Հայերին վիրավորող ակցիային մասնակցած Թուրքիայի ՆԳ նախարարի դեմ դատական հայց է ներկայացվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 29, 2012 21:24

Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը եւ «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժումը Ստամբուլում փետրվարի 26-ին տեղի ունեցած հակահայկական ակցիայի կազմակերպիչների եւ այդ ակցիայի ժամանակ ելույթ ունեցած Ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի դեմ դատական հայց են ներկայացրել։

Հայցում նշվել է, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում «Խոջալուի կոտորած» կոչվող իրադարձությունների հիշատակման ժամանակ պարզած կարգախոսները վիրավորանք եւ հարձակում էին մեծ տառապանքներ կրած ժողովրդի էթնիկ ինքնության դեմ։ «Ակցիայի ժամանակ արված լուսանկարներում երեւում է, որ պարզած են եղել հանցանքի տարրեր պարունակող կարգախոսներ՝ «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք եք», «Հայ եք, մարդասպան եք» եւ այլն։ Հիշյալ կարգախոսները ներառում են Թուրքիայի քրեական օրենսգրքի  216-րդ հոդվածի հատկանիշները (Ժողովրդի դեմ քին եւ թշնամություն հրահրել եւ ստորացնել), ինչպես նաեւ Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրի «Այլատյացության» մասին օրենքը։ Այդ կարգախոսները չարգելելու համար պատասխանատու են ակցիայի կազմակերպիչները»,-նշվել է հայցում։

Հայցի հեղինակները շեշտել են, որ բողոքի ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի ՆԳ նախարար Իդրիս Նաիմ Շահինը, ում ելույթն ամբողջությամբ կազմված է եղել հայ ժողովրդի դեմ քին եւ ատելություն սերմանող արտահայտություններից։ «Նախարարի ելույթը ծայրաստիճան վտանգավոր, կողմնակալ եւ խտրական էր, որի պատճառով որոշել ենք ներկայացնել այս հայցը»,-ասվել է հայցում։

Նշենք, որ Թուրք նախարարն իր հայտարարության մեջ ասել է. «Այդ օրը արյուն է թափվել, սակայն դրա պատասխանը չի տրվել։  Այդ արյունը գետնին չի մնալու։ Այդ արյան հաշիվը միասին պահանջելու ենք Ստամբուլում, Բաքվում եւ այլուր»։

NEWS.am

Դիտվել է 1815 անգամ:
Print Friendly

Leave a Reply