Տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 29, 2012 13:09

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի հերթական նիստը։
Համաձայն հաստատված օրակարգի` «ԶՀԳ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ներկայացրել է գործակալության 2011 թ. տարեկան գործունեության հաշվետվությունը։ Մասնավորապես, անդրադարձ է արվել հաշվետու տարում ներդրումների ներգրավման, արտահանման խթանման ուղղությամբ իրականացված և ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների շրջանակում ԶՀԳ-ում կատարված փոփոխություններին: Նա տեղեկացրել է, որ 2011 թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 6 մլրդ ՀՀ դրամ (շինարարություն, վերականգնվող էներգետիկա և արտադրություն), արտահանման խթանումը` շուրջ 3.9 մլրդ դրամ (սննդարդյունաբերություն, բնական քարերի վերամշակում և այլն), կազմակերպվել են գործարար համաժողովներ և ցուցահանդեսներ, իրականացվել են տեղեկատվական օժանդակության աշխատանքներ: Ներկայացված հաշվետվությունը հաստատվել է խորհրդի կողմից:
Նիստում քննարկվել են արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման մեխանիզմին առնչվող հարցեր: Ամփոփելով հնչած առաջարկությունները` վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ԶՀԳ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին մշակել և հաջորդ նիստին ներկայացնել ռազմավարության իրականացման 2012 թ. միջոցառումների ծրագիր:
Մեկ այլ հարցով հավանության են արժանացել նաև «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2012 թ. միջոցառումների ծրագիրը և 2012 թ. ֆինանսական ծախսերի նախահաշիվը:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply