«14 տարեկանից աշխատում եմ, հոգնել եմ»
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | February 29, 2012 23:50
«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է հարցազրույց հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հետ, որը ներկայացնում ենք կրճատումներով:
ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը /Լֆիկ Սամո/ Գերմանիայում քիթը վիրահատելուց և թարմ մտքեր ծնելուց հետո վերջնական որոշում է կայացրել առաջադրվել Երևանի թիվ 7 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե հաջորդ խորհրդարանում գործարարարները ներկայացված չեն լինելու, բայց, ինչպես միշտ, իրականությունն այլ է:
– Պարոն Ալեքսանյան, Դուք անընդհատ հայտարարում էիք, որ եթե բնակչությունը ցանկանա, այդ դեպքում նոր կառաջադրեք ձեր թեկնածությունը: Հիմա ո՞նց համոզվեցիք, որ բնակչությունը ցանկանում է, որ Դուք առաջադրվեք:
– Այո, ես ասել եմ, որ եթե ժողովուրդը ցանկանա, կդնեմ, հիմա էլ համոզվել եմ, որ ցանկանում ա, ես էլ դնում եմ:
– Ո՞նց համոզվեցիք, որ ցանկանում է:
– Որովհետև եկան, ինձ ասեցին` պարոն Ալեքսանյան, Դուք պետք ա պարտադիր լինեք մեր համայնքի դեպուտատը: Ի՞նչ անեի: /…/
– Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում գտնվող մյուս ընտրատարածքներում էլ Ձեր փեսային եք ուզում առաջադրել: Այո՞
– Այո, Նահապետյան Կորյունն է առաջադրվում:
– Այսինքն, մյուս ընտրատարածքներն է՞լ եք բրոնյա արել:
– Բրոնյա չենք արել, ժողովուրդն ա արել:
– Բայց չէ՞ որ ընտրատարածքներն էլ Ձեր քավորինն է` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանինը: Չի՞ նեղանա, մտավախություն չունե՞ք հարաբերություններ փչացնել:
– Քավորս չի ուզում էլ դնի հիմա:
– Ինչու՞, տեղյա՞կ եք:
– Քավորս ֆռֆռում է հիմա Բաթումիներով, Օդեսաներով: Լրիվ տուրիստ ա դառել:
– Դուք իր հետ խոսել եք և ճշտել, որ նա այլևս չի՞ ուզում պատգամավոր դառնալ:
– Ինքը չի ուզում, չէ’, ինքը չի նեղանա, ինքը ինչի՞ պիտի նեղանա ինձնից:
– Դե որ ընտրատարածքից այլ մարդու եք ուզում պատգամավոր դարձնել, դրա համար:
– – Ցավդ տանեմ, ինքը չի ուզում դնի, էլի: Ինքը հիմա ասում ա. «Ես հերիք ա աշխատեմ, դուք աշխատեք, ես ֆռֆռամ»: /…/
– Դուք հայտարարել էիք, թե Ձեր կինն է հովանավորել, որ գնացել եք Գերմանիա` վիրահատվելու: Արդեն այդքան հարու՞ստ է Ձեր կինը:
– Հիմա վիրահատության փո՞ղ էլ չունենա: Կինս էդքան աշխատում է:
– Դուք նրան չե՞ք օգնել, որ «Երևան սիթի»-ները կայանան:
– Որ ժամանակին բիզնես էի անում, օգնել եմ, բայց հիմա ես բիզնես չեմ անում, ինքն ա անում: /…/
– Իսկ չե՞ք փոշմանել, որ բիզնես կյանքը` իր ողջ հետաքրքրությամբ թողել ու մտնում եք քաղաքականություն, որտեղ դատարկություն է:
– Ես հոգնել եմ էդ բիզնեսից: 14 տարեկանից աշխատում եմ: Հլը մի հատ հաշվե’ք` քանի տարի եմ աշխատել: Մեղք եմ:
Թամարա Միքայելյան






Facebook
Tweet This
Email This Post
