Պարգևատրվեցին 3 կմ ոտքով հաղթահարած հրշեջ-փրկարարները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 29, 2012 15:59

Փետրվարի 29-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պարգևատրեց փետրվարի 21-ին Արագածոտնի մարզում հղի կնոջն օգնության հասած և ձյան միջով 3 կմ նրան պատգարակով մինչև շտապօգնության մեքենա հասցրած 8 հրշեջ-փրկարարներին։

Ֆիզիկական և մասնագիտական լավ պատրաստվածության համար հրշեջ-փրկարարներ` Արագածոտնի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանը, նրա տեղակալ Վարդգես Բոյաջյանը, ենթասպա Նարեկ Պողոսյանը, սերժանտներ Արամ Ավագյանը, Ռուբեն Սարգսյանը, Գագիկ Կիրակոսյանը, Հովհաննես Հակոբյանը և Կարեն Թովմասյանը ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով պարգևատրվեցին 50 000-ական դրամով:
ԱԻ նախարար Արմեն երիցյանը բարձր գնահատեց հրշեջ-փրկարարների մասնագիտական պատրաստվածությունը և նրանց դիմելով ասաց.
– Շատ ուրախ եմ, որ իմ կողքին կան ձեր նման տղաներ, սպաներ, և տխուր եմ, որ դեռ չունենք այն տեխնիկական հագեցվածությունը, որով կարելի կլիներ ոչ թե ոտքով այդ 3 կիոմետրը հաղթահարել, այլ համապատասխան մեքենաներով: Ես ձեզ խոստանում եմ, որ արդեն այս տարի մենք կունենանք ամենագնաց մեքենաներ և ձնագնացներ, որոնցով ավելի արագ և հեշտ կլինի նման պայմաններում տուժածին օգնություն ցուցաբերել:

Պարգևատրման ժամանակ 8 հրշեջ-փրկարարները նաև դրամական խրախուսանք ստացան գործարար Ռոլանդ Դանիելյանի կողմից` 40 000-ական դրամի չափով:
–    Լուրը լսելուց հետո ես շատ ողջունեցի տղաների նման քայլը և իմ կողմից ևս որոշեցի պարգևատրել նրանց։ Կարծում եմ` հասարակությունը պիտի տա նման անձնվեր աշխատանքի գնահատականը – նշեց Ռ. Դանիելյանը:

Փետրվարի 21-ին, ժամը 14.56-ին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս-Ալագյազ գյուղերի ճանապարհահատվածին ձնակույտի մեջ է մնացել թրթուրավոր տրակտոր` երեք ուղևորներով, որոնցից մեկը վատառողջ է։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ժամը 15.11-ին Ծաղկահովիտից դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ£ Ժամը 15.42-ի սահմաններում փրկարարները հասել են Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկ. ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած մոտ 3 կիլոմետր ճանապարհը փրկարարները հաղթահարել էին ոտքով։
Պարզվել էր, որ ուղևորուհի` 20-ամյա Գյուլնարա Ֆարոյանին անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց։ Ժամը 16.45-ի սահմաններում հրշեջ-փրկարարները նրան պատգարակով հասցրել էին Ճարճակիս-Ալագյազ գյուղերի խաչմերուկ, որտեղից էլ ավտոմեքենայով տեղափոխել Ապարան քաղաքի հիվանդանոց։

–    Ձյան շերտն այնքան հաստ էր, որ ոչ մի մեքենայով հնարավոր չէր  անցնել այդ հատվածը, և մենք ստիպված ոտքով ենք հղի կնոջը տեղ հասցրել: Մենք պատրաստ էինք այդ քայլին, որովհետև դա մեր մասնագիտական պարտականությունն է,- ասաց ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանը:
Փրկարարները նշեցին, որ միշտ էլ պատրաստ են ցանկացած իրավիճակում օգնության հասնել եւ հնարավոր ու անհնարին ամեն ինչ անել` մարդկանց փրկության համար:

Միջոցառման ժամանակ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ԱԻՆ դիպլոմներ հանձնեց լավագույնը ճանաչված ԱԻՆ Երևանի փրկարարական վարչությանը և Երևանի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատին:


Դիտվել է 1478 անգամ:
Print Friendly

Leave a Reply