«Այսօրվա քվեարկությունը սրբապղծություն է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2012 15:38

Սրբապղծության պես բան է մարտի 1-ին քվեարկության դնել «արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  օրինագիծը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն  արեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Նա, մի կողմ դնելով այն հարցը, որ օրինագիծը հակասում է սահմանադրությանը, որ սահմանադրությունը միանշանակորեն արգելում է բանակի ներգրավումը ներքաղաքական իրադարձություններում, չի կարծում, որ սա լավ պատգամ է հասարակությանը ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ:

«Դա կարելի էր անել նոր խորհրդարանում, եթե կարիքը կար փոփոխությունների: Եվ առավել արտառոցն այն է, որ հենց այսօր` մարտի 1-ին, այդ օրենքը պետք է քվեարկվի: Այսիպիսի պատգամ է հասարակությանը հասցվում, որ տեսե’ք, հանկարծ մտքներովդ չանցնի որևէ դժգոհություն արտահայտել, քանի որ մենք արդեն ոչ միայն ոստիկաններով ու օլիգարխների ապօրինի թիկնապահներով ձեր վրա կհարձակվենք, այլ նաև բանակը կբերենք: Սա շատ վտանգավոր զարգացում է»,- նշեց «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը:

Իսկ ՀՀԿ ներկայացուցիչն  այս օրինագծի քվեարկությունը մարտի 1-ին կատարելը համարեց համընկնում, որին պետք չէ խնդիր դարձնել:

«Ես չէի ցանկանա, որ մենք այդ համընկնելը դարձնեինք խնդիր և զգայական դարձնենք խնդիրը: Եկե’ք հասկանանք, մեր երկրում այդ գործառույթները պե՞տք է օրենքի ուժ ստանան, թե՞ ոչ: Կարծում եմ` պետք է ստանան, անհրաժեշտ են: Վերջին հաշվով  զսպումների համակարգը պետք է գործի»,- նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Իսկ օրինագծի` սահմանադրությանը հակասել-չհակասելու հարցը պարզելու համար ՀՀԿ-ական պատգամավորը խորհուրդ տվեց դիմել սահմանադրական դատարան, կամ ներկայացնել հիմնավոր փաստարկումներ:

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply