինչպիսի արժեքներ ոտնակոխ կլինեն, այնքան էլ հետաքրքիր չէ, նույնիսկ պետական պաշտոնյաներին, որոնք իրենց դրվատական խոսքով ողջունում են նման տգիտությունը:

Հ.Գ.  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, պատրաստվում է թեկնածուական թեզ պաշտպանել «Սյունիքի պատմությունը 1918-1920 թթ.» թեմայով: Ավելի լավ կլինի, եթե նա իր ատենախոսության թեման փոխի և  ուսումնասիրի «Սյունիքի պատմությունը 1991-2004 թթ.»,  գուցե այդպես «հայտնաբերի», որ Սյունիքի մարզի սահմանը Ադրբեջանի Հանրապետության հետ 110 կմ երկարություն ունի: Ընդամենը: Այն էլ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ:

 

 

Դիտվել է 2009 անգամ:
Print Friendly

Leave a Reply