Թուրքագետ. «Թալեաթից մինչև Էրդողան թուրքական քաղաքական միտքը որևէ էվոլյուցիա չի ապրել»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 29, 2012 16:50

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամները չեն ժխտում Հայոց ցեղասպանության փաստի իրողությունը, սակայն  դեմ են արտահայտվում նրան օրենսդրական կարգավիճակ տալուն. Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի կայացրած որոշումն այսպես է մեկնաբանում թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով` պետք է տարբերակել քաղաքական և իրավական գնահատականները: Ֆրանսիա պետությունը վաղուց բարձրագույն մակարդակով իր գնահատականը տվել է` Ցեղասպանությունը ճանաչելով որպես անհերքելի փաստ: Այլ հարց է իրավական հարթությունը:

Թուրքագետը կարծում է, որ կիրառվել են երկակի ստանդարտներ` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական է, իսկ Հոլոքոստի ժխտումը քրեականացնողը` ոչ: Հետևաբար, եթե գործում է անկեղծ իրավական մոտեցում, ապա Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը նմանատիպ մի որոշում էլ պետք է ունենա Հոլոքոստի վերաբերյալ:

Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի որոշումը Թուրքիան համարում է իր հաղթանակը. Այնտեղ երկու օր է, ուրախություն է տիրում:

«Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի որոշումը նպաստում է Թուրքիայում ազգայնամոլական տրամադրությունների աճին, ծայրահեղական մտածողությամբ մարդկանց շատանալուն,- կարծում է Մելքոնյանը`հավելելով, որ 1915-ի և ներկայիս թուրքական իշխանությունների մտածելակերպի միջև որևէ տարբերություն չկա:-Թալեաթից մինչև Էրդողան թուրքական քաղաքական միտքը  որևէ էվոլյուցիա չի ապրել»:

Մելքոնյանի կարծիքով` օրենքի նախագիծը հակասահմանադրական ճանաչելու մի քանի պատճառներ կան:  «Գործեց արևելյան կաշառատվության բացահայտ մեթոդը» ,- ասում է Մելքոնյանը` մատնանշելով, թե վերջին շրջանում ֆրանսիական քանի պաշտոնյա է այցելել Բաքու և Անկարա և արժանացել շքեղ ընդունելության: Բացի այդ` «մերձավոր արևելքում տեղի է ունենում թուրք-ֆրանսիական հարաբերությունների հստակեցում: Թուրքիային մերձավոր Արևելքում վերապահված է որոշակի դեր»: Թուրքիան իր  դերակատարումն ունի արաբական գարնան գործընթացներում, և ֆրանսիայի սահմանադրական խորհրդի որոշումը նաև հատուցում էր Թուրքիային իր դերակատարության համար:

Թուրքագետի խոսքով` եթե օրինագիծը նորից մտցվի շրջանառության մեջ, Թուրքիան կներդնի իր մնացած լծակները: Նրա խոսքով` Սարկոզին  օրինագիծն օգտագործելու է նախընտրական շրջանում` փաստելու համար,  որ տեր է իր խոստմանը:

Իսկ Հայոց Ցեղասպանության ճանաճման գործընթացը, Մելքոնյանի կարծիքով, շարունակական է լինելու. հաջորդը Գերմանիան է, որը քաղաքական որոշում կկայացնի:

Դիտվել է 1697 անգամ:
Print Friendly

Leave a Reply