Րաֆֆի Հովհաննիսյանը ետ է վերցնում պատգամավորական մանդատը վայր դնելու մասին իր դիմումը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | September 30, 2009 15:44
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հետ է վերցնում պատգամավորական մանդատը վայր դնելու մասին իր դիմումը. քիչ առաջ նման հայտարարություն տարածեց «Ժառանգություն» կուսակցությունը:
Հովհաննիսյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարել էր սեպտեմբերի 7-ին` իր քայլը պատճառաբանելով կարևորագույն սկզբունքային ազգային հարցերի վերաբերյալ անձնական մոտեցումներով:
Հովհաննիսյանը դիմումը հետ վերցնելու մասին հայտարարության մեջ նշում է, որ տարիներ շարունակ աշխատել է ի շահ Հայոց ցեղասպանության միջազգային վերահաստատման, Արցախյան հանրապետության ճանաչման և առանց որևէ նախապայմանի մեր հարևանների հետ հարաբերությունների բնականոնեցման: Սակայն որոշել էր վայր դնել իր պատգամավորական մանդատը` «սույն տարրական սկզբունքներն անտեսող ներկա վարչակարգի գործողությունների պատճառով»:
Սակայն, ըստ Հովհաննիսյանի հայտարարության, Հայաստանի և Սփյուռքի հայերը բազմիցս հորդորել են իրեն վայր չդնել պատգամավորական մանդատը և «օգտագործել Ազգային ժողովի ընձեռած սահմանափակ ասպարեզը` գործելու համար հանուն ճշմարտության ու արդարության»:
«Ես հետ եմ վերցնում հրաժարականի իմ դիմումը` կենսակոչելու համար օրախնդիր այն հանձնառությունը, որով վերջին երկու տարիների ընթացքում «Ժառանգություն» խմբակցությունն անշեղորեն ապացուցել է իր հավատարմությունը՝ մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին, քաղաքական շարունակվող հալածանքների ու բանտարկությունների իսպառ բացառմանը, ինչպես և Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության արժանապատվության, ամբողջականության ու անվտանգության հրամայականին»:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ դեռևս չի կարող մեկնաբանել տեղի ունեցածը: Նա «Անկախ»-ին ասաց, որ հայտնի չէ նաև, թե ինչ քայլ է հաջորդելու:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն ասաց, որ Հովհաննիսյանի քայլը մեկնաբանության կարիք չունի: «ԱԺ-ում մեր կազմով շարունակելու ենք գործել հանուն Հայաստանի»,-ասաց նա:
Խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հավաքի էր, ուստի չկարողացավ պատասխանել «Անկախ»-ի հարցերին, իսկ Զարուհի Փոստանջյանն անհասանելի էր: Խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն էլ զանգին չպատասխանեց:






Facebook
Tweet This
Email This Post
