Որդիության կանխավարկածի վերջը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | February 29, 2012 11:16

Իշխանությունը բռնել է սահուն բռնապետության ուղին։ Թե՝ ինչպե՞ս, բացատրելն առանձնապես դժվար չէ։ Հայտնի է, որ մեր օրենքը թույլ չի տալիս հարազատին հարազատի դեմ վկայություն տալ։ Սակայն ԱԺ-ում շրջանառվող եւ 24 ժամվա մեջ ընդունվելիք օրինագիծը հենց այդ օրենքը ոչնչացնելու նախակարապետն է։

Որովհետեւ հենց ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասինե օրինագիծը, իշխանությունը շատ սահուն կարող է ԱԺ բերել Սահմանադրության 22-րդ հոդվածի 1-ին պարբերությունը՝ ոչ ոք պարտավոր չէ իր ամուսնու, իր մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալ, փոխելու մասին որոշում։ Ի՞նչ կապ ունեն իրար հետ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասինե օրինագիծը եւ Սահմանադրության 22-րդ հոդվածի 1-ին պարբերությունը։

Հայտնի է, որ մինչեւ հիմա բանակն իրավունք չուներ մասնակցել ներքին խժդժություններին։ 2008-ի մարտի 1-ին մասնակցեց եւ հետեւանքները հայտնի են։ Բանակում ծառայում են մեր մայրերի եւ հայրերի որդիները։ Նրանց վերապահված է պաշտպանել երկիրը, այսինքն, իրենց ծնողների կեցավայրը, արտաքին թշնամուց։ Բանակը չունի իշխանության կամ ընդդիմության զգացողություն։ Բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, քանի որ անխտիր բոլորի որդիներից ձեւավորվում է մեր բանակը։

Հիմա երբ բանակը, ըստ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասինե օրինագծի, դառնում է նաեւ թեկուզ պետական նշանակության օբյեկտների բնականոն կյանքի երաշխավոր, մեր ծնողների որդիները ներգրավում են իրենց հարազատների դեմ ցուցմունք տալու գործընթացին։ Այսինքն, կրակել սեփական ծնողների վրա, որոնք բողոքում են իշխանությունից, նրա ապօրինություններից,-քանի որ այդ ապօրինությունները՝ մասնավորապես, իշխանությունն ամեն գնով պահելու ճիգը իրեն կարող թույլ տալ միայն իշխանությունը,-բանակը դառնում է քաղաքական կողմ։ Եվ նա, ով հարազատի վրա կրակելու լիազորություն ունի, կունենա նաեւ նրա դեմ վկայություն տալու իրավունք։

Բանակը չի քննարկում, չպիտի քննարկի, թե ինչու են մեր հայրերը եւ մայրերը դժգոհում իշխանությունից, ինչու են դրա համար հասել ՀՀ նախագահի նստավայր, ԱԺ կամ ԿԸՀ։ Բանակին հանձնարարված է պահպանել այդ օբյեկտները, նա էլ պահպանում է։ Սակայն սա ամբողջ խորամանկությունը չէ։ Չէ որ ցանկացած ընդվզում իր մեջ բախման «լավաե ունի, այսինքն, բախումը «բլթբլթումե է հասարակության եւ իշխանության մեջ։ Այդ լարվածությունը ուժեղացնելու համար հասարակությունը ստիպված է գրոհել, թուլացնելու համար՝ բանակն ինքն է ստիպված գրոհել, որպեսզի մեր մայրերին եւ հայրերին, նուրբ ասած, իրենց տեղը դնի։ Այսինքն, թուլացնի լարվածությունը։ Հենց սա նկատի ուներ իշխանությունը, երբ ասում էր, որ եթե մարտի 1-ին չմիջամտեինք, զոհերն ավելի շատ կլինեին։

Հետեւաբար, բանակն այսպես թե այնպես կարող է գրոհել, քանի որ միայն արտաքին թշնամուն դիմագրավելու համար է, որ բանակն ունակ է պաշտպանվելու։ «Ներքին թշնամունե դիմագրավելու միակ տարբերակը նրան «դիրքերիցե հետ շպրտելն է։ Այսինքն, բանակն ինքը կարող է բախում սադրել ամեն ինչ արագ վերջացնելու համար։ Կարող են հակադարձել, թե ոստիկանությունում եւ ԱԱ-ում նույնպես մեր որդիներն են ծառայում, ինչու՞ եք որդիության կանխավարկածը տարածում միայն բանակի վրա։ Բայց ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում որդին հայտնվում է իր ընտրությամբ, իսկ բանակ տանում են զորակոչիկին նույնիսկ մկան ծակից գտնելով։ Չգնաց՝ դասալքության մեղադրանքը կախում են վզից։

Բայց օրինագիծը միայն խորամանկության սողանցքներով չէ հագեցած, այն նաեւ «պատմումե է, թե ինչ մեծ խնդրի առջեւ է կանգնած երկիրը։ Փաստորեն, իշխանությունը խոստովանում է, որ ոստիկանության եւ ԱԱԾ համակարգը մարդկային ներուժի խնդիր ունի։ Այսինքն, կամ մարդիկ չեն ուզում մտնել այդ համակարգեր, կամ արտագաղթը հասել է այնպիսի չափերի, որ նման միջոցառումների համար մարդուժի խնդիր կա։ Իսկ բանակը հեղինակության խնդիր չունի, մեր որդիներն ուզեն-չուզեն պիտի ծառայեն։ Այ էս հարկադիր ծառայողներն էլ, որոնք չեն ընտրել իրենց անելիքը, պետք է հանվեն սեփական մայրերի եւ հայրերի ու նաեւ եղբայրների դեմ։ Եվ կրակելուց հետո ոչ ոք զինծառայող որդուն չի հարցնելու՝ ու՞ր է եղբայրդ, Կայե’ն։

 

Սեյրան Հանոյան

Yerkir.am

Դիտվել է 1521 անգամ:
Print Friendly

Leave a Reply