Վալերի Բուայեն շարունակելու է պայքարել
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 29, 2012 10:56
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը մեծ հիասթափություն է ինչպես ֆրանսահայերի, այնպես էլ այն ֆրանսիացիների համար, ովքեր պայքարում են հանուն մարդու իրավունքների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի տարածած հայտարարության մեջ:
«Ինչպես Սահմանադրական խորհրդի ցանկացած որոշում, այս մեկը ևս Սահմանադրության մեկնաբանության վրա էր հիմնված, սակայն, նույնիսկ եթե հնարավոր չէ բողոքարկել, այն պետք է համարել շատ վիճելի»,- նշել է Բուայեն` շեշտելով, որ բազմաթիվ սահմանադրագետներ այդ օրենքը համարում են սահմանադրական, սակայն, ցավոք սրտի, նրանց ձայնը չի լսվել:
Ֆրանսիացի պատգամավորը նաև ընդգծում է, որ անընդունելի է գոյություն ունեցող անհավասարությունը, որ Ֆրանսիան դրսևորում է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության նկատմամբ: «Արտահայտման ազատությունը բացարձակ չէ, այն նույնպես հարաբերական է, ուստի այդ ազատության շուրջ կարող է ընթանալ օրենսդրական գործընաց»,- շեշտել է Բուայեն:
Նրա կարծիքով` եթե Սահմանադրության մեկնաբանությունը խտրականության տեղ է թողնում, ապա պետք է մշակել նոր օրինագիծ, ինչն արդեն հանձնարարել է նախագահ Սարկոզին: «Այս ամբողջ օրենսդրական գործընթացը շատ կարևոր էր մեր երկրի համար, և ես հպարտ եմ, որ մասնակցել եմ դրան` չնայած այն մեծ ճնշումներևի, որոնց ենթարկվել եմ»,- ընդգծել է Բուայեն:
Պատգամավորի համար Սահմանադրական խորհրդի որոշումը մի նոր խոչընդոտ է, որը պետք է ստիպի կենտրոնացնել ուժերը պայքարը շարունակելու համար: «Օտար, ժխտողական պետության կողմից գործադրվող ճնշումները վնասում են Ֆրանսիայի մեծությանը: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես շարունակելու եմ պայքարը մինչև վերջ»,- շեշտել է Վալերի Բուայեն:






Facebook
Tweet This
Email This Post
