Հայկական կողմը չի պատրաստվում որևէ լրացում կամ փոփոխություն առաջարկել համաձայնագրերում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2009 14:46

Գագիկ Մինասյանն արդարացնում է նախագահի քայլերը

Հոկտեմբերի 1-ին հանրապետության նախագահը կմեկնի համահայկական շրջագայության:

«Սփյուռքի մեր ազգակիցները ուզում են հանրապետության առաջին դեմքի շուրթերից լսել Թուրքիայի հետ ներկայումս ընթացող բանակցություններիր մասին»,-այսօր ասաց ԱԺ ֆինասավարկային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Միևնույն ժամանակ հայկական կողմը, ըստ Մինասյանի, չի պաստրաստվում որևէ լրացումներ և փոփոխություններ առաջարկել համաձայնագրերում: «Եթե մենք հանդես գանք որևէ բան փոխելու առաջարկությամբ, թուրքական կողմը ևս հանդես կգա մեկ ուրիշ լրացում անելու առաջարկությամբ,- ասում է Մինասյանը,- Իսկ ես չեմ կարծում, որ դրանից Հայաստանն ու Թուրքիան կշահեն, մենք կհեռանանք խնդրի լուծումից, իսկ Ադրբեջանը կշահի»:

Իսկ այն հարցին, թե այդ դեպքում ինչ իմաստ ունի Սփյուռքի կարծիքը լսելը, Մինասյանն ասաց, որ «նախագահը պետք է լսի բոլոր այն մտահոգությունները, որ ունեն մեր ազգակիցները և անձամբ պատասխանի նրանց հարցերին»:

Մինասյանի կարծիքով՝ գործընթացի հիմքում չկա որևէ դրույթ, որը ոտնահարում է Հայաստանի ազգային շահը. «իսկ դրա հետևանքով ստացված տնտեսական շահն ակնհայտ է»:

Նա ասում է, որ սահմանի բացումը, անշուշտ, ենթադրում է մարտահրավերներ՝ հայկական տնտեսությանը, սակայն աշխարհում շատ երկրներ կան, որոնք գտնվում են նույնատիպ պայմաններով հարաբերությունների մեջ իրենց հարևանների հետ: «Իսկ նոր իրողությունները պահանջում են օրենսդրական նոր փոփոխություններ, որն անպայման կարվի»,-ասում է Մինասյանը:

Մինասյանը կառավարության հաստատած բյուջեն համարում է իրատեսական և այս տարվա մակրոտնտեսական ցուցանիշերին համահունչ:
Դրամի փոխարժեքի տատանումը, որ արձանագրվել է վերջին 20 օրում, Մինասյանը համարում է օրինաչափ երևույթ, որ հատուկ է աշխարհի բոլոր երկրներին: «Դոլար-դրամ հարաբերությունը մնացել է կայուն»,- ասաց Մինասյանը:

Սերժ Սարգսյանը մեկշաբաթյա այցելությունների շարքը սկսելու է Փարիզից, որից հետո կայցելի Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ ու Դոնի Ռոստով հայկական մեծ գաղթօջախներ:

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply