Վիճահարույց օրինագիծն ընդունվեց բորբոքված կրքերի, աղմուկ-աղաղակի և փոխադարձ անվստահության մթնոլորտում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2012 14:51

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» վիճահարույց օրինագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության դնելուց առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողներին հորդորեց շատ ուշադիր լինել, որ քվեարկության ժամանակ հանկարծ պատգմավորները չքվեարկեն ուրիշի փոխարեն։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանն էլ, իրենց տեղերից վեր կենալով,  կանգնեցին ՀՀԿ–ի նստատեղերի գլխավերևում, որ վերահսկեն քվերակությունը, ինչը ՀՀԿ պատգամավորներին խիստ վրդովեցրեց։

Վահան Հովհաննիսյանն ասաց. «Այն, ինչ մենք տեսնում ենք լուսատախտակին, հետաքրքիր պատկեր է։ Այն, ինչ մենք տեսնում ենք դահլիճում, նույնպես հետաքրքիր պատկեր է։ Մեր խնդիրն այն է, որ մենք կարողանանք դրանք համեմատել, որովհետև դրանք չեն համընկնում, իսկ պատգամավորին ոչ ոք իրավունք չունի արգելել՝ դահլիճում որտեղ նստի, կանգնի կամ պառկի»։

«Ես խորհուրդ չէի տա դահլիճում պառկել»,-արձագանքեց Սամվել Նիկոյանը: Գալուստ Սահակյանն էլ հիշեցրեց, որ նման դեպքերի համար կանոնակարգը լուծում ունի: «Էդպես չի, որ պատգամավորն ինչ ուզենա՝ անի»,-ասաց նա։

Խոսակցությանը միացավ պատգամավոր Մանվել Բադեյանը. «Պատգամավորը որտեղ ուզի, ընդեղ կկանգնի, բայց էդ պատգամավորն էլ պիտի մտածի մի քիչ հարգելու մասին, իրա վրա չվերցնի բերդի նադզիռածելի ֆունկցիան, ինձ էլ դնի հանցագործի տեղ։ Ես ինձ վիրավորված եմ զգում, խնդրում եմ ինձ չվիրավորել։ Կարող են նայել, համեմատել տաբլոյի հետ, և եթե բողոքելու բան ունեն, թող բողոքեն։ Էս ի՞նչ ա, իրանք իրանց նշանակել են բերդի պե՞տ։ Բերդի պետերին չե՛մ սիրում»։

Ստյոպա Սաֆարյանը Սամվել Նիկոյանին հիշեցրեց, որ դահլիճում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո (պատգամավորների՝ ուրիշների փոխարեն քվեարկելու), այդ թվում և իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Նիկոյանը պաշտոնական դիրքորոշում է հայտնել հատուկ քննչական ծառայության առաջարկի կապակցությամբ՝ ասելով, որ պատգամավորը, ով մատնացույց է անում ուրիշի փոխարեն քվեարկությունը, նախ պետք է հայտարարի վահանակը պահելու մասին, հետո մատնացույց անի, թե ով ում փոխարեն է քվեարկել։ «Հետևաբար, համարեք, որ մեր պատգամավորներն իրականացնում են Ձեր որոշումը, և քիչ հետո ձեզ տեղյակ կպահեն, թե ով ում փոխարեն է քվեարկում»,-ասաց նա։

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց Դավիթ Հարությունյանը, սակայն Նիկոյանն ասաց, որ դրանից հետո դադարեցնելու է վարման կարգի վերաբերյալ ձայն տալը։ Դավիթ Հարությունյանը նախ խնդրեց չդադարեցնել վարման կարգով ձայն տալը՝ նշելով, որ պատգամավորների իրավունքն է ներկայացնել իրենց դիրքորոշումները, ապա ավելացրեց։ «Պատգամավորները կարող են դահլիճում ցանկացած տեղ կանգնել, այնուամենայնիվ տհաճ է զուտ բարոյական առումով, երբ ինչ–որ մեկը փորձում է քեզ վերահսկել, և ես կուզենայի ճշտել՝ արդյոք մենք կարո՞ղ ենք օգտագործել մեր քարտը՝ որևէ այլ տեղ տեղադրելու և ուրիշ տեղ քվեարկելու համար»,-հարցրեց նա։

Նաիրա Զոհրաբյանն էլ փորձեց հարցը փակել. «Մեր գործընկերներն իրավունք ունեն կանգնելու այնտեղ, որտեղ իրենք ուզում են, և դա չպիտի խոչընդոտի, որ խորհրդարանը շարունակի իր աշխատանքները։ Կարծում եմ, որ մենք կարող ենք անցնել մեր քվեարկություններին։ Իսկ ԱԺ կանոնակարգը չի՛ արգելում պատգամավորին, եթե նա իրեն վայելուչ է պահում… Գալուստ Սահակյանի հղումը վերաբերում էր այն դեպքերին, երբ պատգամավորն ինչ–որ բան է խախտում։ Կարծում եմ՝ ժամանակն է նրանց կանգնել–չկանգնելու վերաբերյալ դեբատը ընդհատել և անցնել քվեարկություններին»,-ասաց նա։

Սակայն, երբ Սամվել Նիկոյանը հիմնական զեկուցող Գրիգոր Մուրադյանին հրավիրեց ամբիոն՝ իր տեսակետը պատգամավորի առաջարկի վերաբերյալ հայտնելու համար, դա վրդովեցրեց պատգամավորներին, դահլիճում աղմուկ-աղաղակ տիրեց: Տիգրան Թորոսյանը հայտարարեց. «Ես ցավում եմ, բայց պիտի ասեմ, որ հենց հիմա խախտվում է ԱԺ կանոնակարգը։ Խնդրում եմ ուշադիր կարդալ կանոնակարգը, որը պահանջում է՝ քսան րոպե ընդմիջումից հետո որևէ այլ քայլ չանել, բացի քվեարկությունը՝ ո՛չ վարման կագի վերաբերյալ, ո՛չ հիմանական զեկուցող, ո՛չ հարակից զեկուցող՝ որևէ մեկը որևէ իրավունք չունի որևէ բառ ասելու քսան րոպե ընդմիջումից հետո։ Միայն նիստը վարողը պիտի հայտարարեր քվերակություն, և տեղի ունենար քվերակությունը։ Չի կարելի խախտել կանոնակարգը»,-բարկացավ նա։

Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Դե, ավանդույթներ կան, պարո՛ն Թորոսյան։ Ես ականջալուր եմ անում, և դուք ճիշտ եք ասում։ Պարո՛ն Մուրադյան, զբաղեցրեք Ձեր տեղը։ Կանոնակարգի համաձայն քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմ ի մասին» օրինագիծը»։

Ի վերջո օրինագիծը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվեց՝  ձայների 67 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Երբ հայտարարվեց հաջորդ հարցի քննարկմանն անցնելու մասին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մոտեցավ ամբիոնին և քննադատեց պատգամավորների պահվածքը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պահանջեց, որ Սաֆարյանը խոսի ոչ թե նախորդ քվեարկությունից, այլև քննարկվող օրինագծից։ Ստյոպա Սաֆարյանն էլ պատասխանեց, որ իր իրավունքն է խոսել այն թեմայից, ինչի մասին ցանկանում է։ Շարմազանովն այնքան բարկացավ, որ գոչեց. «Մնում էր՝ «Եվրատեսիլից» խոսեիք։ Ես գիտեմ՝ ինչ եմ անում, խելոք նստի՛ տեղդ»։

Դիտվել է 1798 անգամ:
Print Friendly

Leave a Reply