Բնապահպանության նախարարը Փոստանջյանին թվարկեց, թե ինչ քաղաքաշինական նորմատիվների է տիրապետում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 29, 2012 18:39

Այսօր Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցեր բարձրացրեց Քաջարանի, Թեղուտի և Մաշտոցի պուրակի խնդիրների վերաբերյալ: «Քաջարան գյուղի ամբողջ համայնքը պահանջում է, որ այդ որոշումն անվավեր ճանաչվի, քանի որ հանրային գերակա շահ գոյություն չունի, ինչը վկայել է նաև գործարանի տնօրեն Մաքսիմ Գասպարյանը»,-ասաց նա:

Բարձրացված հարցին պատասխանեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտնելով, որ Քաջարանի տարածքների հարցը դեռևս քննարկվում է, և դրա վերաբերյալ վերջնական որոշում չկա:

Ինչ վերաբերում է Թեղուտի հարցին և Փոստանջյանի այն պնդմանը, որ ՀՀ կառավարության դեմ Օրհուսի կոնվենցիայի դրույթները խախտելու համար արդեն 2 բողոք կա, Արամ Հարությունյանը չհամաձայնեց: Նա նշեց, որ Հայաստանի վերաբերյալ հարց է բարձրացվել միայն որոշումներ կայացնելուց առաջ խնդիրը հանրային քնարկման ներկայացնելու և լսումներ անցկացնելու առումով:

«Մաշտոցի այգում տեղադրված բուտիկներն անօրինական են, և հասարակության մի զգալի զանգված պահանջում է, որ դրանք այնտեղից հանվեն»,-Երևանի գլխավոր պողոտայի հարակից այգում ստեղծված իրավիճակի մասին բարձրացված հարցում նշեց Փոստանջյանը, ապա հարցրեց-արդյո՞ք դուք` որպես բնապահպանության նախարար, տեղյակ եք, որ ՀՀ-ում գործող օրենքի համաձայն, յուրաքանչյուր շինարարական գործունեություն պետք է կատարվի ծառից առնվազն 5 մետր հեռավորության վրա, մինչդեռ այդ այգում տասնյակ ծառեր գերեվարված են բետոնի և երկաթի մեջ»:

Բնապահպանության նախարարին, ըստ երևույթին, շատ վրդովեցրեց բնապահպանական նորմի իմացության վերաբերյալ հարցադրումը և նա սկսեց թվարկել, թե քաղաքաշինական և բնապահպանական ինչ նորմատիվների է տիրապետում` միաժամանակ նշելով, որ պատրաստ է դրանց վերաբերյալ Փոստանջյանի հետ երկար բանավիճել: Բարեբախտաբար, Հարությունյանին տրամադրված ժամանակը սպառվեց:

Դիտվել է 1605 անգամ:
Print Friendly

Leave a Reply