Հանրային խորհուրդը նախագահին զեկուցեց, որ արձանագրություններն ընդհանուր առմամբ դրական են գնահատվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2009 15:24

Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում նախապայմաններ չկան և սահմաննների բացումը բխում է 2 երկրների կենսական շահերից. այսպիսին էր ասօր նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրային խորհրդի (ՀԽ) հանդիպման եզրակացությունը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց, որ Խորհրդի գրեթե  բոլոր անդամները կողմ են  սահմանների բացմանը: Մանուկյանը նշեց, որ ՀԽ-ն հանրագումարի է բերել սահմանների բացման բոլոր դրական և բացասական հետևանքները և պարզել է, որ դրական կողմերն ավելի շատ են:

«Երկխոսությունը Թուրքիայի հետ այլընտրանք չունի, բայց այս ճանապարհով գնալու համար պետք է ազգային միասնություն` նաև Սփյուռքի հետ»,- ասաց Մանուկյանը` հավելելով, որ իշխանությունները պետք է երաշխիքներ տան, որ սահմանների բացման դեպքում էլ կպահպանեն Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ներկայիս քաղաքականությունը և կշարունակեն օժանդակել Ցեղասպանության ճանաչման համար պայքարող կառույցներին:

ՀԽ անդամ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` Սփյուռքի գոյությունը մեծապես հիմնված է կորսված հայրենիքի և Ցեղասպանության ճանաչման գաղափարի վրա: Ըստ նրա` արձանագրությունների վավերացումը կարող է վտանգել Սփյուռքում հայապահպանության գործընթացը:

Սարգսյանը, անդրադառնալով այս խնդրին, նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող դառնալ Սփյուռքի հայկական համայնքների ուծացման (ձուլման) պատճառ: «Նույնիսկ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը չի կարող նպաստել ուծացմանը, այլապես Թուրքիան վաղուց ճանաչած կլիներ»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ ուծացման ընդհանուր պրոցեսը միշտ էլ եղել է և դրա դեմ պետք է պայքարել նորագույն մեթոդներով:

Սարգսյանն ասում է, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը բնավ չի նշանակում Ցեղասպանությունը կասկածի տակ դնել կամ մոռանալ: Սարգսյանի խոսքերով` Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը կդանդաղեցնի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, սակայն դա «կխթանի Ցեղասպանության քննարկումը Թուրքիայի ներսում»:

ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանն էլ ասաց, որ սահմանների բացման դեպքում թուրքական ապրանքների գինը շատ քիչ կնվազի, ուստի և չի կարող սպառնալ հայկական ապրանքների մրցունակությանը: Սակայն նա նշեց նաև, որ Թուրքիան պատրաստվում է Իգդիրում ազատ տնտեսական գոտի ստեղծել: «Եթե սահմանների բացման դեպքում Հայաստանում էլ ազատ տնտեսական գոտիներ չստեղծվեն, լուրջ խնդիրներ կունենանք»,- ասաց նա:

Մուսայելյանի խոսքով` ներկայիս արձանագրություններն այլ երկրների կողմից Թուրքիայի վրա ազդեցության արդյունք են, ոչ թե ներքին պահանջարկի: Ուստի և Թուրքիայում շատ ավելի մեծ հակազդեցություն են առաջացրել այս փաստաթղթերը:

Նախագահ Սարգսյանը, սակայն, ընդգծեց, որ Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու որևէ պարտադրանք չի եղել:

Խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն էլ ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ցանկալի կլիներ՝ավելի դանդաղ զարգանար, որպեսզի Հայաստանը կարողանար պատրաստ լինել` հնարավոր ռիսկերին դիմակայելու համար: «Մեր առջև է Եվրոպան, որի էթնոսը տարեցտարի փոխվում է, այս պարագայում մեր փոքր երկիրը ինչպե՞ս պետք է դիմակայի ժողովրդագրական էքսպանսիային»,- հարցրեց Դանիելյանը:

Սարգսյանն էլ հակադարձեց, որ ժողովրդագրական էքսպանսիայի համար սահմանների բացումը պարտադիր չէ. դա կարող է տեղի ունենալ նաև փակ սահմանների պայմաններում:

ՀԽ անդամ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն էլ ասաց, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն Ղարաբաղի հարցի լուծման համար, քանի որ կվերանա Հայաստանի ապաշրջափակումը: Ըստ Հարությունյանի` Ադրբեջանի համար Հայաստանի շրջափակված լինելը հաղթաթուղթ է և նպաստում է ռազմատենչ հայտարարություններին:

Սարգսյանն էլ ի պատասխան նշեց, որ արձանագրությունում Ղարաբաղին վերաբերող որևէ նախապայման չկա: «Ղարաբաղի խնդիրը ևս պետք է լուծենք, սակայն այնպես, ինչպես տարիներ շարունակ: Իսկ եթե պետք լինի, նաև ազգովին կռվի դուրս կգանք»:

Դիտվել է 2054 անգամ:
Print Friendly

Leave a Reply