Մեկամյա սփյուռքի նախարարությունը կաշխատի եռապատկված բյուջեով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 30, 2009 15:04

Այսօր, ամփոփելով մեկամյա Սփյուռքի նախարարության գործունեությունը, նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ նախարարության առջև դրված կարևորագույն ծրագրերն իրականացվել են:

«Ամենամեծ  ձեռքբերումը նախևառաջ նախարարության ստեղծումն էր, Սփյուռքի հետաքրքրությունն ու վստահությունը նախարարության հանդեպ,-ասաց նախարարը,-այնուհետև մասնագիտական համաժողովների անցկացումը, «Արի տուն» ծրագրի իրականացումը, որի շնորհիվ 300 սփյուռքահայեր ժամանեցին Հայաստան»:

Ամենամեծ դժվարությունը, ըստ նախարարի,  փորձի պակասն է, քանի որ նախարարության աշխատակիցներից ոչ բոլորն են սփյուռքագետներ:

«Դժվար է նաև 30.000 սփյուռքյան կառույցի հետ աշխատելը,-նշեց նախարարը,-իսկ մեր նախարարությունը ոչ մի ծրագիր չի իրականացնում` առանց Սփյուռքի կարծիքը հաշվի առնելու»:

Նախարարի խոսքով` առաջիկայում բազմաթիվ ծրագրեր կան, որոնք պետք է իրականացվեն, հատկապես որ նախարարության փոքրիկ բյուջեն (մոտ 80 մլն դրամ) եռապատկվել է՝դառնալով մոտ 244 մլն դրամ:

Սփյուռքի նախարարությունում գործում է թեժ գիծ` (ԱՄՆ՝ /1818/4806740 և Հայաստան՝585601 ), որի միջոցով յուրաքանչյուր սփյուռքահայ կարող է իր խնդիրը հասցնել նախարարին և լուծում ակնկալել:

Սփյուռքահայ Սարգիս Հացպանյանի խնդրի վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին Հակոբյանը պատասխանեց, որ «մեր երկրում պետք է հարգեն օրենքները, և եթե սփյուռքահայը օրենքը խախտում է, մենք ոչինչ անել չենք կարող»:

Դիտվել է 1418 անգամ:
Print Friendly

Leave a Reply