Հայաստանում ապաստան հայցողների աշխարհագրությունը մեծանում է` Չինաստան, Կուբա, Սոմալի, անգամ` Կոտ դ’Իվուար

Հարցազրույց | | March 8, 2012 7:06

Հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի հետ` Հայաստանում ապաստան հայցողների խնդիրների շուրջ:

Պարո՛ն Եգանյանշատերը, ապաստան ասելով, հասկանում են տանիք, կացարան: Ո՞րն է ապաստանի օրենսդրական բնութագիրը:

– Ապաստանն այն է, երբ պարտավորվում ես անձին քո երկրում տալ օրինական ապրելու իրավունք, երաշխավորում, որ առանց իր կամքի հետ չես ուղարկի իր երկիր, և տալիս ես որոշ իրավունքներ` տնտեսական, սոցիալական` նրան շնորհելով փախստականի կարգավիճակ: Իսկ կացավայր տրամադրելն այդ ամենի մի մասն է` կախված ապաստան հայցողի խնդիրներից մինչև երկրի հնարավորությունները: Երկրներ կան, որ ընդհանրապես նման հնարավորություն չունեն, այլ ընդամենը իրենց երկրի տարածքն են տրամադրում, սակայն կան երկրներ, որոնք անգամ առանձին բնակարաններ են տրամադրում: Մեր երկիրն այս երկու ծայրահեղությունների մեջտեղում է:

Երբ 1988-ին Հայաստանում տեղի ունեցավ Ադրբեջանից բռնագաղթած հայերի մեծ ներհոսքը, որքանո՞վ էր պատրաստ Հայաստանը դրան:

– 1988-1992 թթ. 360 000-ից ավելի փախստական եկավ Հայաստան միայն Ադրբեջանից, իսկ 48 000` Խորհրդային Միության այլ տարածքներից: Փաստորեն, մեր բնակչության շուրջ 12 տոկոսն այդ ժամանակ կազմում էին փախստականները: Չկար օրենսդրություն, կարգավիճակ և ընթացակարգ: Շատ երկրներ նման հոսքի չեն դիմացել, և նրանց հասարակության կայունությունը խանգարվել է: Սակայն մենք դիմագրավեցինք նախ և առաջ մեր հասարակության պատրաստակամության շնորհիվ, քանի որ բազմաթիվ ընտանիքներ այդ մարդկանց իրենց հոգածության տակ առան:

Հայաստանում այսօր կայացա՞ծ  է ապաստան տրամադրելու համակարգը:

– 1999 թ. ընդունվեց օրենքը, ստեղծվեց նաև կառավարությանն առնընթեր համապատասխան կառույց, իսկ մինչ այդ սոցապնախարարությունում կար ընդամենը վարչություն, որը զբաղվում էր Ադրբեջանից բռնագաղթածների հիմնախնդիրներով: 2000 թ. շատ փոքրաթիվ հոսք եղավ Իրանից և Թուրքիայից, իսկ 2002-ին առաջին լուրջ ներհոսքը տեղի ունեցավ Իրաքից: Մենք փորձեցինք նախ և առաջ կայացնել ապաստանի տրամադրման համակարգը: Օրենսդրություն մշակեցինք, աշխատողներին կրթեցինք, ստեղծեցինք հատուկ կացարան, որը, մեր պատկերացմամբ, նման է եվրոպական հայտնի  ճամբարներին, սակայն պայմաններով շատ ավելի լավն է (նրանց համեմատ` 4 աստղանի հյուրանոց է): Համակարգն իր առաջին փորձությունը և կայացած լինելու հանգամանքը ստուգեց հենց իրաքյան հոսքի ժամանակ: Մենք դիմագրավեցինք դրան և կարող էինք 1000-ից ավելի դիմումներ ընդունել: Ես կարող եմ օրինակ բերել մեր համակարգի մասին միջազգային կազմակերպությունների գնահատականները, ըստ որոնց` 10-12 տարվա ընթացքում Հայաստանն այս առումով այնքան ճանապարհ է անցել, որքան այլ երկրները 20 տարում էլ չեն անցնում: Մեր օրենսդրությունն ամբողջությամբ վերամշակված է, բոլոր հարցերը կարգավորված են, սակայն բնական է, որ կան նաև խնդիրներ, մասնավորապես` ներքին օրենդրության կատարելագործման, եվրոպական չափանիշներին հասնելու, կացության կարգավիճակ ստացած անձնանց մեր երկրում ինտեգրելու և այլ հարցերում:

Համեմատության համար նշեցիք, որ մեր կացարանն ունի չորսաստղանի հյուրանոցի կարգավիճակ, կմանրամասնե՞ք` ինչ պայմանների մասին է խոսքը:

– Սկզբում մենք ունեինք 10-12 մահճակալ, հետո ընդլայնելով ունեցանք 50 հոգանոց, կահավորված սենյակներ, որտեղ հաշվի են առնված ընտանիքների, երեխաների, հաշմանդամության առկայությունը և այլ հանգամանքներ: Կացարանը լավ վերանորոգված է, ապահովված բոլոր պայմաններով, իսկ բնակիչներին տրվում է չեզոք, չոր սնունդ, որպեսզի նրանք իրենց ճաշակին և ավանդույթերին համապատասխան ճաշեր պատրաստեն: Նրանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ են մատուցում միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունները:

Արդյոք  մեր երկիրն իր ֆինանսական փոքր ռեսուրսներով պատրա՞ստ է նման «շքեղությունների»:

– Հատուկ կացարանի պահպանման համար պետական բյուջեից տարեկան 10 միլիոն դրամ է հատկացվում: Եթե դա պետական տեսանկյունից նայենք, ապա հսկայական գումարների մասին չէ խոսքը: Համեմատության համար նշենք, որ մեկ ապաստան հայցողը եվրոպական երկրների բյուջեի վրա նստում է տարեկան 8-10 հազար եվրո, իսկ մեզ մոտ` դրա հարյուրապատիկից էլ պակաս:

Այս պահին հատուկ կացարանում քանի՞ ապաստան հայցող է ապրում և ինչ երկրների ներայացուցիչներ են:

– Մեր դիմումների աշխարհագրությունը բավականին ընդլայնվել է. դիմումներ ունենք, օրինակ, աֆրիկյան երկրներից, պատկերացրեք, անգամ, Կոտ դ’Իվուարից, ունենք նաև դիմումներ Սոմալիի, Չինաստանի, Կուբայի, Թուրքիայի քաղաքացիներից: Կացարանում ներկայումս մոտ 30 ապաստան հայցողներ կան, որոնց դիմումներն ընթացքի մեջ են: Դրանց մեջ կան աֆրիկյան որոշ երկրների, Իրանի, Թուրքիայի քաղաքացիներ: Սակայն ոչ բոլոր ապաստան հայցողներն են ապրում կացարանում: Կան մարդիկ, որոնք սոցիալական կապեր ունեն կամ բարեկամների տանն են մնում:

Բացի Ադրբեջանից բռնագաղթած հայերի և իրաքցիների ներհոսքից, ուրիշ ի՞նչ լուրջ ներհոսք է այս տարիներին եղել:

– Ադրբեջանից բռնագաղթածների ներհոսքից հետո, ինչպես նշեցի, հաջորդ մեծ ներհոսքը կապված էր իրաքցիների հետ: 2002-2005 թթ. այդ առումով շատ խիտ են, մենք տարեկան 200-300 դիմում էինք ստանում: Հիմա արդեն դիմումներն աստիճանաբար նվազում են: Երկրորդ փորձաքարը մեզ համար եղավ 2005 թ. լիբանանաիսրայելական հակամարտությունը: Հետաքրքիրն այն է, որ հակամարտող երկու երկրներից էլ քաղաքացիները որպես պաշտպանության վայր ընտրում էին Հայաստանը: Ճիշտ է, դրանց մեծ մասը հայեր էին, բայց քիչ չէին նաև արաբները, որոնք կարող էին ընտրել հարևան արաբական երկրները: Կարելի է ենթադրել, որ նրանք նախապես հետաքրքրվել էին, իմացել, որ այստեղ կայացած համակարգ գոյություն ունի: Երրորդ փորձաքարը մեզ համար եղավ 2008 թ. օգոստոսի վրաց-օսեթական հակամարտությունը: Այդ ժամանակ մենք մոտ 140 դիմում ստացանք, հիմնականում` Վրաստանի քաղաքացիներից, որոնց մեծ մասը, իհարկե, հայեր էին, բայց կային նաև վրացիներ: 2000 թվականից մինչ օրս գործակալությունը ստացել է մոտ 2000 դիմում, որոնցից 1000-ը իրաքցիների բաժինն է: Դրանց մեջ անհատական դիմումների քանակը շատ փոքր է:

Դիմումների քանի՞ տոկոսն է մերժվում կամ ընդունվում, և ի՞նչ հանգամանքներ են որոշիչ լինում:

– Քաղաքական ճգնաժամի, անկայունության, պատերազմների պատճառով զանգվածային դիմումները հիմնականում ընդունվում են: Անհատական դիմումների դրական որոշումները շատ քիչ են` 10-ից 1-ը: Սակայն մերժելու դեպքում մենք նրանց մի արտոնություն ենք տվել, որը, ի դեպ, մեր նախաձեռնությունն է և միջազգային որևէ պարտավորության հետ կապված չէ. որպեսզի մերժվողները հնարավորություն ունենան որոշումը դյուրությամբ բողոքարկել դատական ատյաններում, մենք նրանց հայցերն օրենքով ազատել ենք պետական տուրքերից: Տարեկան մոտ 20-30 նման բողոքարկման դեպքեր ենք ունենում: Սակայն մինչ օրս չի եղել դեպք, որ դատական ատյանները մեր կայացրած վճիռները բեկանեն: Իսկ եթե դատարան չեն դիմում, ապա պարտավոր են 3 աշխատանքային օրվա ընթացքում լքել Հայաստանը: Ինչ վերաբերում է մերժման կամ ընդունման հիմքերին, ապա խմբակային դիմումները` կապված երկրի ներքաղաքական վիճակի հետ, բավականին հեշտացնում են գործը: Այստեղ ամեն ինչ բացահայտ է, գիտես, թե այդ մարդիկ ինչ պատճառներով են դիմում քո երկրին, բայց կան բարդ դեպքեր: Հաճախ անձը դիմում է առանց անձնագրի ու վիզայի: Մենք նրան բերում ենք հատուկ կացարան և սկսում ճիշտն ու սխալը պարզելու բարդ գործընթացը: Նախ` հարցազրույցներ ենք անցկացնում, որոնք հատուկ տեխնիկա են պահանջում, ծագման երկրների մասին տեղեկութուններ ենք հավաքում, համապատասխան պատկան մարինների հետ ենք համագործակցություն, նրանցից տեղեկություններ ստացում: Այդ ամենի արդյունքում հավաքված տվյալները վերլուծում ենք, ապա մերժման կամ շնորհման որոշում կայացնում, որն օրենսդրությամբ ինձ է վերապահված:

Ադրբեջանից դիմումներ եղե՞լ են:

– Այո, սակայն զինծառայողներ են եղել, ոչ քաղաքացիական անձիք, և չի եղել դեպք, որ նրանց կարգավիճակ շնորհենք: Որպես կանոն, միջազգային կազմակերպությունները նրանց տեղափոխում են երրորդ երկիր:

Դիմումներն ընդունելու դեպքում որքա՞ն ժամանակ է տրվում ապաստան հայցողներին:

– Օրինակ` իսրայելա-լիբանանյան հակամարտության շրջանում մենք բոլորին էլ տվեցինք կարգավիճակ, սակայն հիմա իրավիճակն արդեն շտկվել է, և մենք, ըստ կարգի, նրանց տեղեկացնում ենք, որ պետք է վերադառնան իրենց երկրներ: Եթե նրանցից ոմանք ուզում են մնալ Հայաստանում, ապա պետք է այլ հիմքեր բերեն:

Առաջիկայում լարված քաղաքական իրավիճակ է սպասվում Իրանում: Նախատեսո՞ւմ եք ներհոսք և որքանո՞վ եք պատրաստ դրան:

– Երբևէ չես կարող կանխատեսել, թե ինչ ներհոսք կլինի: Բացի այդ, մի մասը կարող են իրենց բարեկամների, ծանոթների տանը տեղավորվել, մեծ ներհոսքերի դեպքում նաև միջազգային համերաշխության սկզբունք է գործում` ծանրաբեռնվածությունների համերաշխ բաշխման նպատակով: Ինչ վերաբերում է Իրանին, ապա Աստված չանի, որ այնտեղ պատերազմ լինի, քանի որ դա շատ առումներով լրջագույն խնդիր կարող է լինել Հայաստանի համար:

Սիրիայի քաղաքական ճգնաժամի հետևանքով ներհոսք կա՞ դեպի Հայաստան:

– Բարեբախտաբար` ոչ:

Դիտվել է 2375 անգամ:
Print Friendly

Leave a Reply