Սյունիքի մարզում կկառուցվի սրտաբանական կենտրոն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 11, 2009 14:05

himnadram2«Հայաստան» համահայկական հիմնադրամը Սյունիքի մարզում` Գորիսի և Ակներ համայնքի տարանցիկ գոտում, կառուցում է սրտաբանական կենտրոն: Այն կդառնա Հայաստանի հարավային շրջանների և Արցախի բնակչությանը սպասարկող միակ սրտաբանական բուժհաստատությունը` գործելով որպես Երեւանի սրտաբանական կենտրոնի մասնաճյուղ:

Ծրագրի ֆինանսավորումը, որի նախնական արժեքը շուրջ 820.000 ԱՄՆ դոլար է, ստանձնել են հիմնադրամի` Ֆրանսիայի տեղական մարմինը, Մարսելի «Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միությունը և Ֆրանսիայի Բյուշ Դյու-Ռոն հարավային նահանգը: Գումարի զգալի մասը հիմնադրամին է կտակել ֆրանսահայ բարերար Գրիգոր Շահինյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկհարկանի հիվանդանոցը սկսել է կառուցվել մայիսի սկզբին. ներկայումս տարվում են հողային աշխատանքներ: Հիվանդանոցը կունենա գլխավոր մասնաշենք, պոլիկլինիկա եւ կաթսայատուն, որը կապահովի բուժհաստատության կենտրոնացված ջեռուցումը: Կենտրոնն օրական կսպասարկի 20 ամբուլատոր այցելուի, ևս 16 հիվանդ կստանան ստացիոնար բուժում: Հիվանդանոցին հարող տարածքը կբարեկարգվի ու կկանաչապատվի:

him2Ակներ համայնքի ղեկավար Սպարտակ Մինասյանի համոզմամբ` մոտ ապագայում սրտաբանական կենտրոն ունենալու փաստը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչը կհանգեցնի շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:

«Երեւան հասնելու փոխարեն հիվանդը կկարողանա համապատասխան բժշկական օգնություն ստանալ այս կենտրոնում, որը կապահովի մատչելի ու որակյալ բուժսպասարկում»,-նշել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply