“Մանր ու միջին օլիգարխները” բացառված չեն
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 1, 2012 13:02
“Գործարար աս վածներին մենք չպետք է չարիք համարենք, որովհետև երկրի տնտեսության զարգացնողը, վերջին հաշվով, մեր գործարարներն են` փոքր ու միջին բիզնեսն է: Այլ խնդիր է, որ նրանք չպետք է քաղաքականությամբ զբաղվեն: Մենք ասել ենք, ու կարծում եմ` հենց այդպես էլ կլինի, մեր համամասնական ցուցակներում մեծ օլիգարխներ չեն լինի”,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, բանավիճելով Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի հետ, հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նա նաև նշեց, որ միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ ընտրվելու իրավունքը տրված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու` այդ թվում նաև մեծահարուստի կամ գործարարի: Նրա ներկայացրած տեսակետին հակադարձեց “Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը և ասաց, որ իրենք գտնում են, որ ցանկացած մարդ պետք է զբաղվի իր գործով, բայց խոսում են այն մասին, որ չպետք է բիզնեսը սերտաճի իշխանության հետ, և օլիգարխները, մեծահարուստները, ի հեճուկս սահմանադրության, չպետք է ներխուժեն խորհրդարան և խորհրդարանում պաշտպանեն իրենց բիզնես շահերը:
“Մենք գտնում ենք, որ սա օրենքի տառ է, որ պետք է հարգել: Եվ այն, որ իշխող կուսակցության խոսքն ու գործը չեն համընկնում, մեզ ցույց տվեցին երեկվա զարգացումները` համամասնական ընտրակարգին անցնելու: Այսինքն` առաջին և ամենահարմար առիթն էր` խորհրդարանում ձերբազատվելու մեծ գործարարներից: Դա համամասնական ընտրակարգի անցնելն էլ և արդեն ցուցակում քաղաքականն գործիչներին ներառելը: Մերժելով այդ առաջարկը, որն ուներ հասարակության բացահայտ աջակցությունը, ՀՀԿ-ն ցույց տվեց, որ դեռևս լիովին պատրաստ չէ իրականացնել այն ցանկությունները, ինչի մասին խոսվում է”,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:






Facebook
Tweet This
Email This Post
