Պարզ խոսենք

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 29, 2012 23:06

Լեզվաբանական պատերազմների սիրահարներին միանգամից հուսահատեցնեմ. վերնագիրը լինգվիստիկայի հետ ոչ մի կապ չունի: Ու չէի էլ հորդորի պարզ խոսել, եթե ամեն օր Ֆեյսբուքիս էջը բացելով, չտեսնեի վերլուծությունը, թե ինչու է Վարդան Օսկանյանը մտել Բարգավաճ:

Ուզվում է: Գոյություն չունեցող այս բառի մասին մի անգամ գրել եմ, բայց երեւի առանձնապես հարկ էլ չկա բացատրություների: Բոլոր նախկին արտգործնախարարները քաղաքականությամբ են հիմա զբաղվում: Այո, շատ ճիշտ եք առարկում, Վահան Փափազյանն է բացառություն: Նա կոնյակի գործը միանգամից կպցրեց ու մի կողմ քաշվեց:

Բայց մնացածը զբաղվում են: Ու եթե ես էլ եմ ուզում զբաղվել, բնականաբար, պիտի մտածեմ` ինչպես մտնեմ խորհրդարան: Որովհետեւ շատ դժվար է Վարդան Օսկանյանին պատկերացնել փողոցում` Ազատության հրապարակում քաղաքականությամբ զբաղվելիս: Չեն հասկանա, կսկսեն սուլել:

Սեփական կուսակցություն չի ստացվի. բացի հայտնի սփյուռքահայ կնոջից, որը հավերժ ուղեկցում է նախկին արտգործնախարարին, էլ ո՞վ կմտնի: Հանրապետականները իմ կարիքը բացարձակ չունեն: Ընդհակառակը` թարս­թարս են նայում, թե ուր որ է թիկունքիցս իր սարսափելի անողոք ժպիտով կհառնի նախկին նախագահը, հիշեցնելով` ախր ես ձեզ աշնան ճտերի պես մեկ-մեկ եմ հաշվել, թրիս տակով եք մտել պառլամենտ…

Բա ո՞ւր գնամ: «Ժառանգությունում» արդեն մի նախկին արտգործնախարար կա: «Ազատ դեմոկրատներում» էլ կա, ընդհանրապես, ուր նայում ես` նախկին արտգործնախարարներ են…

Սակայն պետք է քննադատեմ իշխանություններին, որովհետեւ ընտրություններից առաջ ամենաճիշտը իշխանություններին քննադատելն է: Բայց մեղմ, գրեթե փաղաքշելու նման…

Այդպիսի երկու հնարավորություն կա` «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան»: «Օրինաց երկիրը» շատ վտանգավոր է` այդ կուսակցությունը ընտրությունից ընտրություն կորցնում է դիրքերը խորհրդարանում եւ մայիսից հետո ընդհանրապես պարզ չէ` տեղ կունենա արդյոք այնտեղ:

Մնաց «Բարգավաճ Հայաստանը», որը կարող է ինձ համար տեղ ապահովել ընդհուպ մինչեւ խորհրդարանի փոխխոսնակ, վատագույն դեպքում` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար: Իսկ դուք ասում եք` հայ­-թուրքական արձանագրություններ, Ղարաբաղի հարց, տնտեսական հարցում անհամաձայնություն…

Լավ էլի, պարզ խոսենք…

Լրագրող Արմեն Դուլյան
http://www.ejournal.am/news/internal-affairs/2012-02-29/657/

Դիտվել է 1939 անգամ:
Print Friendly

Leave a Reply