« Ձե´րդ գերազանցություններ, իմաստուննե´ր և ամենագետնե´ր…». Լ. Ալավերդյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 29, 2012 13:24

Այս պահին խորհրդարանը քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որում առկա է արտակարգ դրության ժամանակ ՀՀ զինված ուժերն օգտագործելու դրույթը, երբ բանակը պետք է ներգրավվի առավելապես հատուկ պահպանության օբյեկտների պահպանության գործում և մասնակցի արտակարգ իրավիճակների կանխմանը: Հատուկ պահպանության օբյեկտներից են ատոմակայանը, նախագահի նստավայրը, Ազգային Ժողովը, դատարանները:

ԱԺ ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները, սակայն, դեմ են օրինագծի այդ դրույթին` պատճառաբանելով, թե այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ըստ որի քաղաքական գործընթացներին զինված ուժերի ներգրավելն անթույլատրելի է:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը քննարկման վերաբերյալ իր ելույթը սկսեց հետևյալ բառերով.« Ձե´րդ գերազանցություններ, իմաստուննե´ր և ամենագետնե´ր, հասկանում ենք, որ մենք և անձամբ ես` նվաստս, չենք կարող այդքան բան իմանալ, ինչքան դուք, բայց հստակ մի քանի բան կա, որ բոլորս միատեսակ ենք հասկանում, դա հետևյալն է`որևէ դեպքում Հայաստանի Հանրապետությունում բանակը չի կարող որևէ մեկի հրամանագրով կամ ազգային ժողովի որոշմամբ ընդգրկվել այդպիսի գործողությունենրի մեջ»,-հայտարարեց նա:

Լարիսա Ալավերդյանի համար պարզ չէ, թե որն է օրինագծի նպատակը և նշեց, որ  այն անուղղակի ձևով կասկածի է ենթարկում նորանշանակ ոստիկանապետի կարողությունները: «Եթե այդ խնդիրները հնարավոր չէ լուծել ոստիկանության և ազգային անվտանգության պետական կառույցների միջոցով, ուրեմն պարոն ոստիկանապետը պետք է բողոքի, որ իրեն նախապես չենք վստահում,-ասաց նա,-հետաքրքիր է, այդ ինչի՞ դեմ է դուրս գալու ժողովուրդը, այդ ի՞նչ է բորբոքվելու, որը չի կարելի հանգստացնել այքան ուժերով»:

Պատգամավորն առաջարկեց օրինագծի շուրջ կազմակերպել հանրային լսումներ:

ՀՅԴ խմբակվցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նույնպես նախագծում մի շարք իրավական անորոշություններ է տեսնում. Նախ, որ խաթարվում է սահմանարդական կարգը, արհամարհված է խորհրդարանը և այլն: «Յուրաքանչյուր պատգամավոր, ով կարդացել է այս նախագիծը, քաղաքական արժանապատվության ոտնահարում պետք է զգացած լինի, քանի որ խորհրդարանի անունը նշված է միայն այն դեպքում, երբ ՀՀ նախագահը արտակարգ դրություն մտցնելու որոշումը քննարկում է Ազգային ժողովի նախագահի հետ,-ասաց Լիլիթ Գալստյանը` նկատելով, որ այս նախագծով ՀՀ նախագահին վերապահված են «խալիֆի լիազորություններ և միանձնյա որոշումներ կայացնելու արտոնություն, ինչն անթույլատրելի է»,- մենք, փաստորեն, այս կամ այն անձի վրա հիմնված օրենքներ ենք բերում խորհրդարան»:

ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, սակայն, հակադրվեց ընդդիմադիր գործընկերների տեսակետներին` հայտարարելով, թե նրանք պարզապես լավ չեն հասկացել Սահմանադրությունը: Նա նաև նշեց, որ օրինագիծը մշակելիս ուսումնասիրվել է նաև միջազգայն փորձը, ըստ որի շատ երկրներում  սահամնադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում օգտագործվում են զինված ուժերը:

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply