Սփյուռքի լրատվամիջոցները նախագահի այցն ուշացած ու աննպատակ են համարում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2009 16:09
spyurqi-zlm

Ձախից՝Դիեգո Կարամանուկյան, Մանուել Ադամյան, Գրիգոր Խոդանյան, Ահարոն Շխրտմյան

Սփյուռքը 90-95 տոկոսով դեմ է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը. այսօր  լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Սփյուռքի դիրքորոշման մասին՝ ասաց ԱՄՆ «Մասիս» շաբաթաթերթի քաղաքական հարցերի պատասխանատու Գրիգոր Խոդանյանը:

«5-6 աստղանի հյուրանոցներում տեղի ունենալիք ճաշկերույթները, որտեղ ավանդական կուսակցությունները 2- 3 սեղանով են ներկայացված լինելու, հնարավորություն չի տա Սփյուռքին` իր կարծիքն արտահայտելու»,-ասաց Խոդանյանը, իսկ նրա գործընկերներն ավելացրին, որ ճաշկերույթի ընթացքում խոսելու է միայն Սարգսյանը, և իրենք  արտահայտվելու հնարավորություն գրեթե չեն ունենալու:

«Ինձ համար անհասկանալի է այցի նպատակը, եթե ամեն ինչ արդեն որոշված է, ի՞նչ պիտի ասի, ի՞նչ պիտի լսի»,- ասաց Ուրուգվայի «Հայկական Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարամանուկյանը և ավելացրեց:

Լիբանանի «Արարատ» թերթի խմբագիր Ահարոն Շխրտմյանն էլ կարծիք հայտնեց, որ 7 օրը բավական չէ՝ Սփյուռքի 5 խոշորագույն համայնքներում ներկա լինելու և կարծիքներ լսելու համար: Նրա հավաստմամբ` Լիբանանում որևէ կառույց չկա, որ ողջունի այս արձանագրությունները, նույնիսկ եկեղեցին:

«Ուրուգվայում ևս բոլոր կազմակերպությունները դեմ են»,- ավելացրեց Կարամանուկյանը:

Լոնդոնի «Նոր սերունդի ձայն» ամսաթերթի գլխավոր խմբագիր Մանուել Ադամյանն էլ ասաց, որ շատ մտավորականներ իրենց հույսը դրել են Թուրքիայի խորհրդարանի չընդունելու վրա:

«Հայաստանի խորհրդարանը նման կազմով ոչինչ անել չի կարող, և ժողովրդավարության մասին խոսելն այստեղ ավելորդ է, քանի որ, 131 հոգուց միայն 7-8-ն են ընդդիմադիր…եթե հիմա Դաշնակցությանն էլ հաշվենք` հազիվ 20»,-ասաց նա:

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ բանախոսները ևս մեկ անգամ շեշտեցին իրենց կուսակցության դիրքորոշումը. իրենք սահմանի բացմանը դեմ չեն, դեմ են նախապայմաններով լի այս փաստաթղթերին, իսկ ՀՀ նախագահի` Սփյուռք կատարելիք այցը համարում են շատ ուշացած  ու աննպատակ:

Դիտվել է 2364 անգամ:
Print Friendly

Leave a Reply